կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-16 16:12
Առանց Կատեգորիա

Րաֆֆի Հովհաննիսյանը եւս ուրախ է եւ հպարտ

Րաֆֆի Հովհաննիսյանը եւս ուրախ է եւ հպարտ

Ի՞նչը կարող է ստիպել կուսակցության ղեկավարին, ով այս ժամանակահատվածում Հայաստանում չէ, հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ: Բնականաբար, դրա համար պետք է կոնկրետ իրադարձություն եւ տվյալ իրադարձության վերաբերյալ տվյալ կուսակցապետի շատ սպասված խոսքը:

 

Այսինքն` երբ Րաֆֆի Հովհաննիսյանը, չսպասելով Երեւան վերադառնալուն, Լոս Անջելեսից` իր ծնողների մոտից, այսօր անհապաղ պաշտոնական հայտարարությամբ է հանդես գալիս, կնշանակի ինչ-որ կոնկրետ իրադարձություն է եղել, որի վերաբերյալ Րաֆֆին ցանկանում է րոպե առաջ իր կարծիքն ասել:

 

Դատելով «Ժառանգություն» կուսակցության ղեկավարի հայտարարությունից` տեղի ունեցած կոնկրետ իրադարձությունը սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների, այդ թվում` «Ժառանգության» ներկայացուցիչների հանդիպումներն են: Այստեղ նկատենք, որ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը Բաղրամյան 26-ից դուրս գալուց հետո հայտարարեց, որ իր եւ Արմեն Մարտիրոսյանի այնտեղ գնալը համաձայնեցված է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Այսինքն` Րաֆֆին, եթե կողմ չի էլ եղել, ապա չի էլ արգելել իր երկու տեղակալներին գնալ եւ սեղմել Սերժ Սարգսյանի մեկնած ձեռքը:

 

Սակայն Լոս Անջելեսից համաքաղաքացիներին ուղղված իր կարճ խոսքում «Ժառանգության» առաջնորդը թեմայի վերաբերյալ ասել է հետեւյալը. «Մեծ ցավ է պատճառում այն, ինչը կատարվել եւ հատկապես կատարվում է Հայաստանում: Խոսքը միայն փաստացի իշխող կուսակցապետի խնդրած ոչ ֆորմալ եւ ինքնանպատակ խորհրդակցությունների մասին չէ: Վտանգները շատ ավելի խորն են եւ ինքնանպատակ: Երեւան վերադառնալուն պես հանդես կգամ համապատասխան հայտարարությամբ»: Այսինքն` Րաֆֆին Լոս Անջելեսից հայտարարությամբ է հանդես գալիս, որպեսզի ասի երկու բան` իր կարծիքով` Սերժ Սարգսյանի խնդրած քաղաքական հանդիպումները ֆորմալ են եւ ինքնանպատակ, հետեւաբար կամ երկրորդը` իր երկու տեղակալները ֆորմալ եւ ինքնանպատակ հանդիպումների մասնակից են եղել, բայց դա կարեւոր չէ, այսինքն` վտանգը միայն դա չէ, այլ այն ավելի խորն է եւ ընդարձակ:

 

Ի՞նչ վտանգներ, չգիտենք: Թեեւ չի բացառվում, որ Րաֆֆին իր հայտարարության առաջին նախադասությամբ մեզ հուշում է, թե ինչ վտանգներ ինքը նկատի ունի. «Պատմական այս ողբերգական, դավադիր օրվա կնիքը շարունակում ենք կրել եւ տակավին նրա տեղապտույտից ազգովի չենք կարողանում դուրս գալ»: Բան հասկացա՞ք, ես, օրինակ, ոչ` այս հայտարարությունից, հատկապես` դրա վերջին տողից:

 

Մինչ այդ /մինչ Րաֆֆին կժամանի Երեւան եւ հանդես կգա համապատասպան հայտարարությամբ/ ամենայն բարիք եմ մաղթում ձեզ` թանկագին համաքաղաքացիներ, հասկացա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես շատ ուրախ եւ հպարտ է, որ այսօր այստեղ է` մեր կողքին կանգնած: Մի խոսքով` հավատք եւ հայրենիք, դե, այսինքն` բարի վերադարձ, թանկագի'ն Րաֆֆի, սա Երեւանն է, այստեղ դու տանն ես, ուր քեզ սպասում են, դեռ չեն մոռացել…

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ