կարևոր
364 դիտում, 4 ժամ առաջ - 2025-03-10 16:15
Աշխարհ

Թուրքիա-Իրան. բանավեճի սրում եւ «քրդական հարցը» Մերձավոր Արեւելքում

Թուրքիա-Իրան. բանավեճի սրում եւ «քրդական հարցը» Մերձավոր Արեւելքում
Մարտի 4-ին Թեհրանում Թուրքիայի դեսպան Հիջաբե Քիրլանգըչը հրավիրվել է Իրանի ԱԳՆ՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մասին ոչ բարեկամական արտահայտություններից հետո: Անկարան «պետք է խուսափի անտեղի մեկնաբանություններից, որոնք կարող են տարաձաություններ կամ լարվածություն առաջացնել երկկողմ հարաբերություններում՝ հաշվի առնելով իրավիճակը տարածաշրջանում եւ երկու հարեւանների ընդհանուր շահերը»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի օգնական Մահմուդ Հայդարին՝ Ֆիդանի հայտարարություններն անվանելով «խստագույնս ոչ կառուցողական»: Անկարայում պարտքի տակ չեն մնացել՝ հրավիրելով Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ դժգոհություն հայտնելու իրանցիների կողմից Թուրքիայի արտաքին քաղաքականության հաճախակի դարձած քննադատությանը։ Պաշտոնական հաղորդագրությւններում «հրավեր» տերմինի օգտագործումը վկայում է ընդհանուր շահերի հիման վրա երկկողմ հարաբերությունները պահպանելու կողմերի ձգտման մասին, սակայն խնդիրներն ակնհայտորեն աճում են:

Հիշեցնենք` փետրվարի 26-ին Ֆիդանը, որին արեւմտյան քարոզչությունը պարբերաբար հանդիմանում է «իրանամետ» համակրանքների համար, Al Jazeera-ին մեծ հարցազրույց էր տվել արաբերենով՝ շատ անկեղծ եւ ոչ հաճելի արտահայտվելով արեւելյան հարեւանի արտաքին քաղաքականությն մասին, որի հետ Բարձր Դռան ժառանգների մրցակցության արմատները սկիզբ են առնում դեռեւս օսմանա-Սեֆյան պատերազմների դարաշրջանից: Խոսելով Սիրիայում տեղի ունեցած իրադարձոթյուններից հետո Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի մասին՝ Ֆիդանն ասել է. «տարածաշրջանային երկրներում աշխարհազորայինների միջոցով Իրանի արտաքին քաղաքականության հարցը քաղաքականություն է, որն Իրանը երկար ժամանակ իրականացնում է մեծ ռիսկով: Նա որոշակի հաջողությունների է հասել, բայց այն գինը, որը այդ հաջողությունները պահպանելու համար վճարված գինը շատ ավելի բարձր է: Իրաքում եւ Սիրիայում իր նվաճումները պահպանելու համար Իրանը ստիպված էր շատ ավելին զոհաբերել, քան այդ նվաճումներն էին»: Թուրք նախարարի խոսքով՝ բանակցությունների ընթացքում ինքն իրանցի պաշտոնյաներին ասել է՝ նման արտաքին քաղաքական մոտեցումը պետք է փոխվի, քանի որ նման քաղաքականությունը թեեւ որոշակի արդյունք է տալիս, բայց երկարաժամկետ եւ կառուցվածքային առումով մեծ բեռ է ստեղծում ինչպես իրանական համակարգի, այնպես էլ տարածաշրջանի համար: Իրանը մեծ դասեր է քաղել նոր դարաշրջանի իրադարձություններից, տարածաշրջանային համերաշխությունը պետք է ամրապնդվի, եւ հիմա հին սխալները շարունակելու ժամանակը չէ, կարծում է Ֆիդանը՝ ընդգծելով «տարածաշրջանում մեկ երկրի գերիշխանության մշակույթից «ազատվելու անհրաժեշտությունը: Ոչ արաբներ, ոչ թուրքեր, ոչ քրդեր, ոչ իրանցիներ: Նրանք չպետք է որեւէ կապ ունենան գերիշխանության հետ, խանգարեն միմյանց, սպառնան միմյանց», – շարունակել է Ֆիդանը, որը կարծում է, որ տարածաշրջանի երկրները պետք է միավորվեն եւ լուծեն իրենց սեփական խնդիրները, լինեն համերաշխ, ապահովեն միմյանց անվտանգությունը, բարգավաճումն ու հարստությունը, այլ ոչ թե սպառնալիքի եւ գերիշխանության աղբյուր լինեն: Մեկնաբանելով Իրանի կողմից Թուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» եւ նրա, ըստ Անկարայի պնդումների, YPG-ի (Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ) սիրիական մասնաճյուղին աջակցելու հնարավորության մասին պնդումները (SDF մաս են կազմում), Ֆիդանն ընդգծել է՝ Իրանի համար ճիշտ չէր լինի շարունակել իր քաղաքականությունը, ինչպես նախկինում. «Եթե ցանկանում եք անհարմարություն ստեղծել՝ աջակցելով մեկ այլ երկրում ինչ-որ խմբի, ապա ինչ-որ այլ երկիր կցանկանա ձեզ համար անհարմարություն ստեղծել՝ աջակցելով ձեր երկրի մյուս ուժերին»: Այլ կերպ ասած՝ աշխարհում այլեւս ոչինչ հնարավոր չէ թաքցնել: Այն հմտությունները, որոնք դուք ունեք, ուրիշներն էլ ունեն: Այնպես որ, եթե դուք չեք ցանկանում քարեր նետել ձեր պատուհանի վրա, դուք քարեր չեք նետի ուրիշի պատուհանի վրա»: Հիմքեր կան այս հայտարարությունն ընկալելու որպես ակնարկ Անկարայի կողմից Իրանում (երկրի հյուսիս-արեւմուտքում, բայց ոչ միայն) թյուրքալեզու բնակչության բավականին շատ խմբերի հնարավոր աջակցության մասին։

Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Իրանը համաձայնել է YPG ջոկատներին 1500 կամիկաձե ԱԹՍ-ներ մատակարարել, որոնք կարող են Սիրիայում թուրքամետ գրոհայիններին լուրջ անախորժություններ պատճառելՄիեւնույն ժամանակ, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչւթյունը ողջունել է փետրվարի 27-ին PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ զենքը վայր դնելու կոչը՝ նշելով, որ Թեհրանն աջակցում է «ցանկացած գործընթացի, որն ամրապնդում է անվտանգությունը հարեւան Թուրքիայում»:

Իրանում որոշ խմբեր կարող են Սիրիա-Իրաք հարցը դիտարկել կորուստների և շահերի տեսանկյունից, սակայն երկրի խելացի պետական այրերը դա կարող են այլ կերպ ընկալել, ասում է Ֆիդանը` հստակ ակնակելով Սիրիայում «Ասադի ռեժիմի» տապալումից հետո Իրանում սրված ներքին բանավեճին, որին, ըստ նրանց, չպետք է ասվի, թե ինչ անել:Իրանն ու Ռուսաստանը ոչինչ չեն կարող անել, Սիրիան խնդիրները պետք է ինքնուրույն լուծի, ինչը, մեղմ ասած, ոչ այլ ինչ է, քան դիվանագիտական խոսքի ֆիգուր՝ հաշվի առնելով Թուրքիայի նշանակալից դերը Սիրիայի հյուսիս-արեւմուտքում եւ հյուսիսում ՀԽՇ, «Սիրիական ազգային բանակ» եւ այլ խմբավորումներին աջակցելու գործում:

Իհարկե, հետեւեց Թեհրանի պատասխանը, որը բավականին զգացմունքային էր. «Մենք հաստատակամ ենք մեր սկզբունքային դիրքորոշումներում եւ չենք փոխում մեր քաղաքական դիրքորոշումն օրեցօր, – X ցանցում հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղարին, - մենք չենք փոխում մեր քաղաքական դիրքորոշումը»: - Տարածաշրջանային իրադարձություններին Ամերիկայի եւ Իսրայելի բացահայտ եւ քողարկված մասնակցությունը չտեսնելը մեծ սխալ է: Ակնհայտ է, որ, ըստ Թուրքիայի արտգործնախարարի, «տարածաշրջանը պետք է ազատվի մի երկրի՝ մյուսների նկատմամբ գերիշխանության մշակույթից.ոչ արաբները, ոչ թուրքերը, ոչ քրդերը, ոչ իրանցիները, ոչ ոք չպետք է գերիշխի մյուսի վրա, անհանգստացնի կամ սպառնա հարեւաններին»: Իսկ ինչ կասեք Իսրայելի մասին…»:

«Իրանը վերջին հինգ տասնամյակների ընթացքում ոչ մի տարածաշրջանային հավակնություն չի հետապնդել», - շարունակել է իրանցի դիվանագետը: - Մեր գլխավոր մտահոգությունն է աջակցել Պաղեստինի ժողովրդին եւ նրա իդեալներին օկուպացիայի եւ ագրեսիայի դեմ պայքարում, ինչպես նաեւ կանխել իսրայելական գերիշխանությունը տարածաշրջանում: Այսօր Պաղեստինի հարցն ավելի արդիական է, քան երբեւէ, սիկ Իսրայելին աշխարհում ավելի շատ են ատում, քան նախկինում: Եթե չլինեին թիկունքից հարվածները, ոչ ոք չէր համարձակվի խոսել Գազայից պաղեստինցիների բռնի տեղահանման եւ Արեւմտյան ափի անեքսիայի մասին»: «...Մենք առաջին երկրների թվում էինք, որոնք աջակցում էին PKK-ի՝ զենքը վայր դնելու ձգտմանը: Մենք ողջունեցինք դա եւ կարեւոր քայլ համարեցինք մեր հարեւան երկրում՝ Թուրքիայում անվտանգության ամրապնդման ճանապարհին: Մենք հաստատակամ ենք մեր սկզբունքային դիրքորոշումներում եւ ամեն օր չենք փոխում դրանք՝ մի քաղաքականությունից մյուսը անցնելով», – ակնարկում է Բաղաևին Անկարայի անհետեւողական քաղաքականության մասին: Ոչ պաշտոնական «ձայները» շատ ավելի սուր են հնչում՝ ուղղակիորեն խոսելով այն երկրի կողմից Իրանին դասախոսություններ կարդալու անթույլատրելիության մասին,»«որի արտաքին քաղաքականությունը հիմնված է Արեւմուտքին հաճոյանալու եւ շահի վրա»: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամյան ալիքի կարծիքով՝ Սուդանում ազդեցության կորուստը եւ  Սիոնիստական ռեժիմի հետ Անկարայի չհրապարակված կապերը թուրքերին տանում են սխալ ճանապարհով.«սեփական ձախողումներն ընդունելու փոխարեն նրանք փորձում են մեղադրել ուրիշներին... Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ նրանք, ովքեր դավաճանում են իրենց դաշնակիցներին եւ գործում են ի շահ թշնամիների, արդյունքում իրենք են հայտնվում թակարդում: Թուրքիան պետք է ավելի քիչ զբաղվի էժան սպառնալիքներով եւ ավելի շատ մտածի սեփական քաղաքական անկարողության մասին»:

Թուրքիայի արտաքին քաղաքականությն վերջին ամիսների արեւմտամետ շրջապտույտը նկատվում է «անզեն աչքով», նըդ որում, դա վերաբերում է ոչ միայն Իրանին, այլեւ Ռուսաստանին: Մարտի 4-ին Իրանի կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմի Մոհաջերանին ճանաչել է Թաղարանի եւ Անկարայի «կարծիքների տարբերությունները» տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ Ֆիդանի հայտարարությունները կրկին «ոչ կառուցողական» անվանելով եւ ապագայում նման հարձակումներից զգուշացնելով. «Մենք Թուրքիայի հետ տարաձայնություններ ունենք Սիրիայի հարցում, եւ հուսով ենք, որ այդ տարաձայնությունները խելամիտ կերպով կլուծվեն»: Իրանցի լրագրող Ֆերեշթե Սադեղիի կարծիքով, չնայած պարբերական արտաքին քաղաքական հակամարտոթյուններին եւ ԶԼՄ-ներում առկա թշնամանքին, Իրանը շարունակում է Թուրքիային դիտարկել որպես առանցքային հարեւան եւ գնահատում է երկկողմ հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերը: «Ես կարծում եմ՝ Իրանը պարտադիր չէ, որ YPG օգտագործի Թուրքիայի դեմ, այլ ավելի շուտ դրանք օգտագործի Սիրիայում սեփական շահերն առաջ տանելու համար»: Այն դեպքում, երբ Իրանի մուտքը Լիբանան այժմ արգելափակված է, եւ քրդերի հետ շփումները կարող են օգտագործվել, որպեսզի այդ մուտքն այս կամ այն ձեւով վերականգնվի, եւ «մենք չպետք է ենթադրենք, որ Թեհրանի համագործակցությունը SDF-ի հետ ուղղված է բացառապես քրդերին Թուրքիայի դեմ տրամադրելուն»:

Կհաջողվի արդյոք կողմերին կարգավորել տարաձայնությունները՝ ցույց կտա ապագան, սակայն հակամարտության հետագա սրման դեպքում Իրաքի եւ Սիրիայի քրդական շրջանները կարող են վերածվել հերթական պրոքսի-պատերազմի արեալի:

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի