կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-13 17:28
Սպորտ

Հայաստանի առաջնություն. 18-րդ տուրին ընդառաջ

Հայաստանի առաջնություն. 18-րդ տուրին ընդառաջ

 

Մարտի 14-ին և 15-ին տեղի կունենան ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ հանդիպումները:  Վաղը` մարտի 14-ին, առաջատար «Ուլիս»-ը հանրապետական մարզադաշտում կընդունի «Արարատ»-ին, իսկ «Միկա»­-ն սեփական հարկի տակ «Բանանց»-ին:


Կիրակի օրը  Բարձրագույն խմբի առաջնությունում պայքարի մեջ կներգրավվի «Գանձասար-Կապան»-ը, որը սեփական հարկի տակ կհյուրընկալի «Ալաշկերտ»-ին, իսկ տուրի կենտրոնական խաղում «Փյունիկ»-ը Երևանում կմրցի Գյումրիի «Շիրակ»-ի հետ:

                      

 

«Ուլիս»-«Արարատ». 14.03.15. Հանրապետական մարզադաշտ, հանդիպման սկիզբը` 14:40

18-րդ տուրից առաջ Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Ուլիս»-ը, որն անցկացրած 16 խաղից հետո ունի   37 միավոր:
«Արարատ»-ը շարունակում է անկումը: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ  իր կազմն ամբողջությամբ փոխած` Սուրեն Չախալյանի թիմը դեռևս աչքի չի ընկնում արդյունավետությամբ: Արարատցիները 17 խաղից հետո ունեն 7 միավոր և եզրափակում են մրցաշարային աղյուսակը:  Հարկ է նշել, որ վերջին հաղթանակը «Արարատ»-ը տոնել է 8-րդ տուրում: Նոր ֆուտբոլիստներով համալրված թիմն  անցկացրել է 2 հանդիպում և կրել նույնքան պարտություն  («Արարատ»-«Շիրակ» ` 2:4, «Բանանց»-«Արարատ» ` 3:1): 

 «Ուլիս» ակումբի մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ հարցականի տակ է Արտակ Ալեքսանյանի մասնակցությունը:   Հանդիպմանը չեն մասնակցի Կոնստանտին Մարոզովը և Աղվան Պապիկյանը: Մորոզովը որակազրկված է, իսկ Պապիկյանը փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով դեռևս չի ժամանել Հայաստան:

 

«Միկա»-«Բանանց». 14.03.15. Միկա մարզադաշտ, հանդիպման սկիզբը` 14:40

Նախորդ մրցաշրջանի բրոնզե մեդալակիր «Միկա»-ն դեռևս աչքի չի ընկնում արդյունավետությամբ: Մրցաշրջանն անհաջող մեկնարկած` Արամ Ոսկանյանի սաները ձմեռային դադարից հետո 2 հանդիպում են անցկացրել, որից վաստակել են ընդամենը 1 միավոր («Ալաշկերտ»-«Միկա» `1:1): Նախորդ` 17-րդ տուրի խաղում «Միկա»-ն Գյումրիում 2:0 հաշվով զիջեց «Շիրակ»-ին: Թիմն անցկացրած 17 խաղից հետո ունի 18 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

 

Գործող չեմպիոն Երևանի «Բանանց»-ն  անցկացրած 17 խաղից հետ ունի նույնքան միավոր և զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը: Ժոլտ Հոռնյակի սաներն առաջնության գարնանային հատվածի 2 խաղերից մեկում հաղթել են, մյուսում` պարտություն կրել: («Բանանց»-«Արարատ»` 3:1 17-րդ տուր, «Ուլիս»-«Բանանց» ` 2:1):

                            

«Փյունիկ»-«Շիրակ». 15.03.15 Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, հանդիպման սկիզբը` 16:00


2 թիմերի հանդիպումները վերջին տարիներին միշտ էլ մեծ հետաքրքրվածությամբ է սպասվում: Վարդան Բիչախչյանի թիմը անցկացրած 17 խաղից հետո ունի 31 միավոր և միայն 5 միավորով է զիջում 2-րդ տեղում ընթացող իր մրցակցին, սակայն փյունիկցիները մեկ հանդիպում պակաս են անցկացրել: Առաջնության վերսկսումից հետո «Շիրակ»-ն անցկացրած 2 հանդիպումներում էլ տպավորիչ հաղթանակ է տոնել: 16-րդ տուրում գյումրեցիները 4:2 հաշվով առավելության հասան «Արարատ»-ի, իսկ նախորդ` 17-րդ տուրում  2 անպատասխան գնդակ ուղարկեցին «Միկա»-ի դարպասը:

 

Հարկ է նշել, որ այդ 2 խաղերում 2-ական գոլ է հեղինակել իվուարցի հարձակվող Ժան-Ժակ Բուգուհին, ով ռմբարկուական պայքարում արդեն 4 գոլ է զիջում «Փյունիկ»-ի մեքսիկացի հարձակվող Սեզար Ռոմերային:  Առաջնության լավագույն ռմբարկուների մասնակցությունն ավելի է մեծացնում հետաքրքրությունը  հանդիպման նկատմամբ:  Գյումրեցիներն առանց կորուստների կմոտենան հանդիպմանը:

 

«Փյունիկ»-ը ձմեռային դադարից հետո անցկացրել է մեկ հանդիպում: Սարգիս Հովսեփյանի սաները նվազագույն հաշվով առավելության են հասել «Ալաշկերտ»-ի նկատմամբ: Հիշեցնենք, որ այդ խաղում ֆանտաստիկ գոլ հեղինակեց «Փյունիկ»-ի կազմում առաջին հանդիպումն անցկացնող Զավեն Բադոյանը:

 

«Փյունիկ» ակումբի մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ արդեն ընդհանուր խումբ են վերադարձել Վարազդատ Հարոյանն ու Դավիթ  Մանոյանը և, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն հանդիպմանը:

 

«Գանձասար Կապան»-«Ալաշկերտ». 15.03.15. Կապանի քաղաքային մարզադաշտ, հանդիպման սկիզբը` 14:00-ին:

«Գանձասար Կապան»-ը, որը  «Գանձասար» ակումբի իրավահաջորդն է, հայտնի խնդիրների պատճառով ձմեռային դադարից հետո առաջին հանդիպումը կանցկացնի միայն մարտի 15-ին: Կապանցիները սեփական հարկի տակ կընդունեն «Ալաշկերտ»-ին: 2 թիմերը հարևաններ են մրցաշարային աղյուսակում:  Կապանյան թիմը 19 միավորով 4-րդն է, իսկ «Ալաշկերտ»-ը 18 միավորով` 5-րդը, սակայն կապանցիները  2 հանդիպում պակաս են անցկացրել:


Աբրահամ Խաշմանյանի թիմն այս տարվա անցկացրած 2 հանդիպումներից հետո միայն մեկ միավոր է վաստակել («Միկա»-«Ալաշկերտ»` 1:1, 16-րդ տուր, «Ալաշկերտ»-«Փյունիկ»` 0:1, 17-րդ տուր):