կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-28 10:20
Հասարակություն

Գործարարները ներկայացրել են Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ իրենց նկատառումները

Գործարարները ներկայացրել են Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ իրենց նկատառումները

Շրջանառության մեջ է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվող նոր կարգավորումները քննարկեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Հանդիպմանը մասնակցող ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Պողոսյանը վիճակագրական տվյալների հիման վրա անդրադարձավ այն հիմնավորումներին, որոնք ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է փոփոխություններն ու լրացումներն առաջարկելիս։

Իրենց հերթին ՀԱԳՄ անդամներն անդրադարձան այն խնդիրներին, որոնք, ըստ նրանց, կարող են հանգեցնել նոր կարգավորումները։ Վերջիններիս ընդունումից առաջ, նրանց խոսքով՝ նախ պետք է հանգամանալի ուսումնասիրվեն ներկա իրողությունները, դիտարկվեն դրանց ազդեցությունը հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների վրա, կիրարկման համար նախապատրաստել համապատասխան տեխնիկական հենք, ապահովել հանրային իրազեկում։

Օրենքի առնչությամբ իրենց նախարարության դիրքորոշումը ներկայացրին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարներ Ռաֆայել Գևորգյանը, Անի Իսպիրյանը, Գործարար և ներդրումային միջավայրի բարելավման վարչության պատասխանատուները։ Նրանք իրենց համաձայնությունը հայտնեցին գործարարների բարձրաձայնած շատ կարծիքների հետ։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց եղած առաջարկներն ու լուծումները գրավոր ներկայացնել պետական պատկան ատյաններին, հարկ եղած դեպքում անցկացնել համանման ևս մեկ քննարկում։