Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացնում էր կառավարության ծրագիրը: Նա անդրադարձ կատարեց բիզնես միջավայրի ուղղությամբ կառավարության անելիքներին:
Մասսնավորապես, ըստ վարչապետի, հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները և աշխարհաքաղաքական դիրքը՝ պետք է արձանագրել, որ բարեփոխումների ներկայիս փուլում բավարար չէ միայն հավասար պայմանների ստեղծումը: Ուստի կառավարությունը պետք է իր վրա վերցնի՝ թեկուզ ժամանակավորապես, ներդրումային ակտիվության, դրա միջոցով աշխատատեղերի ստեղծումը խթանողի գործառույթը և զանազան գործիքակազմով մասնակցություն ցուցաբերի Հայաստանի համար առանցքային ներդրումային ծրագրերի իրականացման գործում։ Հենց այդ նպատակով կառավարությունը կստեղծի հատուկ ներդրումային հիմնադրամ, որը կնպաստի Հայաստանում տնտեսական նախագծերի արագ ձևավորմանն ու զարգացմանը։
«Այս ոլորտում կառավարությունը պլանավորում է աշխատել ներդրումային օրենսդրության կատարելագործման վրա, բարձրացնել տնտեսական գործունեությունը խթանող կառույցների գործունեության արդյունավետությունը, գույքագրել չօգտագործվող արտադրական կարողությունները, մշակել դրանց վերագործարկումը խթանող հատուկ մեխանիզմներ, իրականացնել առարկայական քայլեր՝ 2017 թվականի արդյունքերով բիզնես միջավայրի վարկանշային գնահատումներ իրականացնող միջազգային կազմակերպություններում առնվազն 4 կետով Հայաստանի դիրքերի բարելավման ուղղությամբ:
Բիզնես միջավայրի բարելավումը մշտական և անընդհատ գործառույթ է: Այս առումով` գերխնդիր է անընդհատ մոնիթորինգի ենթարկել, բացահայտել և վերացնել տնտեսական ակտիվությանը խոչընդոտող իրավական նորմերն ու պրակտիկան: Բիզնես հանրությունը պետք է ոչ միայն մշտապես տեղեկացվի այս աշխատանքներին, այլև գործուն մասնակցության հնարավորություն ունենա բարեփոխումների ընթացքին: Հատկապես կարևոր է այս աշխատանքներում փոքր և միջին ձեռնարկությունների ընդգրկումը, նրանց համար հնարավորությունների ստեղծումը և այդ հնարավորություններն օգտագործելուն իրապես աջակցելը»,- նշեց վարչապետը:
Ըստ նրա` յուրաքանչուր գործարար կունենա հնարավորություն «թեժ գծի» միջոցով ուղիղ կապ հաստատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ։ Կառավարության պաշտոնական կայքում կտեղադրվեն տեղեկատվություն աշխատակազմի այն պատասխանատուների մասին, որոնց միջոցով գործարարները կարող են իրենց հուզող հարցերն ուղղել վարչապետին, որևէ դիմում անարձագանք չի մնա։
«Աշխատանքներ կիրականացվեն նոր ստեղծվող, ինովացիոն, ինչպես նաև հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկությունների ընդգրկմամբ առավելագույն ավելացված արժեք ստեղծող արտադրական շղթաների համար օրենսդրական և ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ: Բիզնեսի որոշ տեսակներ կխթանվեն (օրինակ` ջերմոցային տնտեսություն, գյուղատնտեսական մթերքների վերամշակում և այլն) էներգակիրների սահմանափակ ժամկետով գործող արտոնյալ սակագների միջոցով: Համապատասխան թվով նոր աշխատատեղեր ստեղծող ձեռնարկություններին կառավարությունը կաջակցի հարկային արտոնությունների և էներգակիրների արտոնյալ սակագների միջոցով:
Տնտեսության վրա մուլտիպլիկատիվ մեծ ազդեցություն ունեցող տուրիզմի ոլորտը լինելու է մեր ուշադրության կենտրոնում: Նոր ձևավորված տուրիզմի կոմիտեի միջոցով առավել նպատակաուղղված ներկայացվելու է Հայաստանի գրավչությունը, ձեռնարկվելու են միջոցառումներ էապես ավելացնելու տուրիստների ներհոսքը: Ապահովվելու են բյուջետային ավիաընկերությունների թռիչքներ Հայաստան՝ հատկապես ուղղորդելով նրանց Գյումրիի օդանավակայան»,- ներկայացրեց վարչապետը:
Ըստ նրա` տտեսական գործունեության ողնաշար հանդիսացող արտադրական ենթակառուցվածքները լինելու են ուշադրության կենտրոնում: «Էներգետիկ համակարգում նոր որակի ենք ձգտելու տարածաշրջանային շուկայում ակտիվ առևտրային կապերի միջոցով: Հայաստանի համար կենսական արտաքին առևտրի կայուն զարգացման համար հետևողականորեն զարգացնելու ենք երկրի կոմունիկացիաները, աջակցելու ենք տեղեկատվական տեխնոլոգիաների սեկտորին»,- ասաց Կարեն Կարապետյանը: