կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-30 17:18
Հասարակություն

«Մշո դաշտում կոտորումը սկսվեց Վարդավառի տոնի օրը»

«Մշո դաշտում կոտորումը սկսվեց Վարդավառի տոնի օրը»

Նոյեմզար Մելքոնի Մուրադյանի վկայությունը

Մուշ, Մկրագոմ գյուղ, 1883 թ.,

 

Նոյեմզար Մուրադյանն իր հուշերում պատմում է, որ 1915-ի Վարդավառի տոնի օրը` վաղ առավոտյան, քրդերը սկսել են վառել Մշո դաշտը: Նա նշում է, որ քրդերը տղամարդկանց հավաքում, տանում էին, իսկ կանանց ու երեխաներին քշում մարագներն ու վառում: Ականատեսի 5 երեխայից ողջ են մնացել 3 տղան: Մեծ աղջիկն անհետ կորել է, իսկ փոքրը մահացել գաղթի ճանապարհին:

 

«Ամուսնուս` Դանիելին, քրդերը սպանեցին 1915 թ. Վարդավառի տոնի օրը: Մշո դաշտում կոտորումը սկսվեց հենց այդ օրը:

 

Վարդավառի կիրակին էր: Լույսը դեռ նոր էր բացվել, երբ մեր գյուղում վայնասուն բարձրացավ, թե քրդերը Մշո դաշտն առել են ոտքի տակ. տղամարդկանց հավաքում, տանում էին, կանանց ու երեխաներին լցնում էին մարագներն ու վառում: Ես երեխաներիս վերցրի մտա մեր մարագը, մի քիչ մնացի, հետո բարձրացա տանիք: Տեսա` ի՜նչ. մեր գյուղի ծայրի տներից կրակ ու ծուխ է ելնում, երկինքը ծածկում: Իմ փոքր աղջիկը գրկանոց երեխա էր: Ավիսարը, Գրիգորը, Սոսեն, Քյարամը, Սաթիկը` բոլորը հինգ երեխա էին: Ինչ անեմ, մոլորվեցի` մնացի: Հետո դուրս եկանք, զգուշությամբ ճամփա ընկանք, որ փախչենք: Հեռվից քրդերը նկատեցին: Եկան մեզ էլ մարագը նետեցին: Տեսնեմ մեր հարևան կանայք էլ այնտեղ են, լալիս են ու ճչում: Իմ փոքրիկ աղջիկն էլ ձայնը գլուխը գցեց: Քուրդը դուռը մեզ վրա փակեց ու գնաց: Շատ չանցած ես նկատեցի, որ մարագի անկյունը փլված է և լույս է երևում: Մեկ-երկու քար էլ ես փլեցի, երեխաներիս այդ անցքից դուրս հրեցի: Սոսեն աչքիցս կորավ, չգտա, որ դուրս հանեի: Ապա ես էլ դուրս սողացի, վազելով փախանք, մտանք մոտակա տան գոմը: Հետո թաքնվեցինք դեզի մեջ: Մեկ էլ ճչոցներ լսեցինք: Քրդերը մարագն այրել սկսեցին: Բոլորը ճչում էին, կրակը ճարճատում էր: Վայ, լաո՜, այդ ի՞նչ էր, այդ ի՞նչ էր… չեմ կարող մոռանալ այդ օրը…

 

Փախեփախին հազար ու մի դժվարություն հաղթահարեցինք: Հազար անգամ մահվան աչքերին նայեցինք: Բայց ինձ հաջողվեց իմ երեք տղաներիս փրկել, հասցնել Ախուրյանի այս ափը, իսկ գեղեցիկ Սոսեն անհետ կորավ գաղթի ճանապարհին, կամ` խեղդվեց գետն անցնելիս: Գուցե` թուրքերն ու քրդերը տարան: Գաղթի ճամփին ծարավից մեռավ ծծկեր Սաթիկս, որն անվերջ ջուր էր խնդրում` «Բու՜, բու՜» կանչելով… Ես իմ զավակներով փրկվեցի ջարդից: Հետո կրկին ամուսնացա և ապավինեցի իմ բախտին: Ամեն երեկո քուն մտնելուց առաջ շնորհակալություն եմ հայտնում Տիրոջը ապրածս օրվա համար: Ամեն լուսաբացին խնդրում եմ Աստծուց` «Ցամաք աչոք ման իտաս»:

 

Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 7, էջ 88:

 

Աղբյուրը՝ http://armeniangenocide100.org/news/