Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Համայն Ռուսիո պատրիարքի հայտարարությունն այն մասին, թե անգամ Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաները չեն ոչնչացվել, վրդովմունք է առաջացրել Հայաստանում։ 20-րդ դարի վերջի և 21-րդ դարասկզբի իրադարձությունները Մերձավոր Արևելքում պատրիարքը համարել է ցեղասպանություն՝ հակադրելով անցյալի հետ, իսկ որպես օրինակ՝ Համայն Ռուսիո պատրիարքը բերել է Օսմանյան Թուրքիան: «Այո՛, եղել են քրիստոնեական փոքրամասնություններ, բայց նրանց ոչ ոք չի ոչնչացրել»,- հայտարարել է նա:
ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը, ով հայտնի է Ռուսաստանի նկատմամբ իր ջերմ վերաբերմունքով, չցանկացավ մեկնաբանել Համայն Ռուսիո պատրիարքի հայտարարությունը` ասելով. «Այդ հայտարարությունը պետք է հուզի ուղղափառ եկեղեցու մեր հայրենակիցներին»:
ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի մեկ այլ ՀՀԿ-ական անդամ` Շիրակ Թորոսյանը, նշեց, որ Համայն Ռուսիո պատրիարքը ժամանակին հստակ դիրքորոշում է արտահայտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ` դատապարտելով այն իրականացնողներին: Հետևաբար, այդ հայտարարության մեջ պատգամավորը որևէ դիտավորություն չի տեսնում:
«Մարդը սուբյեկտիվ էակ է, և կարող է պահի տակ իր արտահայտությամբ ոչ միտումնավոր սխալ ընկալվել: Կարծում եմ` Համայն Ռուսիո պատրիարքը նկատի է ունեցել ԻՊ և Թուրքիայի այսօրվա վարքագիծը և շեշտադրելու համար, թե որքան դաժան են այսօր վերաբերվում քրիստոնյաներին, փորձել է միտք արտահայտել, թե Օսմանյան կայսրությունում նույնիսկ քրիստոնյաներին չեն կոտորել` հավանաբար չգիտակցելով, պատմությանը լավատեղյակ չլինելով կամ չպատկերացնելով, որ պատմական տեսանկյունից կարող է սխալ արտահայտություն անել, որը սկանդալային կարող է լինել հայերի համար»,- ասաց պատգամավորը: