|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր մերժեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքը: Դատավորը, պատճառաբանելով իր որոշումը, հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազը չի հրաժարվել դիմողի հաղորդումն ընդունել և, օգտվելով իր լիազորություններից, այն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն: Այսինքն` ՀՀ գլխավոր դատախազի կողմից թույլ չի տրվել անգործություն, հետևաբար` դիմողի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, ինչը հիմք է` բողոքը մերժելու համար:
Ի դեպ, այսօրվա դատական նիստը տեղի ունեցավ պատգամավորի բացակայությամբ:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին պատգամավորը, Գյումրիում Ավետիսյանների սպանության դեպքի մի քանի հանգամանքների հետ կապված, հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, սակայն, ըստ նրա, դրան ընթացք չէր տրվել: Պատգամավորը դատարանում բողոքարկում էր ՀՀ գլխավոր դատախազի անգործությունը և խնդրում վերացնել այդ անգործությունը:
Պատգամավորը պահանջել էր անհապաղ քրեական գործ հարուցել Վալերի Պերմյակովին ապօրինի ձերբակալելու, տեղափոխելու և Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայում պահելու վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի արդարադատության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ նախատեսող համապատասխան հոդվածներով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ներկայացուցիչների և 102-րդ ռազմաբազայի ղեկավարության թույլ տրված ապօրինությունների փաստի առթիվ, նաեւ` ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ Վալերի Պերմյակովի կողմից կատարված` պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ: Փոստանջյանը նաև պահանջել էր քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ ապօրինի կերպով զենք փոխադրելու փաստի առթիվ: