Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցեր ուղղեցին Սերժ Սարգսյանի վերջին հայտարարության մասին, որ մտահոգիչ է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը:
«Պետությունների փոխհարաբերություններում երրորդ պետություն չպետք է լինի: Բայց քանի որ Ռուսաստանի հետ մենք ռազմավարական գործընկերներ ենք, բարոյական տեսակետից` այստեղ խնդիրներ կան: Նախագահը իրողությունը հետևյալ ձևով ներկայացրեց, թե՝ միևնույն է, եթե Ռուսաստանը զենք չվաճառեր Ադրբեջանին, մի ուրիշին պիտի վաճառեր: Բայց այլ բան է, երբ հայ զինվորի վրա կրակում են ռուսական զենքից: Այստեղ ավելի շատ էմոցիոնալ-հոգեբանական խնդիր ունի մեր ժողովուրդը: Դա մեզ բարոյական տեսակետից խոցելի է դարձնում»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ, վերջին հաշվով, Ադրբեջանը եթե Ռուսաստանից զենք չգնի, որևէ այլ պետությունից է գնելու:
ԱԺ նախագահը հավելեց, որ իր` Մոսկվա կատարած այցի ընթացքում զենքի վաճառքի վերաբերյալ մտահոգությունը հայտնել է իր ռուս գործընկերներին:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Աստանայում Բելառուսի, Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահների միջև հանդիպմանը Հայաստանը չի հրավիրվել, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ դա ԵՏՄ կազմակերպած միջոցառումը չէր, պարզապես այդ երկրները ներքին խնդիրներ ունեին, հանդիպել են, որ լուծեն:
«Դա նույնն է, որ Սերժ Սարգսյանը հանդիպի այդ պետություններից որևէ մեկի կամ երկուսի ղեկավարների հետ, ասենք՝ էն մեկին ինչու են դուրս թողել»,- ասաց նա:
Գալուստ Սահակյանը վերջում խոսեց հայրենիքի հանդեպ սիրո մասին: «Պետք չէ տրվել թշնամանքին ու մաղձին, այլ սիրել սեփական պետությունն ու ժողովրդին եւ մտածել նրանց մասին: Սիրիր քո պետությունն ու ժողովրդին եւ միշտ մտածիր նրանց մասին: Դարեր շարունակ մենք միշտ կորցրել ենք, որովհետեւ չենք հետեւել այդ պարզ ու հստակ մտքին: Դրանից էլ անկում են ապրել մեր թագավորությունները: Ես խոսում եմ հայրենիքի հանդեպ սիրո մասին»,- ասաց նա: