կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-17 14:33
Քաղաքական

Եվրոպական արժե՞ք, թե՞ քաղաքական նպատակահարմարություն. Թևան Պողոսյանը «նեղն է գցել» ԵՄ դեսպանին

Եվրոպական արժե՞ք, թե՞ քաղաքական նպատակահարմարություն. Թևան Պողոսյանը «նեղն է գցել» ԵՄ դեսպանին

Այսօր ԱԺ-ում անցկացվում են լսումներ, որոնք կազմակերպել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը՝ «Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով:

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, դիմելով Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեային, նշեց, որ հետևել է ընթացող գործընթացներին` Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության առումով, և զեկույցում Թուրքիայի-Հայաստան հարաբերությունների բարելավման հարցը հանված է եղել օրակարգից: «Եթե Դուք համարում եք, որ այդ հարցը չի հանվել, ապա ևս մեկ անգամ մեր պահանջը փոխանցեք ԵՄ-ին, թող հաջորդ զեկույցը գրելիս սև, ընդգծված տառերով գրեն, որ սա այն պահանջն է, որը միշտ լինելու է»,- ասաց Թևան Պողոսյանը:

 

Պատգամավորի երկրորդ դիտարկումը վերաբերում էր ԵՄ զեկույցի անգլերեն տարբերակում «Հայոց ցեղասպանություն» եզրույթի բացակայությանը: «Մենք միշտ ասում ենք, որ ԵՄ-ն հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանությանը, որ չի կարելի այդ իրավունքների հանդեպ հանցանքները անպատիժ թողնել, բայց մյուս կողմից փորձում եք ցուցաբերել քաղաքական ինչ-որ նոր մոտեցում: Հարց այն է, որ եթե զեկույցի հայերեն տարբերակում կիրառված է «ցեղասպանություն» եզրույթը, ապա ինչո՞ւ անգլերեն տարբերակում դա չկա»,- ասաց Թևան Պողոսյանը:

 

«Կա'մ դա արժեք է, կա'մ դա քաղաքական խնդիր է»,- ասաց Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ այն ընդդիմախոսները, որոնք փորձում են հիմնավորել, որ սխալ է Հայաստանի համագործակցությունը ԵՄ հետ, հենց նման դեպքերն են մեջբերում:

 

Պատգամավորը հավելեց, որ եթե գնա մի հայկական գյուղ ու փորձի խոսել ԵՄ-ի հետ համագործակցության մասին, նրա առջև հենց այդ տեսակի խնդիրներ են դնելու: Ուստի հարց է առաջանում` արդյո՞ք հետևողական են եվրոպական արժեքների պահպանման ուղղությամբ, թե՞ ինչ-որ տեղ հետ ենք կանգնում ու խոսում քաղաքական նպատակահարմարությունից: