կարևոր
13849 դիտում, 1 ամիս առաջ - 2024-11-04 21:02
Արցախ

«Ամոքվել ապրելու համար»․ Արցախի թեմի առաջնորդը օգնում է բռնահանված արցախցիներին բուժել կորստի ցավը

«Ամոքվել ապրելու համար»․ Արցախի թեմի առաջնորդը օգնում է բռնահանված արցախցիներին բուժել կորստի ցավը

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության և Արցախի թեմի «Ընծա» կենտրոնի համագործակցության շրջանակում, օրհնությամբ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպսիսկոպոս Աբրահամյանի, արցախցիների համար իրականացվեց «Ամոքվել ապրելու համար» ծրագիրը, որի նպատակն է Արցախից բռնի տեղահանվածներին օգնել` թեթևացնելու, բուժելու և հաղթահարելու կորստի ցավը։ Հայտնում են Արցախի թեմից։ 

Ծրագիրն իրականացվել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին երկու խմբերի հետ (ընդհանուր 22 արցախցի), որոնց թվում էին նաև զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները։ Որպես ծրագրի դասընթացավարներ հանդես եկան հատուկ վերապատրաստված հոգևորականը, հոգեբանն ու սոցաշխատողը։ Յուրաքանչյուր խմբի հետ անցկացվել է 6 հանդիպում:

Ս.թ. նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ ծրագրի եզրափակիչ հանդիպումը, որի ժամանակ մասնակիցները պատմեցին, թե ինչ դրական փոփոխություններ եղան մասնագետների հետ աշխատելուց հետո: Հանդիպումների ժամանակ քննարկվեցին այնպիսի հիմնարար հարցեր, ինչպիսիք էին՝ «Եթե Աստված սիրում է ինձ, ապա ինչո՞ւ եմ ես տառապում», «Ինչպե՞ս կարող ենք ներել ուրիշներին», «Ցավը խաչին հանձնել»: Արցախցի կանայք, ովքեր հարազատի, հայրենիքի ու երբեմն նաև հավատքի կորստի պատճառով ցավի ու տառապանքի մեջ էին, խոստովանեցին, որ նորից փորձեցին փնտրել Աստծուն, հոգևոր ուժ վերագտնել և ամոքել սեփական վերքերը:

Ծրագրի մասնակիցներին և դասընթացավարներին եզրափակիչ խոսքով դիմեց նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը. «Ձեր կորստի, ցավի ու տառապանքի համար մեղադրել կարող եք բոլորին, բայց ոչ Տիրոջը, քանի որ բոլոր ժամանակներում Տերն է մեր բժիշկը, պահապանը, առաջնորդը և անդավաճան դաշնակիցը»։ Սրբազան Հայրը հիշեցրեց, որ չարիքն ու պատերազմները կյանքում հայտնվում են մեր կամքից անկախ՝ սպանելով, ջարդելով մեր հոգում ամեն ինչ և թողնելով մեծ վնասվածք։ Հոգևորականներն ու հոգեբաններն այն մարդիկ են, որոնք ուղղորդում են մեզ դեպի Աստվածաշունչ՝ ամոքելու մեր ցավը։ Սակայն մարդն ինքն էլ պետք է կարողանա աստվածատուր հոգևոր իր ներուժն օգտագործել՝ բուժելու սեփական վերքերն ու ամոքելու իր հոգու ցավերը։

Սրբազան Հայրը, շնորհակալություն հայտնելով ծրագրի կազմակերպիչներին և դասընթացավարներին իրենց անձնվեր աշխատանքի համար, Գանձասարի պատկերով խորհրդանշական նվեր փոխանցեց ծրագրի ղեկավար տիկին Մարինե Ղազարյանին:

Հանդիպման վերջում դասընթացներին լիարժեք մասնակցած շուրջ 15 արցախցիներ Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության կողմից ստացան հավաստագրեր և Աստվածաշնչեր: