Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղազախստան կատարելիք այցից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության` միջազգայնորեն ճանաչման ներկայիս գործընթացներին, հայտարարել է, թե ժամանակին իրենք կարող էին Թուրքիայում ոչ օրինական հիմունքներով բնակվող` Հայաստանի մոտ 100 հազար քաղաքացիներին վտարել երկրից: Եվ հանգամանքը, որ նման քայլի իրենք չեն գնում, վկայում է այն մասին, որ Թուրքիայում հայերի նկատմամբ երբեք խտրական, անհանդուրժողական վերաբերմունք չի դրսևորվել:
Էրդողանը, փաստորեն, չի հրաժարվում իր ոճից: Ցանկացած իրավիճակում, երբ Անկարան բախվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական փաստին, նա անմիջապես հիշում է Թուրքիայում անլեգալ ապրող հայաստանցիներին և նրանց վտարելու` իրենց իրավունքի մասին: Սա այնքան սպասելի էր, որ զարմանալին արդեն այն էր, թե ինչո՞ւ էր այսքան ժամանակ Էրդողանը լռում այս հարցում: Նա, իհարկե, չափազանցնում է հայաստանցի անօրինական ներգաղթյալների թվի հարցում՝ թերևս փորձելով ձեռքի հետ նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական խեղճությունը ցուցադրել: Ըստ որոշ տվյալների` այդ մարդկանց թիվը Թուրքիայում չի գերազանցում 30-40 հազարը: Բայց խնդիրն, իհարկե, դա չէ: Այլ այն, որ, բարձրացնելով էթնիկ հայերի վտարման հնարավորության հարցը, անկախ նրանց քաղաքացիության գործոնից, Էրդողանը, կամա, թե ակամա, բացահայտում է նրանց նկատմամբ ազգային պատկանելիության հողի վրա խտրական վերաբերմունքի դրսևորման իրողությունը և փաստորեն, հակասում ինքն իրեն: Որովհետև հայտարարության առանցքում ոչ թե, ընդհանրապես, Թուրքիայում անլեգալ պայմաններով գտնվողների, այլ հատկապես այդ կարգավիճակն ունեցող հայերի արտաքսման հարցն է:
Բայց հերթական անգամ փաստորեն, ապացուցելով, որ էթնիկ փոքրամասնությունների և հատկապես հայերի նկատմամբ վարվող քաղաքականության առումով անցած 100-120 տարիների ընթացքում այդ երկրում գործնականում ոչինչ չի փոխվել, Էրդողանը թե' աշխարհի և թե', առանձին վերցրած, հայության համար անում է մի շատ կարևոր բացահայտում կամ ավելի ճիշտ՝ վերահաստատում: Այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն զուտ բարոյական, այսպես ասած՝ հումանիստական, համամարդկային կամ քաղաքական խնդիրների լուծման տեսանկյունից է կարևոր, այլև, գուցե առաջին հերթին, ազգային և պետական անվտանգության: Այսինքն՝ քանի դեռ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից պետական մակարդակով կազմակերպված և համակարգված կերպով հայության զանգվածային սպանություններն ու բռնի տեղահանումը չի համարժեքացվել 1948թ. ՄԱԿ-ի ընդունած «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիա»-ով նկարագրվող` մարդկության դեմ գործվող հանցագործության նկարագրությանը, այդ վտանգը թուրքական պետության կողմից շարունակելու է կախված մնալ թե' Թուրքիայի քաղաքացի հանդիսացող էթնիկ հայերի, թե' այնտեղ հանգրվանած անլեգալ հայաստանցիների ու Հայաստանի գոյության գլխին:
Դրա վկայությունը ոչ միայն հայաստանցի քաղաքացիների վտարման անդադար հնչող սպառնալիքներն են կամ ահագնացող թուրքական ազգայնականության պայմաններում սեփական ֆիզիկական գոյության համար թուրքահայության և հատկապես` Պոլսի հայկական համայնքի մոտ մեծացող վախը, որի ազդեցությամբ այդ երկրում հայության թիվը գնալով կրճատվում է, այլ նաև Հայաստանի նկատմամբ կիրառվող քաղաքական և տնտեսական շրջափակումը: Այսինքն` պետական և ազգային անվտանգության ապահովման գործոնն այսօր ինչ-որ առումով նույնիսկ շատ ավելի արդիական է, քան պահանջատիրությունը:
Այս տեսանկյունից Ցեղասպանության` միջազգայնորեն ճանաչման գործընթացն ուղղակի այլընտրանք չունի, քանի որ այն յուրատեսակ զսպաշապիկ է հագցնում Թուրքիային, իսկ միջազգային հանրությանը, արդեն միջազգային իրավունքի շրջանակներում, դարձնում Թուրքիայի նկատմամբ յուրատեսակ ժանդարմի:
Սա, իհարկե, չի նշանակում, որ եթե աշխարհի բոլոր պետությունները ճանաչեն Ցեղասպանությունը, տարածաշրջանի հայ ազգաբնակչության և հայկական պետության անվտանգությունը հարյուր տոկոսով երաշխավորված կլինի թուրքական հնարավոր վտանգից: Նախագահ Էրդողանը, խոսելով այսօր Եվրախորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչմանն ուղղված նոր բանաձևի ընդունման մասին, հայտարարել է, թե դա որևէ Անկարայի համար որևէ նշանակություն չունի: Ակնհայտ է, որ այս մոլի մերժողականության պայմաններում Թուրքիայի համար կարող որևէ նշանակություն չունենալ անգամ ողջ մոլորակի կողմից Ցեղասպանության ճանաչումը: Հետևաբար, նման բան մտածելը կամ միայն ճանաչման վրա հույս դնելը հավասարազոր է 20-րդ դարասկզբին թույլ տված սխալը նորից կրկնելուն և սեփական կամքով գլուխը գիլյոտինի տակ դնելուն:
Ինքնության պահպանման և ազգային անվտանգության հիմնական երաշխիքը Հայաստանի Հանրապետության շարունակական, անդադար հզորացումն է, որը ոչ միայն ներկայիս Հայաստանի, այլև հավաքական հայ ժողովրդի հիմնանպատակը պետք է լինի: Բայց ճանաչումն ստեղծում է այն անհրաժեշտ մթնոլորտը, մտածողությունը, որի պայմաններում Թուրքիան ավելի կաշկանդված է լինելու իր հակահայկական ծրագրերում: Նման մթնոլորտի և մտածողության պայմաններում այդ ծրագրերի իրականացմանն ուղղված ցանկացած քայլ միջազգային հանրության կողմից ընկալվելու է որպես ցեղասպանական քաղաքականության շարունակություն՝ հարուցելով շատ ավելի լուրջ միջազգային դիմակայություն: Թվում է, թե խոսքը գնում է վիրտուալ ինչ-որ անորոշ երաշխիքների մասին, որոնք կիրառական նշանակություն չունեն: Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ սա շատ լավ աշխատող մեխանիզմ է:
Եվ դրա վառ օրինակը տալիս են Իսրայելը և հրեական աշխարհը, որոնք այդ մթնոլորտը և մտածողությունը ձևավորելու հարցում հասել է նրան, որ նույնիսկ հրեաների մասին անգամ թեթև բացասական երանգ ունեցող հրապարակային խոսքը, ակնարկը, էլ չասած` գործողությունը որակվում են որպես հակասեմիտիզմ, հրեաների նկատմամբ խտրականության դրսևորում և ուղղակի ընկալվում Հոլոքոստի շարունակման պրիզմայով: Հետևաբար, Էրդողանի այս հայտարարությունը հստակ ցույց է տալիս, թե որն է լինելու Հայաստանի անելիքը Ցեղասպանության 100-րդ տարելիցի նշումից հետո: Հարց, որի պատասխանն առ այսօր առավել քան անորոշ է:
Չնայած Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագրի ընդունմանը և դրանով անհատական, համայնքային և ազգային մակարդակներով պահանջատիրության առաջադրմանը` Հայաստանը չի կարող ստանձնել հատկապես տարածքային պահանջների հետ կապված դրոշակակրի դերը: Բայց Հայաստանը ոչ միայն կարող է, այլև պարտավոր է ստանձնել Ցեղասպանության ճանաչման պրոցեսի հենքի վրա անվտանգության հավելյալ երաշխիքների ստեղծմանն ուղղված այդ ընդհանրական մտածողության ձևավորման առաքելությունը, որովհետև դրա համար անհրաժեշտ գործիքակազմը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ունի հենց Հայաստանը, այլ ոչ թե Սփյուռքը:
Գևորգ Դարբինյան