Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, թե ի՞նչ է մտածում, երբ Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամին պահում են մի խցում, որտեղ 27 հոգի են, բայց` 8 մահճակալ: Նախարարը նշեց, որ այդ մասին հրապարակումից հետո ինքն անմիջապես հանձնարարություն է տվել, որ իրավիճակը ճշտեն ու իրեն զեկուցեն, իսկ արդարադատության նախարարությունը զբաղվում է ՔԿՀ-ներում պայմանների բարելավման հարցով:
Հարցին, թե անպայման մամուլում պետք է հրապարակո՞ւմ լինի, որ գնան, հետաքրքրվեն, նախարարը պատասխանեց. «Այո, մենք պարտավոր ենք գնալ յուրաքանչյուր հրապարակման հետքերով: Այո, գերծանրաբեռնվածության և կենցաղային պայմանների խնդիրը թաքցնել հնարավոր չէ, դիտորդական խմբերը բարձրաձայնում են դրանց մասին պարբերաբար: Մենք փորձում ենք լուծել այդ խնդիրները: Ցավոք, պետությունն այսօր չունի այն ռեսուրսը, որ կարողանա մի շարք ՔԿՀ-ներ նորովի կառուցել»:
Նախարարը խոսեց համաներման ու այդ համատեքստում ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածությունը թոթափելու մասին: Նրա խոսքով` դեռևս հայտնի չէ, թե համաներումն ինչ ծավալներ կունենա: «Ընդհանրապես, հնարավոր չէ ասել` այդ համաներումը կլինի՞, թե՞ ոչ: Համաներումը սխալն ուղղելու կամ թեթևացնելու գերծանրաբեռնվածությունը նպատակ չունի: Այո, որպես հավելյալ նպատակ` կարելի է դիտարկել դա, բայց համաներումն այլ նպատակներ ունի»,- ասաց Մանուկյանը` խոստովանելով, որ դատական համակարգը, ինչպես աշխարհի այլ պետություններում զերծ չէ թերություններից:
Լրագրողներից մեկը նրան հարց ուղղեց, թե իրենց տանը կա՞ հակագազ, սոդա, դանակ: Նախարարը պատասխանեց. «Մեր տանը կան կենցաղային այն բոլոր իրերը, որոնք նորմալ մարդկանց կյանքում անհրաժեշտ են: Ես հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը, բայց ձեր հարցն ուղղեք Քննչական կոմիտեին»:
Հովհաննես Մանուկյանը չցանկացավ մեկնաբանել բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում էին Քննչական կոմիտեին: