կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-02 13:35
Աշխարհ

Լեռնային Ղարաբաղում մի քիչ պատերազմը ձեռնտու է բոլորին. Deutsche Welle

Լեռնային Ղարաբաղում մի քիչ պատերազմը ձեռնտու է բոլորին. Deutsche Welle

Akunq.net-ը ստորև թուրքերենից թարգմանաբար և առանց կրճատումների ներկայացնում է գերմանական հեղինակավոր Deutsche Welle պարբերականի խմբագիրներից մեկի անդրադարձը Արցախի և Հայաստանի հանրապետություների դեմ Ադրբեջանի սանզազերծած պատերազմի թեմային։ Թեև հեղինակի ոչ բոլոր տեսակետներն են համընկնում Akunq.net-ի խմբագրության դիրքորոշման հետ, այնուամենայնիվ հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ

Ի՞նչ է լինում, երբ որևէ կոնֆլիկտի դեպքում միջնոդները պատեհապաշտի են վերածվում և փորձում շահել պատերազմից՝ խաղաղության հաստատման մեջ ներդրում ունենալու փոխարեն։ Deutsche Welle Türkçe-ի խմբագիրներից Միոդրագ Սորիջն այդ մասին իր անդրադարձում նշում է «Կոնֆլիկտը շարունակվում և մեծանում է, ինչը տեսնում ենք Կովկասում»։

Միոդրագ Սորիջ

Թուրքիան, օրինակ, որպես «եղբայրական ժողովուրդ» ազդեցություն ունենալով Ադրբեջանի վրա՝ կարող է այնպես անել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չթեժանա։ Սակայն Անկարան նախընտրում է թեժացնել կրակը։ Թուրքական բանակը դեռ կարճ ժամանակ առաջ համատեղ զորավարժություններ արեց Բաքվի հետ, ադրբեջանցիներին քաջալերեց զենքի հետ վարվելու գործում և անձամբ սպառնաց Հայաստանին։

Նախագահ Էրդողանի առաջնորդությամբ Թուրքիան որտեղ որ բեմ է բարձրանում՝ որպես իբր հաշտարար, այնտեղ պատերազմն անպակաս է լինում՝ Կովկաս, Սիրիա, Լիբիա․․․ Էրդողանն իր ռազմանավերն է ուղարկում Հունաստանի դեմ, արհամարհում NATO-ում միաբանության համերաշխությունը կամ միջազգային իրավունքը։ Նպատակը Թուրքիան տարածաշրջանում մի անկախ ուժի վերածելն է՝ անհրաժեշտության դեպքում մինչև իսկ բռնության ճանապարհով։ Էրդողանը Կովկասում չի ուզում մնայուն խաղաղութուն։

Ռուսաստանն անտարբեր է քաղաքական լուծման նկատմամբ

Ռուսաստանի դեպքում ևս նպատակը ազդեցիկ լինելը կամ դրանով հասարակայնության համար տպավորիչ ցուցադրություն անելն է։ Կրեմլը կարող է արգելք լինել հայերի անիմաստ պրովոկացիաներին, ինչպիսին է, օրինակ, Սիրիայից եկած գաղթականներին Լեռնային Ղարաբաղում բնակեցնելը։ Մոսկվայի՝ Երևանի վրա ունեցած ազդեցությունը չափազանցված չէ․ ամեն մի հայկական կառավարություն գիտակցում է, որ եթե ավագ եղբայր Մոսկվայի պաշտպանությունը չլինի, երկրի անվտանգությունն ապահովելն անհնար կդառնա։

Ռուսաստանը միայն զենքով չէ, որ աջակցում է Հայաստանին․ այստեղ հազարավոր զինվորներ են դիրքավորված։ Սակայն Լեռնային Ղարաբաղի խնդրին քաղաքական հանգուցալուծում գտնելը չի բխում Մոսկվայի շահերից։ Մոսկվան մտադիր է պահպանել ստատուս-քվոն և շարունակել լավ հարաբերություններ ունենալ Երևանի և Բաքվի հետ։ Ռուսաստանն այդպիսով բախումների ժամանակ կարողանում է վերստին մեծ ուժի դիրքերից հանդես գալ։

Լեռնային Ղարաբաղի հարցում արդարամիտ միջնորդի պակաս է զգացվում։ ։ Ռուսաստանը և Թուրքիան սեփական նպատակներն են հետապնդում։ Այդ պատճառով սույն ընդհարումն անընդհատ թեժանում է։ Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ տնտեսական վիճակը վատթարացել է, և այս երկրների կառավարությունները ցանկանում են այդ անհաջողություններից ցրել սեփական ժողովուրդների ուշադրությունն։

Հայրենասիրական զգացումներն են շիկացնում

Ադրբեջանի նախագահ Ալիևն անընդմեջ ասում է, թե արդիականացնելու է տնտեսությունը և պայքարելու անօրինականությունների դեմ։ Ադրբեջանն էլ առանձնապես մեծ կարողություններ չունի․ այս երկիրը կախված է նավթի և բնական գազի արտահանումից, իսկ համավարակի հետևանքով դրանց գներն իջել են համայն աշխարհում։ Այսինքն՝ Ադրբեջանի՝ այդ արտահանումից շահած գումարը նվազել է․ բյուջեն վատ վիճակում է։ Գնողունակությունն անկում է ապրում, քաղաքացիների դժգոհությունը՝ մեծանում, նաև այն հարցում, թե կառավարությունը չի կարողանում ինչպես հարկն է պայքարել համավարակի դեմ։ Իսկ Հայաստանի դեմ զենքի ուժ բանեցնելը շեղում է քաղաքացիների ուշադրությունը։ Ալիևն այդ կերպ ժամանակ է շահում։ Թեև հայրենասիրությունը փոր չի կշտացնում, բայց շիկացնում է զգացումները։

Լեռնային Ղարաբաղում վերստին շիկացած պատերազմը դիվանագիտության պարտությունն է։ Եվրոպայի ափերին ի հայտ եկած այս հարցն առանձնապես չի հետաքրքրում Արևմուտքին։ ԱՄՆ-ը հետ է քաշվել՝ որպես համաշխարհային կարգ սահմանող ուժ, իսկ ԵՄ-ն երբեմն անհաջողակ է, երբեմն էլ՝ անհավես այս դերն ստանձնելու հարցում։ Քանի որ ոչ ոք իրեն պատասխանատու չի զգում, այս ամենի գինը Կովկասի հասարակ քաղաքացիներն են վճարում։

©Deutsche Welle Türkçe

https://www.dw.com/tr/yorum-da%C4%9Fl%C4%B1k-karaba%C4%9Fda-biraz-sava%C5%9F-herkesin-i%C5%9Fine-geliyor/a-55100507

Թարգմանեց Մելինե Անումյանը

«Արևմտահայաստանի և արևմտահայության հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամ

Akunq.net