կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-08 21:41
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեծ տերությունները Տեր Աստծո նման են՝ օգնում են նրան, ով ինքն է իրեն օգնում․ Ալեքսանդր Իսկանդարյան

Վլադիմիր Պուտինի նշած դժվար, սուր, շատ զգայուն հարցերը նախ՝ Արցախյան խնդիրն է, ԼՂՀ բնականոն գործունեությունը՝ Yerkir.am- հետ հարցազրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի և ՌԴ նախագահի հետ հանդիպման շեշտարումների մասին։

«Այսինքն, Արցախում ապրող մարդկանց ֆիզիկական անվտանգությունը․ իսկ անվտանգությունը միայն զինվելը չէ, դա հաղորդակցությունն է, արտադրությունը, էկոնոմիկան, կառավարումը և այլն։ Երկրորոդը Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության փոխհարաբերությունների խնդիրներն են․ սա խնդիրների համալիր է սահմանի շուրջ, ես նույնիսկ դա շփման գիծ կկոչեի, որովհետև խոսքը ոչ միայն ՀՀ-Ադրբեջան սահմանի մասին է, այլև շփման բոլոր գծերը, նկատի ունեմ նաև Արցախը, հետո կարող է լինել Նախիջևանի կողմի սահմանը և այլն, և հաղորդակցությունների բացման խնդիրը ընդհանրապես»,-ասաց նա։

Ալեքսանդր Իսկանդարյանը ընդհանրացրեց, որ կան խնդիրներ՝ դրանք սուր են, և Պուտինը պատրաստ է այդ խնդիրները քննարկել Հայաստանի այն ղեկավարության հետ, որը կա։

Սյունիքով ադրբեջանական ճանապարհի բացումը ևս, նրա համոզմամբ, եղել է Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգում։

«Այն, ինչ նրանք իսկապես ուզում են, դա ճանապարհն է Ադրբեջանից Թուրքիա՝ Հայաստանի տարածքով։ Դա նույնիսկ Ադրբեջանից Նախիջևան չէ, դա հենց Ադրբեջանից Թուրքիա ճանապարհն է, դա նույնիսկ տնտեսական նախագիծ չէ, դա քաղաքական նախագիծ է, քանի որ Ադրբեջանից Թուրքիա երկաթգիծ արդեն գոյություն ունի՝ Ախալքալաք-Կարսը, բացումն արել են, բայց չի աշխատում, քանի որ տանելու բան չկա։ Սա հենց քաղաքական նախագիծ է, որն Ադրբեջանին պետք է, որ Հայաստանի տարածքով գնացքները գնան-գան առանց կանգնելու, և որ այդ ճանապարհի անվտանգությունը ապահովեն ոչ հայերը։ Եվ սա էլ ուզում են թուրքերը։ Հայաստանին սա պե՞տք է, չեմ կարծում, ի՞նչ օգուտ կարող է բերել դա Հայաստանին։ Բայց ճնշումը Հայաստանի վրա բավական մեծ է, Հայաստանը փորձում է այդ թակարդից դուրս գալ՝ դրա դիմաց ինչ-որ բան պահանջելով, օրինակ, ուրիշ ճանապարհների բացում, օրինակ, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, Իրան, ինչքանով դա կհաջողվի, կտեսնենք»,-պարզաբանեց Իսկանդարյանը։

Նա նկատեց, որ հասկանալի է, որ Հայաստանն իր շահն ունի և այդ շահը Ադրբեջանի հետ չի համընկնում, բայց Հայաստանի վրա կոնսոլիդացված ճնշում է գործադրվում, նաև Ռուսաստանի կողմից՝ Թուրքիան ու Ադրբեջանը մեզ վրա ճնշում են Ռուսաստանի միջոցով։

Ադրբեջանին պետք է, որ արագ լուծվեն այս հարցերը, քանի դեռ Հայաստանն այս վիճակում է, նշեց քաղաքագետը, նպատակը՝ մաքսիմումը պոկել։ Սրան հակազդելու համար պետական ռազմավարություն պետք է ստեղծել։

Ինչո՞ւ է Ռուսաստանը թույլ տալիս, որ Ադրբեջանն ու Թուրքիան իր միջոցով ճնշեն Հայաստանին․ այս հարցի պատասխանը Ալեքսանդր Իսկանդարյանն ունի։

«Ռուսաստանն էլ իր շահն ունի․ քանի որ Ռուսաստանը արցախյան երկրորդ պատերազմ մտավ վերջին պահին, որպեսզի ինչ-որ ձևով մնա տարածաշրջանի անվտանգության ոլորտում, և շարունակի ճնշել թե՛ Հայաստանի վրա, թե՛ Ադրբեջանի։ Իսկ որպեսզի նա մնա տարածաշրջանում, պետք է լինի ինչ-որ մեկը, որին կպաշտպանի․ սրա համար Ռուսաստանին պետք է Արցախի սուբյեկտայնությունը»,-նշեց նա։

ՀԱՊԿ-ին Հայաստանի դիմելն ու մերժվելուց հետո առաջարկելը քարտուղարությանն ուղարկել, որպեսզի տեսնի, որ սահմանային միջադեպ չէ՝ Ալեքսանդր Իսկադարյանին հիշեցնում է 1988 թ-ին մեր պետության վարքագիծը։

«30 տարի է անցել, բայց նույն բանն է տեղի ունենում․ Հայաստանում մտածում են, որ դիմեն ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ-ը կուղարկի ինչ-որ մի խումբ, այդ խումբը կհետաքննի իրավիճակը տեղում, կհասկանա որն է ճիշտը, կտեղեկացնի ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ-ն էլ կփոխի իր քաղաքականությունը և կանի ամեն ինչ այնպես, ինչպես մենք ուզում ենք։ Բյաց հասկացեք՝ դա ինտելեկտուալ խնդիր չէ, խնդիրն այն չէ, որ ՀԱՊԿ-ը չգիտի՝ ինչ է տեղի ունենում սահմանին, գիտի՛, և դա հստակ ռազմավարություն է, ՀԱՊԿ-ը ընդունել է այդպիսի որոշում, նա մտադիր չէ կոնֆլիկտի կողմերից որևէ մեկի կողմն անցնել։ Նա այդպիսի խնդիր չունի»,-ասաց նա։

Քաղաքագետը նկատեց, որ ՀԱՊԿ-ին համոզելու ցանկացած փորձ անելիս պետք է հաշվի առնել, որ ՀԱՊԿ ասելով մենք նկատի ունենք Ռուսաստանը, իսկ Ռուսաստանը շահեր ունի Հայաստանում և շահեր ունի Ադրբեջանում, և այդ շահերը կարող են հայկական շահի հետ չհամընկնել։ Եվ ասել, որ եկեք՝ տեսեք, այստեղ ինչ է կատարվում և կհամոզվեք, որ ամեն ինչ ճիշտ է, դա մեթոդոլոգիապես ճիշտ չէ, որովհետև ակնհայտ է, որ նրանք դա անել չեն պատրաստվում, դա ռազմավարություն է, դա չիմացություն չէ, բոլորն ամեն ինչ հասկանում են։

Պատերազմը հաղթել է պետք, ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը, որովհետև երբ պարտվում ես պատերազմը,  ունենում ես այսպիսի բարդություններ։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․