կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-05 10:18
Հասարակություն

Օրհնյալ է հարությունը Քրիստոսի

Օրհնյալ  է հարությունը Քրիստոսի

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի «հրաշափառ» հարության տոնը: Սուրբ Հարության տոնը կոչվում է նաեւ Սուրբ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված:

 

Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ nրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» : Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:

 

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի ս. պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները եւ ազդարարվում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պահքի շրջանի ավարտը: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական ս. պատարագ:

 

Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

 

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: