կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-09 12:25
Քաղաքական

2015-ին ընդառաջ Թուրքիան Հայաստանի հետ գործընթացի պատրանք է ցույց տալու

2015-ին ընդառաջ Թուրքիան Հայաստանի հետ գործընթացի պատրանք է ցույց տալու

Օրեր առաջ թուրքական «Թարաֆ» թերթը հոդված էր հրապարակել, որում ասված էր, թե նախագահի թեկնածու Էրդողանը մտադիր է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները և նույնիսկ բացել Հայաստանի հետ սահմանը: Հետո Թուրքիայի արտգործնախարարությունը հերքեց այդ լուրը:

 

Արդյո՞ք դա ապատեղեկատվություն էր, թե՞ փորձ է արվում ցույց տալ աշխարհին,  որ Էրդողանի ղեկավարման  արդյունքում դրական տեղաշարժեր կարող են լինել Հայաստան-Թուրքիա հարաբերություններում:  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիայի քայլերը պայմանավորված են և շարունակելու են պայմանավորված լինել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցով, հետևաբար` այդ հայտարարությունները կարելի է որակել որպես ուղերձ միջազգային հանրությանը, թե իբրև Թուրքիան ցանկություն ունի բարելավելու հարաբերությունները Հայաստանի հետ, բայց ինչ-ինչ հանգամանքներ խանգարում են:

 

«Թուրքիան միջազգային հանրությանը ցույց է տալիս գործընթացի պատրանք, որովհետև իսկապես կա միջազգային ճնշում Թուրքիայի վրա»,- ասաց Արա Պապյանը:

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը նշեց, որ 2015-ին ընդառաջ Թուրքիայի կողմից տեսնելու ենք տարբեր հնարքներ, որոնք  պետք է պատրանք ստեղծեն, թե իբր կա ինչ-որ գործընթաց Հայաստանի հետ հարաբերություններում: Իրականում, ըստ Կիրո Մանոյանի,  դա չի իրականանա ո'չ Հայաստանի հետ, ո'չ էլ` հայության այն պարզ պատճառով, որ Թուրքիան միշտ ասել է, որ, մինչև չլուծվի Ղարաբաղի հարցը, ինքը չի նորմալացնի հարաբերությունները Հայաստանի հետ: Դրա մասին վերջերս խոսել է Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն թուրքական ամսագրերից մեկում տպագրված գիտական հոդվածում:

 

«Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում է պայմանավորել Ադրբեջան-Հայաստան հարաբերություններով, սակայն 2015-ին ընդառաջ անընդհատ փորձելու են ցույց տալ, թե իբր գործընթաց կա»,- ասաց Կիրո Մանոյանը: