կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-08 14:54
Քաղաքական

Հսկեք, բռնեք, դատեք խոպան եկած օտարերկրյա կազմակերպություններին. Էդմոն Մարուքյան

Հսկեք, բռնեք, դատեք խոպան եկած օտարերկրյա կազմակերպություններին. Էդմոն Մարուքյան

ԱԺ նիստում քննարկվում է գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը:

 

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ թեման էլի նույնն է` Հայաստանը խոպան դարձրած կազմակերպությունների մասին պետք է շարունակեն խոսել: Նրա խոսքով` երբ գազային պայմանագրերը բերվեցին խորհրդարան, անգամ հանրապետական պատգամավորներն են խոստովանել, որ դրանք խայտառակ պայմանագրեր են, և ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվեց այն բանի համար, որ եզրակացության հիման վրա այդ պայմանագրերը վերանայվեն:

 

Մարուքյանը նշեց, որ եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք, ըստ էության, հաղորդում են հանցագործության մասին: «Սա մեծ քրեական գործի նյութ է: Ու եթե կա կամք, որ տեսնեն, թե ով ինչքան է թալանել, դատեն ու հետ բերեն թալանածը բյուջե, իրավապահ մարմինները կարող են դա անել»,- ասաց պատգամավորը:

 

Նա շեշտեց, որ որոշ ընկերություններ Հայաստանը խոպան են դարձրել, և դրանք չեն ավարտվում ո'չ «Հայփոստ»-ով, ո'չ էլ «Հայռուսգազարդ»-ով, սակայն ոչ ոք չի բարձրացնում այդ ընկերությունների վատ կառավարման հարցը, թե ինչպե՞ս եղավ, որ հասան նման վիճակի, երբ չեն կարողանում վարկերը փակել, բայց իրենց որոշ աշխատողների միլիոնների հասնող աշխատավարձ են տալիս:

 

Նույն վիճակն է «Հայփոստ»-ում ու «Բիլայն»-ում: «Օտարերկրյա կազմակերպություններ են` մեկը` իտալացի, մյուսը` ֆրանսիացի, բայց ի՞նչ կապ ունի, էս մարդիկ եկել են խոպան. կարող ա թալանի, էդ թալանից մի քիչ կիսվի իրեն հսկող կազմակերպությունների հետ ու շարժվի առաջ: Հիմա մենք ո՞ւմ պետք է մեղադրենք` խոպան եկած ընկերությունների՞ն, թե՞ մեր պետական մարմիններին, որոնք կրկին բարձր աշխատավարձեր են բաժանում, թանկանոց մեքենաներով շրջում, բայց իրենց գործը չեն անում: Անգամ Ծաղկաձորի «Մարիոթ»-ի կառուցման ծախսերն են ընդգրկել սակագնի մեջ: Հսկեք, բռնեք, դատեք, ժողովո'ւրդ: Որտե՞ղ ա էս պրոցեսում պետությունը, որ պետք է ասի` հոպ»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: