Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը աղմկահարույց ռեպորտաժ է պատրաստել 2017-ին Թուրքիայի շուրջ տեղի ունեցած հասարակական և քաղաքական իրադարձությունների վերաբերյալ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Մասնավորապես` թուրքական «Superhaber» լրատվամիջոցը, հղում անելով այդ հոդվածին, նշում է, որ ռեպորտաժում հիշեցվել են բացասական մի շարք զարգացումներ: Նշվում է, որ նախ 2017թ. փետրվարին Թուրքիայում ձերբակալվեց «Die Welt» լրատվամիջոցի թղթակից Դենիզ Յուջելը, ով այժմ շարունակում է անազատության մեջ մնալ և մեղադրվում է «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու մեջ»:
2017թ. մարտին սկսվեց թուրք-հոլանդական ճգնաժամը: Պատճառն այն էր, որ Հոլանդիայի իշխանություններն արգելեցին Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարարին` առաջիկա 10 տարիներին այցելել իրենց երկիր: Նա որակվել էր որպես «անցանկալի անձ»:
2017թ. ապրիլի 29-ին Թուրքիայում ժամանակավորապես արգելափակվել էր Wikipedia-ի հասանելիությունը: Դրա պատճառներից մեկն այն էր, որ Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Wikipedia-ի օգտատերերը նախագահ Էրդողանի անվան տակ փոփոխություն էին կատարել և գրել «բռնապետ»:
2017թ.մայիսի 23-ին Թուրքիայում մի խումբ ուսուցիչներ հացադուլ հայտարարեցին երկրում տեղի ունեցող իրավախախտումների պատճառով: Հացադուլի 76-րդ օրը իրավապահ մարմինները բերման ենթարկեցին ուսուցիչներին, սակայն հետո ազատ արձակեցին, և նրանք վերստին հացադուլ հայտարարեցին:
2017թ. հուլիսին Թուրքիայում ձերբակալեցին «Amnesty International»-ի և մի շարք այլ միջազգային կառույցների ներկայացուցիչների` առանց որևէ հիմնավորման: Ձերբակալվածների մեջ էին Գերմանիայի քաղաքացի Պետեր Շտոյդները, Շվեյցարիայի քաղաքացի Ալի Գրավին և այլք:
2017թ. հուլիսի 24-ին Թուրքիայում սկսվեցին կալանավորվել ընդդիմադիր թուրքական «Cumhurriyet» թերթի աշխատակիցները:
Հոկտեմբերի 8-ին սկսվեց Թուրքիայի և ԱՄՆ-ի ճգնաժամը փոխադարձ վիզաների տրամադրման վերաբերյալ: Պատճառն այն էր, որ Ստամբուլի ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանում ձերբակալվեց մի աշխատակից, ով մեղադրվեց լրտեսության մեջ:
Նոյեմբերի 19-ին էլ Թուրքիայի իշխանությունները արգելքներ սահմանեցին ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ակցիաների նկատմամբ: