կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-24 17:45
Առանց Կատեգորիա

Թե ինչու է Գալուստ Սահակյանը հրճվում ընդդիմության ''զրոյացումից''

Թե ինչու է Գալուստ Սահակյանը հրճվում ընդդիմության ''զրոյացումից''

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ոչ թե իշխանությունն ունի ընդդիմության կարիքը, այլ հակառակը, քանի որ, ըստ նրա, ընդդիմությունը «զրո է, իսկ զրոները ճանապարհ չունեն»: Նա նաև հավելում է, թե իշխանությունը պատրաստ է համագործակցության, բայց չի բացատրում, թե ինչպես է հնարավոր համագործակցությունը «զրոյի» հետ:

 

Նույն պահին քաղաքական նույն թիմը ներկայացնող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է. «Իշխանությունը պարտավոր է լսել ընդդիմությանը նույնիսկ, եթե այդ ընդդիմությունը պառակտված է, փոքրաթիվ և թույլ: Դա իշխանության պարտավորությունն է, որովհետև ընդդիմությունն առաջ է քաշում գաղափարներ, որոնք օգտակար կարող են լինել»: Փաստորեն, քաղաքական մեծամասնությունը դեռևս չի կողմնորոշվել` ի վերջո, իր համար ընդդիմությունը «զրո՞» է, թե՞ ոչ, այն արժեք ունի՞ ընդհանրապես պետության կառավարման տեսանկյունից, թե՞ ոչ: Իսկ դա նշանակում է, որ իշխանությունը մեծ հաշվով չգիտի` երկրին ինչպիսի ընդդիմություն է պետք:

 

Գալուստ Սահակյանի և նրա աշխարհըմբռնման կրողների համար, որոնք, ի դեպ, մեծամասնություն են կազմում, ամենաարդյունավետ ընդդիմությունը փաստացի չեղած ընդդիմությունն է, այսինքն` ընդդիմության չգոյությունը: Դա հասկանալի է` միայն նման ընդդիմության ֆոնին է գալուստսահակյանական իշխանությունը կարողանում բավարարել իր հնդկահավային ինքնասիրահարվածությունն ու ինքնագոհությունը, որն արդեն հատել է լկտիության սահմանագիծը: Միայն նման իշխանության ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովի ամբիոնից առանց վարանելու պնդել, թե, օրինակ, գլխավոր դատախազից կարող է դժգոհել միայն հանցագործը: Այսինքն` նրանք, ովքեր հանցագործ չեն, տուժեղներ են կամ պարզապես մարդիկ, ովքեր դատախազից պահանջում են ապահովել արդարություն և օրինականություն, հանցագործներ են:

 

2012թ. նոյեմբերի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազությունում անցկացրած խորհրդակցության ժամանակ դժգոհեց դատախազության գործունեությունից: «Պետք է փաստեմ, որ շարունակում է արդիական մնալ առանձին դատախազների անփութության կամ չարամտության խնդիրը, որը, ցավոք, արժանի գնահատականի չի արժանանում: ...Մասնավոր հետեւությունն այն է, որ առանձին անհատներ այս ամենից պարզապես դասեր չեն քաղել: Դասեր չեն քաղել, որովհետեւ դատախազության ներսում ես չեմ տեսնում սուր պայքար այդ երեւույթների դեմ»,- ասել էր նախագահը: Գալուստ Գրիգորիչի տրամաբանությամբ երկրի նախագահը և՞ս հանցագործ է: Հետաքրքիր է իմանալ` արդյո՞ք նա ՀՀԿ-ի քաղխորհրդի ուրբաթօրյա նիստերից որևէ մեկի ժամանակ համարձակվել է այդ մասին բացեիբաց ասելու Սերժ Սարգսյանին այն նույն համարձակությամբ, ինչպես դա արդեց ԱԺ-ի ամբիոնից կին պատգամավորի նկատմամբ: Համոզված կարելի է ասել, որ ոչ, որովհետև «զրո լինելու» կարգի մտածողությունը դա հաստատ նրան թույլ չէր տա:

 

Այս մտածողության կրողները ճանաչում են միայն ուժի իշխանությունը, հետևաբար` նրանց համար զրոյական չէ միայն այն ընդդիմությունը, որը ունակ է ուժին ուժով պատասխանել. իշխանական թաղային խուժանին հակադրել սեփական փողոցային խուժանը, իշխանական օլիգարխիկ ռեսուրսին հակադրել սեփական օլիգարխիկ ռեսուրսը, ընդդիմությանը զրոյացնելու մտածողությանը հակադրել իշխանությանը զրոյացնելու մտածողությունը: Մերժելով ընդդիմության գաղափարականությունը և մարգինալացնելով այս տեսակը` իշխանությունն ստեղծում է հենց նման տիպի ընդդիմության առաջարկ: Եվ դա աստիճանաբար  հասունացնում է մի պարզ երկընտրանք. ընդհանրապես ընդդիմություն ունենալու կամ չունենալու:

 

Եթե ընդդիմությունը իշխանության տեսանկյունից միայն նրա համար է, որ, որքան սիրտն ուզի խոսի, հրապարակներից ու պառլամենտական ամբիոններից, առանց հնչող քննադատության մեջ ռացիոնալ հատիկը որսալու, ուրեմն այդ խորհրդարանին ընդդիմություն իսկապես պետք չէ: Պատահական չէր, ի վերջո, որ կառավարության ծրագրի վերաբերյալ ընդդիմության հնչեցրած առարկայական քննադատությանը խորհրդարանական մեծամասնությունն այդպես էլ առարկայական հակափաստարկներով չպատասխանեց: Որովհետև «զրո»-ին չեն պատասխանում. նրան ընդհանրապես չեն նկատում, ու վերջ: Խորհրդարանական մեծամասնությունը, ելնելով սրանից,  կառավարության ծրագիրն ընդունեց ոչ թե այն պատճառով, որ լավն էր, համոզիչ էր ու իրատեսական, այլ որովհետև իրենցն էր: Իսկ այն, ինչ իրենցն է, նրանց պատկերացմամբ, չի կարող լավը չլինել: Հենց այդ պատճառով է, որ Գալուստ Սահակյանը համառորեն փորձում է ինքն իրեն համոզել, որ ընդդիմությունը կառավարության ծրագիրը մերժում է ոչ թե այն պատճառով, որ այն որակապես լավը չէ և սոցիալ-տնտեսական զարգացման առումով հավատ չի ներշնչում, այլ որովհետև ընդդիմությունը... դեմ է, օրինակ, աշխատավարձերի բարձրացմանը: Նա հենց այդպես էլ ասում է. «Ընդդիմությունը հայտարարում է, որ դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին, բայց դե ինչին է դեմ քվեարիկելու, դա էլ հայտնի չէ՝ կոռուպցիայի դեմ պայքարի՞ն, աշխատավարձերի բարձրացմա՞նը...»:  

 

Իշխանությունը պարզապես չարախնդում է, որ ընդդիմությունը թույլ է ու պառակտված: Ընդդիմության թուլությունն ու պառակտվածությունը սկսում են վերածվել սեփական անգործությունը կամ սխալներն արդարացնելու գործիքի: Բայց սա կարող է էֆեկտիվ լինել կարճաժամկետ կտրվածքով: Երկարաժամկետ հեռանկարում նման ընկալումներն ու վերաբերմունքը աղետալի հետևանքներ կարող են ունենալ և ունենում են: Ընդդիմության զրոյականացումը` անկախ պատճառից ու դրանում հենց ընդդիմադիր ուժերի մեղավորության ու պատասխանատվության չափից, կարող է հանգեցնել ուժային կենտրոնը քաղաքական հարթությունից հասարակական, նույնիսկ` ամբոխային միջավայր տեղափոխվելուն, որտեղ գյուղացիները տարերայնորեն ճանապարհներ են փակում, ոստիկաններ ծեծում, մասնավոր ընկերությանը պատկանող գույքը ձորը նետում, իսկ իշխանությունը ստիպված է լինում դրանց դեմ հանել ոստիկանական զրահամեքենաներն ու ներքին զորքերը: Եթե այսպիսի ընդդիմությանն է հարգում գալուստսահակյանական իշխանությունը, ուրեմն պետք է նաև կրի դրա հնարավոր բոլոր հետևանքների պատասխանատվությունը:

 

Գևորգ Աղաբաբյան