կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-23 14:20
Հասարակություն

Սիրիահայ գործարարները խնդրում են սառեցնել իրենց վարկային պարտավորությունները

Սիրիահայ գործարարները խնդրում են սառեցնել իրենց վարկային պարտավորությունները

Մի խումբ սիրիահայ գործարարներ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին, որ ՀՀ կառավարության կողմից 2 տարի առաջ հատուկ ծրագրով իրենց տրված վարկային արտոնություններից օգտվելիս բախվում են բազմաթիվ խնդիրների:

 

Ոսկերիչ Միքայել Կարապետը նշեց, որ ինքն արդեն բավական երկար ժամանակ է, ինչ զբաղվում է բիզնեսով, և բոլորովին էլ անփորձության պատճառով չէ, որ այժմ բազմաթիվ խնդիրներ ունի, և իր բիզնեսները կանգնած են փակման եզրին: «Մենք կառավարությունից խնդրում ենք, որ 6 ամսով կամ մեկ տարով սառեցնեն մեր վարկային պարտավորությունները, որպեսզի մենք կարողանանք մեր ունեցած գումարներով կատարել բազմաթիվ այլ վճարումներ: Հասկանալի է, թե ինչ խնդիրների ենք բախվում փող չունենալու պատճառով: Օրինակ` Սիրիայում, երբ բիզնեսմենը նոր էր սկսում իր գործունեությունը, որոշ ժամանակով ազատվում էր վարկային պարտավորություններից: Այստեղ մեր մի քանի գործընկերներ ստիպված են իրենք անձամբ աշխատել ուրիշների բիզնեսներում, որ կարողանան վարկային պարտավորությունները կատարել»,- նշեց գործարարը:

 

Մեկ այլ գործարար` Հրաչ Բալ-Մանուկյանը տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում են դիմել կառավարություն՝ խնդրանքով` որոշ ժամանակով սառեցնել իրենց վարկային պարտավորությունները: «Մենք չենք կարողանում այլևս աշխատել, եթե որոշ ժամանակով ազատվենք այդ վարկային պարտավորություններից, ավելի լավ վիճակում կհայտնվենք և միայն վնասով չենք աշխատի»,- ասաց գործարարը:

 

Հարցին, թե շուկայում առկա մրցակցությունը և՞ս կարող է խանգարող հանգամանք հանդիսանալ, և հայ մրցակիցների կողմից կարո՞ղ են լրացուցիչ խնդիրներ առաջ բերվել, գործարարը պատասխանեց. «Նման բան չկա, դա չէ մեր խնդիրը: Պարզապես ներկա տնտեսական վիճակն ամենաանմիջական ազդեցությունն է ունենում մեզ վրա: Մենք խնդրում ենք, որ որոշ ժամանակով սառեցվեն մեր վարկային պարտավորությունները: Մոտ 50-60 գործարար ևս այդ վիճակում է գտնվում, նրանց անունից էլ ենք մենք հանդես գալիս»: