Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ Ազգային ժողովի, Չեխիայի Խորհրդարանի պատգամավորների պալատի միջնորդությունների կոմիտեի, Չեխիայում ՀՀ դեսպանության, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Չեխիայի Ազգային թանգարանի հովանու ներքո, Չեխիայի Ազգային թանգարանի երաժշտության թանգարանի շենքում մարտի 9-ին տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի էջերին» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը. տեղեկացնում է armeniangenocide100-ը:
ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ ցուցահանդեսի բացմանը ելույթով է հանդես եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, որը, մասնավորապես, նշել է. «Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի անցկացումը մարդու իրավունքների պաշտպանության դասական օրինակ է: Կցանկանայի ընդգծել, որ այն ուղղված չէ որևէ երկրի, այդ թվում` Թուրքիայի դեմ, այլ անցկացվում է հանուն պատմական արդարության և ցեղասպանությունների միջագային ճանաչման և դատապարտման»:
ԱԺ փոխնախագահը հայ և չեխ ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման համար Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ կարդինալ Դուկային, հայ-չեխական միջխորհրդարանական կապերի ամրապնդման, զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության գործում նշանակալի ավանդի համար Չեխիայի Խորհրդարանի պատգամավորների պալատի միջնորդությունների կոմիտեի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովային և հայ-չեխական միջխորհրդարանական կապերի ամրապնդման և զարգացման գործում նշանակալի ավանդի համար Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշին հանձնել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալներ:
Այնուհետև Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը դատապարտող ելույթներով են հանդես եկել Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ կարդինալ Դուկան, Չեխիայի Խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահի տեղակալ Յան Բարտոշեկը և միջնորդությունների կոմիտեի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովան:
Ցուցահանդեսը գործելու է մինչև մարտի 22-ը:
Մարտի 10-ին ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում մասնակցել է «Ցեղասպանության հանցագործություն. իրավական և քաղաքական ասպեկտները» խորագրով գիտաժողովին, որը Չեխիայում ՀՀ դեսպանության և «Աղետի հնագիտությունը» ցեղասպանությունների ուսումնասիրման կենտրոնի հովանու ներքո կազմակերպել են «Իրավագիտության ուսանողների եվրոպական ընկերակցության Պրահայի մասնաճյուղը» (ELSA PRAHA) և հայազգի տնտեսագետ Էլեն Ահարոնյանը:
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով է հանդես եկել իրավաբանական ֆակուլտետի փոխդեկան, պրոֆեսոր Միլան Դամոհորսկին։ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել ելույթ-դասախոսությամբ, որում նա անդրադարձել է 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսի 600 հայազգի մտավորականների ձերբակալությանն ու սպանդին, խոսել է Օսմանյան Թուրքիայի երիտթուրքական կառավարության կողմից նախապես ծրագրված և պետական մակարդակով իրագործված ոճրագործության ու դրա հետևանքների մասին: «Կոտորածն ու էթնիկ զտումները միտված էին հայերի բնաջնջմանը, ինչպես նաև հայկական հազարամյա ժառանգության ոչնչացմանը», – շեշտել է Է. Շարմազանովը:
Անդրադառնալով Ցեղասպանությունը ճանչացած երկրների և միջազգային կազմակերպությունների որոշումներին` ՀՀ ԱԺ փոխխոսնակը նաև ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը բխում է բոլոր այն երկրների շահերից, որոնք իրենց համարում են ժողովրդավար ու մարդու իրավունքների ջատագով։ Եվ եթե այն ճանաչվեր ու դատապարտվեր, ապա նոր ոճրագործություններ չէին կրկնվի:
Այնուհետև զեկույցով է հանդես եկել գերմանաբնակ հայազգի հանրահայտ ցեղասպանագետ, Բոխումի համալսարանի պրոֆեսոր Միհրան Դաբաղը, որը ներկայացրել է տարբեր ցեղասպանությունների, մասնավորապես, Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի համեմատականները` գալով այն եզրակացության, որ դրանք չափազանց նման են իրենց բնույթով. երկու ցեղասպանություններն էլ ուենին նույն ռասայական ուղղվածությունը և ազգայնական պետության հայեցակարգը:
Ելույթով է հանդես եկել նաև Կարլի համալսարանի բողոքական աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, «Աղետի հնագիտություն» ցեղասպանությունների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցը, որն իր զեկույցում մանրամասն անդրադարձել է Հայոց ցեղասպանության պատմական ասպեկտներին:
Մարտի 11-ին Պրահայի Գյոթեի ինստիտուտում Չեխիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի է ունեցել «Երեկ և այսօր. արդարությունը միշտ անհրաժեշտ է» խորագրով քննարկում, որը կազմակերպել է «Gariwo – Garden of the Righteous» իրավապաշտպան կազմակերպությունը` ի դեմս չեխ-իտալացի հրապարակախոս Անդրեաս Պիերալլիի:
Ներկաների առջև «Ցեղասպանությանների կանխարգելման մեխանիզմները, ժխտողականությունն ու դրա հետևանքները» խորագրով ելույթով հանդես է եկել Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, որը խոսել է Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից կազմակերպած Հայոց ցեղասպանության մասին, թվարկել այն երկրները, որոնք, անտեսելով աշխարհաքաղաքական և տնտեսական շահերը, ճանաչել են մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը` շնորհակալություն հայտնելով նաև Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին, ով մեկ տարի առաջ ՀՀ Նախագահի Պրահա կատարած պետական այցի ժամանակ հայտարարեց, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Այնուհետև դեսպանն անդրադարձել է ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմներին, ինչպես նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականությանը:
Չեխ հայագետ Միլադա Կիլիանովան իր ելույթում ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժամանակագրությունն ու մանրամասները` նշելով, որ ժամանակակից Թուրքիան պարտավոր է ընդունել սեփական պատմության դաժան իրողությունները և դատապարտել նախնիների ոճրագործությունները։
Գիտաժողովի կազմակերպիչ Անդրեաս Պիերալլին ձեռնարկի մասնակիցներին ներկայացրել է փաստագրական նյութեր այն հումանիստների մասին, որոնք մեծ օգնություն են ցուցաբերել Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ փախստականներին:
Իրենց ելույթներում արտաքին գործերի նախկին նախարարներ Ցիրիլ Սվոբոդան և Կարել Շվարցենբերգը դատապարտել են Օսմանյան կայսրության ոճրագործությունները և կոչ արել թուրքերին առերեսվել սեփական պատմության հետ: Շվարցենբերգը նաև նշել է, որ հայերի ողբերգության բազմաթիվ վկայություններ եղել են նաև նախկին Չեխոսլովակիայում: