կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-02 15:27
Հասարակություն

40 մլն դոլար՝ Հայաստանին, 5 մլն դոլար՝ Ղարաբաղին. Հայ Դատի հանձնախումբը դիմել է Կոնգրեսին

40 մլն դոլար՝ Հայաստանին, 5 մլն դոլար՝ Ղարաբաղին. Հայ Դատի հանձնախումբը դիմել է Կոնգրեսին

Yerkirmedia.am -ի տեղեկացմամբ` Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության հարցերով ենթահանձնաժողովը հունիսի 3-ին ուրվագծելու է 2016 թվականի պետբյուջեի նախագիծը՝ բաշխելով այդ տարում հատկացվելիք արտաքին օգնության չափերը: Այդ ժամանակ պարզ կդառնա, թե հանձնաժողովը որքանո՞վ է պաշտպանում նախագահ Օբամայի առաջարկած` ամերիկյան օգնության չափը Հայաստանի եւ Արցախի համար:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Կոնգրեսին արդեն ուղղել է իր պահանջները: Այն Հայաստանի բարեկամներին հորդորում է այցելել anca.org/aid կայքէջը եւ իրենց աջակցությունը հաստատել հետեւյալ պահանջներին` Լեռնային Ղարաբաղի համար զարգացման ամերիկյան օգնությունը սահմանել առնվազն 5 միլիոն դոլար, իսկ Ադրբեջանի համար ամերիկյան ռազմական օգնությունը զրո՝ մինչեւ այդ երկիրը չհամաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին՝ հետ քաշել իր դիպուկահարներին, դադարեցնել ագրեսիան, հրաժարվել բռնությունից եւ հետեւել հակամարտության միայն խաղաղ կարգավորման պահանջներին։ Հայաստանի համար սահմանել առնվազն 40 միլիոն դոլարի տնտեսական օգնություն:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Միացյալ Նահանգներում Հայաստանի բարեկամներին առաջարկում է իր կայքէջում հաստատել կոնգրեսականներին ուղղված նաեւ հետեւյալ պահանջները՝ մարդասիրական եւ վերաբնակեցման առանձին օգնություն ամրագրել Սիրիայում վտանգի մեջ գտնվող հայերի, ասորիների եւ ազգային, կրոնական այլ փոքրամասնությունների համար, ինչպես նաեւ թիրախային օգնություն սահմանել, որպեսզի Հայաստանը կարողանա վերաբնակեցնել Սիրիայից փախած հազարավոր մարդկանց;

Վրաստանին հատկացվելիք ամերիկյան օգնության առնվազն 10 տոկոսն ամրագրել որպես թիրախային օգնություն երկրի Սամցխե-Ջավախք շրջանում նոր աշխատատեղերի ստեղծման ծրագրերի համար:

Այս տարի փետրվար ամսին նախագահ Օբամայի վարչակազմը հրապարակեց ԱՄՆ-ի 2016 թվականի ֆինանսական տարվա բյուջեի ուղերձը, որում մտադրություն կա կրճատել Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օգնության չափը, սակայն` պահպանելով հակամարտող երկու երկրներին տրվող ռազմական օգնության հավասար չափը:

Մանրամասն` սկզբնաղբյուրում