Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ armeniangenocide100
Գերմանական Deutsche Welle-ն հրապարակել է լրագրող Ռիխարդ Ֆուքսի հոդվածը Հայոց ցեղասպանության ընթացքում Գերմանիայի միջամտության, հարցի շուրջ երկրի ներկայիս դիրքորոշման և Թուրքիայի հանդեպ հարգալից վերաբերմունքի մասին: Հոդվածը ներկայացնում ենք ստորև:
Ապրիլի 24-ին աշխարհը նշելու է Հայոց ցեղասպանության մեկնարկի 100-րդ տարելիցը: Գերմանիայի Բունդեսթագում, սակայն, պատշաճ հիշատակի միջոցառումների փոխարեն տարաձայնություններ են:
Տարելիցի օրը Գերմանիայի խորհրդարանը մեկ ժամ է հատկացնելու նախկին Օսմանյան կայսրությունում քրիստոնյա հայերի հանդեպ իրականացված հանցագործությունների շուրջ քննարկումներին: Ակնկալվում է, որ միջկուսակցական համաձայնության փոխարեն գերակշռելու է անհամաձայնությունը:
Գերմանիայի ձախ և Կանաչների կուսակցությունները կողմ են 1915-1916թթ. կոտորածները որպես Ցեղասպանություն ճանաչելուն: Հենց դա էլ ցանկանում է կանխել Քրիստոնեա-դեմոկրատների և Սոցիալ-դեմոկրատների կոալիցիան: Դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է որոշման արդյունքում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների «սառեցմամբ». Անկարան անցյալի իրադարձությունները համառորեն ցեղասպանություն չի ճանաչում:
«Անձամբ ես հիասթափված եմ, որ իրականում տեղի ունեցածի մասին խոսելիս մեզանում պակասում է քաջությունը»,– բեռլինյան Tagesspiegel թերթին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Դիթմար Նիթանը:
«Ներողությունն էլ բավարար կլինի»,- ասել է Դիարբեքիրում Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էրգյուն Այիքը: Սուրբ Կիրակոս եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին է:
Հայ պատմաբան, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Աշոտ Հայրունին նույնպես կարծում է, որ Գերմանիան ունի իր պարտականությունը: «Գերմանական խորհրդարանի համար կարևոր է որպես այդպիսին ճանաչել Ցեղասպանությունը և դատապարտել այն»,- ասել է նա՝ հավելելով, որ կառավարությունը պետք է ակտիվ կերպով ազդի նաև Թուրքիայի վրա, որպեսզի այն նույնպես նման որոշում կայացնի:
Գերմանիայի քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ դատապարտել են կառավարության՝ Ցեղասպանությունն իր անունով կոչելու շարունակական դժկամությունը: «Նույնիսկ անիրազեկվածությունը կարող է նշանակալից լինել»,- ասում է Բեռլինի Մաքսիմ Գորկու անվ. թատրոնի տնօրեն Շերմին Լանգհոֆը, որը Ցեղասպանության հիշատակին նվիրված ծրագրերի հատուկ շարք է ներկայացրել թատրոնում: Լանգհոֆի կարծիքով` Բունդեսթագի վարքագիծը ճակատագրական է և «Եվրոպայի մշակութային հիշողության մեջ մեծ բաց է թողնում»:
Բունդեսթագում Ցեղասպանության հարցն առաջին անգամ քննարկման էր դրվել 2005 թվականին, և այդ ժամանակ նույնպես Թուրքիայի գործոնը կանխել էր կառավարության կողմից բանաձևի ընդունումը:
Երկարատև խորհրդածությունից հետո որոշվել է, որ գերմանացիները պետք է ներողություն խնդրեն «Գերմանական կայսրության անփառունակ գործողությունների համար». այդ ժամանակ ավելին հնարավոր չէր անել:
Հայերի տեղահանության գործում Գերմանական կայսրության ներգրավումը պատմաբանների կողմից վաղուց արդեն ընդունված փաստ է: Սակայն գերմանացիների ներգրավումն ունի հակասական մի հարց` արդյո՞ք գերմանացիները վկաներ էին, թե՞ հանցակիցներ:
Հայաստանում այդ իրադարձությունները հայտնի են որպես «աղետ» և Ցեղասպանություն են սահմանվում: Սակայն Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայում այդ օրերի տառապանքները պաշտոնապես համարվում են «պատերազմով պայմանավորված տեղահանումներ և անվտանգության միջոցառումներ»: Զոհերի թիվը նույնպես վիճարկվում է Թուրքիայի կողմից, ինչը խոչընդոտում է երկու երկրների միջև հաշտեցմանը:
Պոտսդամի համալսարանի պատմաբան Քրիստին Փշիխհոլցը, Գերմանիայի արտաքին գերատեսչության փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո, ասել է. «Գերմանիայի կառավարությունը քաջատեղյակ էր Օսմանյան կայսրությունում հայ բնակչության ոչնչացման քաղաքականության մասին»: Գերմանացի դիվանագետները մանրամասն արձանագրել են իրենց շուրջ այդ ժամանակ տեղի ունեցող ամեն ինչ` մահվան երթերը, մահապատիժներն ու հարկադիր աշխատանքը:
«Վերջին 100 տարիների ընթացքում Գերմանական կառավարությունը տեղյակ էր Օսմանյան կայսրության տարածքում 1915-ից 1918 թվականներին տեղի ունեցած Ցեղասպանությունից»,– ասել է «Լեփսիուսի տուն» կազմակերպության ղեկավար Ռոլֆ Հոսֆելդը, որը համալսարանում ցեղասպանագիտության ծրագիր է վարում: «Սակայն այդ իրազեկվածությունը չի արտահայտվում նրա գործողություններում: Կառավարության ներկայացուցիչները միշտ խուսափել են Հայաստանի մասին խոսելիս կիրառել «ցեղասպանություն» եզրը՝ դրա փոխարեն գործածելով «ջարդ» և «արտաքսում» բառերը»,- ասել է նա:
Փետրվարին Բունդեսթագում Ձախական կուսակցության հարցման ընթացքում կառավարությունը մեկ անգամ ևս նշել է, որ Գերմանիան չի ցանկանում վտանգի ենթարկել Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցումը: Ըստ պաշտոնական հայտարարության՝ կոտորածի հայեցակարգային սահմանումը պետք է թողնել գիտնականների որոշմանը:
Հայաստանը, ՄԱԿ-ի 1948թ. ընդունված Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիայի շրջանակներում, 20 այլ պետությունների հետ այդ իրադարձությունները Ցեղասպանություն է ճանաչել:
Ապրիլի 24-ին բոլորի ուշադրությունը սևեռված կլինի Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի ունեցող հիշատակի պաշտոնական արարողությանը: Այստեղ կլինի նաև Գերմանիայի պատվիրակությանը:
Թվում է՝ Գերմանիան մի կողմ է դրել թուրքական զգացմունքները և Թուրքիա է ուղարկել ոչ մեծ պատվիրակություն: Deutsche Welle -ն պարզել է, որ Երևան են ժամանելու կառավարության մարդու իրավունքների հանձնակատար Քրիսթոֆ Շտրեսերը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Մայքլ Ռոթը:
Ո՛չ կանցլեր Անգելա Մերկելը, ո՛չ էլ Աարտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մտադիր չեն մասնակցելու այս միջոցառմանը: Ցեղասպանության հիշատակի պաշտոնական արարողությանը ներկա են գտնվելու համաշխարհային առաջնորդներ, նրանց թվում է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, որն անցյալ ամիս Հայաստանում էր, խիստ քննադատության է արժանացրել Գերմանիայի վարքագիծը Tagesspiegel-ին տված հարցազրույցում: «Էրդողանի հետ կեղծ հարաբերություններով կառավարությունը չեզոքացնում է Հայոց ցեղասպանությունը: Սա դժվար թե արժանապատիվ պատասխան է Ցեղասպանության զոհերին և նրանց ժառանգներին»,- ասել է նա: