Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրողության հետեւանքով 1990-ական թվականներին Հայաստանը միջազգային կազմակերպություններից եւ դոնոր երկրներից ներգրավեց մեծածավալ վարկային միջոցներ։ 1997թ. վերջին երկրի արտաքին պարտքը հասնում էր գրեթե 650 մլն դոլարի։ Հայաստանը հայտնվել էր ծանր պարտքային բեռ ունեցող երկրների շարքում։ Արդեն 1998թ. արտաքին պարտքի սպասարկումը կազմեց 92.5 մլն դոլար,որից 18.5 միլիոնը տոկոսավճարի եւ 74 միլիոնը հիմնական գումարի սպասարկման դիմաց։ Սա չափազանց մեծ ծանրաբեռնվածություն էր սուղ եկամուտներ ունեցող Հայաստանի բյուջեի համար։
Այդ տարիներին համախառն ներքին արդյունքի հարաբերությամբ արտաքին պարտքը կազմում էր շուրջ 30 տոկոս։ Այն գրեթե եռապատիկ գերազանցում էր արտահանումը։ Սա չափազանց վտանգավոր ցուցանիշ է ցանկացած երկրի համար։
Չնայած 1991-1997թթ. Հայաստանի նեգրաված վարկերի գերակշիռ մասը բաժին էր ընկնում միջազգային ֆինանսական կառույցներին,այնուհանդերձ,որպես այդպիսին, առաջին վարկը եղել է ռուսական։ 1991թ. Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի Դաշնությունից վերցրել է 400 մլն ռուբլու վարկ։ Հետագա մի քանի տարիներին եւս շարունակում են ներգրավել ռուսական վարկեր։ Դրանց մի մասը տրամադրվում էր բավականաչափ ծանր պայմաններով։ Պատահական չէր,որ արդեն 1996թ. Հայաստանը կանգնեց այդ վարկերը վերադարձնելու դժվարությունների առջեւ։ Չկարողանալով ժամանակին կատարել իր պարտավորությունները՝ քաղաքական իշխանությունը ընտրեց դրանք ավելի ծանր պայմաններով հետաձգելու ճանապարհը,ինչը երկրի անվճարունակության առաջին դրսեւորումն էր։
1997թ. ռուսական վարկերի հիման վրա վերաձեւավորվեց 73.7 մլն դոլարի վարկ՝ չափազանց ծանր պայմաններով։ Թեեւ վարկի մարման ժամկետայնությունը 10 տարի էր,այնուհանդերձ, այն ուներ ընդամենը 2.5 տարվա արտոնություն։
Վերաձեւակերպելիս կառավարությունը ստանձնեց նաեւ լրացուցիչ պարտավորություններ։ Եթե մինչ այդ ռուսական վարկերը վերցվել էին առավելագույնը 4 տոկոսով, ապա վերաձեւակերպվեց 5 տոկոսով։ Սա նշանակում է՝ 10 տարվա ընթացքում լրացուցիչ եւս 7 մլն դոլար։
Փաստորեն, կառավարության վատ աշխատանքի եւ վարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու պատճառով արհեստականորեն ավելանում էր երկրի արտաքին պարտքը,իսկ դրա համար որեւէ մեկը պատասխանատվություն չէր կրում։
Թերեւս պատահական չէ,որ համատարած թողտվության պայմաններում բազմաթիվ էին վարկային միջոցների անարդյունավետ օգտագործման դեպքերը։ Երբեմն դրանք ծախսվել են եւ, բացի պարտքի բեռը մեծացնելուց,ոչինչ չեն տվել երկրին։ Առանձին դեպքերում երկիրը նույնիսկ ստիպված է եղել տուգանքներ վճարել վարկատուներին։
Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի կառուցման համար 1993թ. Հայաստանը 57.4 մլն դոլարի վարկ վերցրեց Զարգացման եւ վերակառուցման եվրոբանկից։ Վարկը ծախսվեց, բայց կայանը չշահագործվեց,որովհետեւ չհաջողվեց ամբողջովին ավարտել շինարարությունը։ Գումարները ծախսելուց հետո պարզվեց,որ նախկինում արտասահմանյան փորձագետների տված գնահատականները,որոնց հետո անխոս համաձայնել էր կառավարությունը,անհիմն են եղել։ Վարկը փոշիացվեց,իսկ դրա համար իշխանությունը որեւէ պատասխանատվություն չկրեց։ Դրա հետեւանքով Հայաստանի արտաքին պարտքը ավելացավ եւս 57.4 մլն դոլարով։
Չնայած հետագայում վարկի ուսումնասիրության ժամանակ ի հայտ եկան նաեւ չարաշահումներ,այնուհանդերձ, դրանից իրավիճակն ամենեւին չի փոխվում։ Գումարը ծախսվեց բացարձակապես անարդյունավետ։ Ի դեպ,հետագայում երկիրը զգալի դժվարությունների առջեւ կանգնեց նաեւ այն վերադարձնելու հետ կապված։
Վարկերի անարդյունավետ օգտագործման վերաբերյալ փաստերը շատ բազմազան են։ Առանձին դեպքերում ներգրաված միջոցների զգալի մասն ուղղվել է խորհրդատվության համար,թեեւ երբեմն իշխանությունները նույնիսկ չեն էլ օգտվել դրանցից։ Ի դեպ,որոշ դեպքերում խորհրդատվական կազմակերպությունները ստեղծում էին իշխանությանը մոտ կանգնած մարդիկ եւ,ըստ էության,իրենք իրենց պատվեր էին իջեցնում՝ լվանալով հսկայական գումարներ։
Դեռեւս 1998թ. ուսումնասիրելով չինական ապրանքային 4.8 մլն դոլարանոց վարկը՝ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը եզրակացրեց,որ դրա «օգտագործման եւ մարման գործընթացը բոլոր չափանիշներով անարդյունավետ է եղել»։ Թեեւ «ժամանակին ծրագրին մասնակցող տնտեսվարողները բազմիցս բողոքել են գործվածքների անորակությունից,այնուհանդերձ, դրանց որեւէ ընթացք չի տրվել»։
Բերենք այս վարկի հետ կապված ընդամենը մեկ փաստ։ Միայն ապրանքի տեղափոխման համար ծախսվել է վարկի գումարի 17 տոկոսը։
ԱՄՆ-ից եւ Եվրոպայից ստացված 105 մլն դոլար ապրանքային եւ առեւտրային վարկերի իրացումից հետո առաջացել են տարբերություններ,որի հետեւանքով «պետական բյուջե մուտք է գործել զգալիորեն ավելի քիչ գումար,քան վարկերի բացարձակ չափն է»։
Մեկ այլ դեպքում՝ 1995թ. Հայաստանը 15 մլն դոլարի վարկային պայմանագիր ստորագրեց դարձյալ Եվրոբանկի հետ՝ գյուղատնտեսության մեծածախ շուկա կառուցելու համար։ Վարկի մի մասն օգտագործվեց,բայց անարդյունք։ Հետագայում պարզվեց,որ ծրագրի իրականացումը հիմնավորված չէ եւ չի կարող արդյունավետ լինել։ Վարկային պայմանագիրը դադարեցվեց,իսկ երկիրը չօգտագործված գումարի դիմաց վճարեց ավելի քան 1.4 մլն դոլարի տուգանք։
Նման փաստերը բազմազան են։ Դրանց պատասխանատուն,անշուշտ,երկրի քաղաքական իշխանությունն է,որի գործունեության կամ անգործության հետեւանքով 1991-1997թթ. երկրին պատճառվել է տասնյակ միլիոնավոր դոլարի վնաս։
Հարց է առաջանում՝ որեւէ մեկը պատասխանատվություն պե՞տք է կրի դրա համար,թե՞ ոչ։ Երբ ներգրավվել են գումարներ,որոնք միայն վնաս են տվել երկրին,մի՞թե դա հանցագործություն չէ կամ պաշտոնական դիրքի չարաշահում։ Երբեմն հասարակ քաղաքացիները պատժվում են պետությանը մի քանի հազար դրամի վնաս հասցնելու համար։ Այնինչ՝ տասնյակմիլիոնավոր դոլարների վնաս հասցրած պաշտոնյաները ոչ միայն որեւէ պատասխանատվություն չեն կրել իրենց գործունեության համար,այլեւ փորձում են հերքել անհերքելին։
Շարունակելի