Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-05-05 13:56
Մշակույթ

Դրսում հայկական ժողովրդական երաժշտությունն էկզոտիկա են համարում. Տիգրան Համասյանը համերգով հանդես կգա

Դրսում հայկական ժողովրդական երաժշտությունն էկզոտիկա են համարում. Տիգրան Համասյանը համերգով հանդես կգա

Մայիսի 7-ին և 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Տիգրան Համասյանի մենահամերգը: Համերգը «An Ancient Observer» ալբոմի համերգային շրջագայության շրջանակներում է լինելու, և այն կազմակերպել է «TM production»-ը: Այսօր լրագրողների հետ հանդիպեց Տիգրան Համասյանը` խոսելով սպասվելիք համերգի և մշակութային այլ թեմաների շուրջ:

Համերգի և «An Ancient Observer» ալբոմի մասին

Համերգին հնչելու են ալբոմում ներառված երգերը, ինչպես նաև 4-5 այլ ստեղծագործություններ: Ալբոմում կա 2 հայկական ժողովրդական երգի մշակում` «Էրվում եմ» և «Նաիրյան ոդիսական»-ը: Առաջինն էտյուդ է` ժողովրդական երգի մշակում: Անկեղծ ասած` ուզում եմ էտյուդների շարք անել, բայց շատ բարդ էտյուդների, դրանք կլինեն ռիթմիկ էտյուդներ. բոլորն էլ հայկական ժողովրդական երգերի մշակում կլինեն: Իսկ «Նաիրյան ոդիսականը» Չարենցին նվիրված ստեղծագործություն է: Կարծում եմ` «An Ancient Observer»-ի շրջագայությունները կշարունակվեն մինչև 2018-ի տարեվերջ, չնայած այն հանգամանքին, որ արդեն 27 համերգ ունեցել եմ: Հայաստանից հետո համերգով հանդես կգամ Ժնևում, Մոսկվայում, Ճապոնիայում:

Եվրոպայում հանդիսատեսը մեկ տարվա մեջ լսում է այն, ինչ մենք 20 տարվա ընթացքում միայն կարող ենք լսել

Հայաստանում պետք է միայն մայիսի 7-ին համերգ ունենայի, բայց քանի որ տոմսերը շատ արագ սպառվեցին, որոշեցինք մեկ օր էլ ավելացնել: Այսինքն` նման երաժշտության պահանջարկը կա այստեղ, և պետք չէ ասել` ժողովրդին ներկայացնում ենք այն, ինչի պահանջարկ կա, քանի որ եթե ճիշտ ներկայացնես քոնը, ժողովուրդը դա էլ կվերցնի: Եվրոպայում կան հատուկ պետական թատրոններ, որտեղ տարեկան 100-150 համերգներ են տալիս աշխարհի տարբեր երկրներից ժամանած վիրտուոզ դեմքերը: Այսինքն` այդ կերպ կրթվում է տեղի մասսան, որովհետև մեկ տարվա մեջ լսում են այն, ինչ մենք 20 տարվա ընթացքում կարող ենք լսել: Իսկ երաժշտական աղբ կա բոլոր երկրներում, և ես դրանց անվանում եմ ոչ թե «մյուզիք», այլ «մյուզաք», որը դեղ է` ուղեղները լվանալու: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա էականն այն է, որ երաժիշտներն իմանան` կարևորը ոչ թե հայտնի դառնալն է, այլ բարձորակ երաժշտություն մատուցելը, ինչի համար պետք է լավ կրթություն ստանալ: Բացի այդ` Հայաստանում չկա մրցակցություն, օրինակ` ջազի ոլորտում կան մի քանի դեմքեր, կարծես փոքր ընտանիք լինի, բայց մրցակցություն չկա, որովհետև քիչ են մասնագետները: Դրա համար էլ շատերը գնում են, որ դրսում կայանան, ինչը կարևոր է երաժշտի համար` պետք է անպայման դրսի փորձին ծանոթ լինել: Մեր կրթական համակարգն էլ է թերի, քանի որ անընդհատ դրսում ինչ-որ բաներ են կատարվում, որն այդպես էլ չի ընդգրկվում մեր կրթական ծրագրերում: Բացի այդ` չկա քննադական դպրոց կոչվածը, չկան մարդիկ, ովքեր համերգի, ելույթի մասին նյութ գրելիս նաև կառուցողական քննադատությամբ հանդես կգան:

Ժողովրդական երգերը մշակելիս այդ երաժշտությունը բարձրացնելն է կարևոր, ոչ թե այն օգտագործելը

Ժողովրդական երգերի մշակումներ անելը հեշտ գործ չէ, և ես էլ կարծում եմ, որ ժողովրդականը կարիք չունի մշակման, քանի որ այն իդեալական է` ավելի բանի կարիք չունի: Իսկ եթե ինչ-որ մեկը որոշում է մշակել դրանք, ապա այն պետք է շատ հիմնավորված լինի, և տարիների ուսումնասիրություն է պետք: Դրանք մշակելու համար նախ մարդ պետք է ապրի այդ երգերը, մարսի դրանք, թողնի, որ տարիների ընթացքում խմորվեն իր ներսում և նոր դրանց մոտենալու փորձ անի: Սա ամենևին էլ չի նշանակում, թե ես ասում եմ, որ պետք է վախենալ դրանց մոտենալ, ուղղակի դրանք մշակելիս այդ երաժշտությունը բարձրացնելն է կարևոր, ոչ թե այն օգտագործելը:

Երբ ինչ-որ նոր գործ եմ գրում, մտածում եմ` տեսնես ե՞րբ են մերոնք լսելու

Դրսում հայկական ժողովրդական երաժշտությունն էկզոտիկա են համարում: Հայաստանում այլ կերպ են այն ընկալում` դե, մերն է, մեր սրտին է դիպչում: Դրսում հայկական ժողովրդական գործերի իմ մշակումները որպես մոդեռն երաժշտություն են լսում, բայց հավանում են` արձագանքները շատ են լինում: Բայց, մեկ է, Հայաստանում ամեն անգամ ելույթով հանդես գալիս վախ կա ինձ մոտ, ավելի ճիշտ, ոչ թե վախ է, այլ` պատասխանատվության զգացում: Ես ոչ մի համերգի պատրաստվելիս այդքան մեծ էներգիա չեմ ծախսում, որքան հայաստանյան համերգի համար: Ինձ մոտ նաև անհամբերություն կա, այսինքն` երբ ինչ-որ գործ եմ գրում, մտածում եմ` տեսնես ինչպե՞ս կընդունեն Հայաստանում, և ե՞րբ են մերոնք լսելու:

Կուզեի գիտելիքներս փոխանցել երիտասարդներին

Հայաստանում, ինչպես և բոլոր երկրներում շատ խնդիրներ կան` ամեն քայլափոխի խնդիր է: Սակայն իմ գործը սովորածս ուրիշներին, երիտասարդ սերնդին փոխանցելն է: Փորձի փոխանակումը, ինչպես նաև երիտասարդների հետ շփումն ու նրանց կրթությունը շատ եմ կարևորում: Կուզեի գիտելիքներս փոխանցել երիտասարդներին: