Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի է, որ հարկային մարմինները 60 միլիոն դրամով տուգանել են ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառը:
Այսօր Աղաբաբյանը չէր եկել խորհրդարան, և լրագրողները հետաքրքվեցին նրա գործընկեր ՀՀԿ-ական գործարար պատգամավորներից, թե ի՞նչ են մտածում նրանք այդ հարկային գործի և իրենց բիզնեսների ապագայի մասին:
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ իրեն էլ կհասնեն այդ հարկային ստուգումները, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը (Պիվի Հակոբ) ժպտաց և ասաց. «Հետաքրքիր հարց եք տալիս: Կարծում եմ՝ ինձ այդ հարցը տալիս եք, որովհետև որոշ գործընթացների մասին տեղեկացված չեք»:
Հետո պատգամավորը մանրամասնեց, որ իր բիզնեսներից մեկը` «Կիլիկիա գարեջուր»-ը, նույնպես դեռ մեկ տարի առաջ տուգանվել է մեծ գումարով, և հիմա հարցը վիճարկվում է դատարանում: «Դատարանը վերջնական որոշում կկայացնի, և կպարզվի` հարկային մարմինները ճի՞շտ էին, թե՞ ոչ»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե Աշոտ Աղաբաբյանը գտնում է, որ ինքը ճիշտ է, կարող է դիմել դատարան:
Նշենք, որ, մեր տեղեկություններով, Աշոտ Աղաբաբյանը արդեն դիմել է դատարան՝ վիճարկելու հարկային մարմինների որոշումը: Նա կարծիք հայտնեց, որ պետք չէ գործարարների միջև տարանջատում մտցնել, թե այս մեկը սեփական թիմից է, մյուսը՝ ոչ:
«Բոլորս հայ ենք, և բոլորս պետք է միանման մտածենք, որ եթե ուզում ենք մեր երկիրը զարգացնենք, առաջ տանենք ու հաղթենք թուրքերին, ուրեմն պետք է միասնական լինենք, ու չասենք՝ սա մեր թիմից է, սա մեր թիմից չէ: Թուրք որ ասեցի, նկատի ունեմ, որ մենք պետք է այնքան հզոր լինենք, որ դառնանք Սինգապուր»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ հարկային մարմիններն իրենք իրենցով են ստուգումներ անում, ոչ թե Սերժ Սարգսյանի հրահանգով:
Նշենք, որ Հակոբ Հակոբյանին տուգանել են 1,5 մլն դոլարով: