Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-03-03 16:05
Քաղաքական

Թող նախկին նախագահներն իրար հետ շախմատ խաղան, զրուցեն, գուցե նրանց ագրեսիան նվազի. Արծվիկ Մինասյան

Թող նախկին նախագահներն իրար հետ շախմատ խաղան, զրուցեն, գուցե նրանց ագրեսիան նվազի. Արծվիկ Մինասյան

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին հարցը: Մինչ այս` գործող օրենքով, ՀՀ պաշտոնաթող նախագահի գրասենյակի ծախսերը պետության հաշվին են կատարվում, տրվում են համապատասխան բնակարան, ավտոմեքենա և գրասենյակ, առաջին երկուսը տրվում են մինչև նախկին նախագահի 70 տարին լրանալը, իսկ գրասենյակը` ցմահ:

 

Ներկայացվող փոփոխությամբ`  առաջարկվում է օրենքից հանել մինչև «70 տարին լրանալ» բառերը, և վերը նշվածը տրամադրվում է ցմահ: Երկրորդ փոփոխությամբ` սահմանվում է պաշտոնաթող նախագահի կենսաթոշակի չափը` նախկին նախագահի կենսաթոշակը կկազմի գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսը:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծիք հայտնեց, որ այդ օրենքը կենսական հարց չի լուծում, սոցիալական հարց չի լուծում, ավելի շատ պարգևավճար է, ուստի մոտեցումը հասկանալի չէ` ինչո՞ւ է դիտվում որպես կենսական պայմաններ ապահովող խնդիր կամ կենսաթոշակ:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ կարծիք հայտնեց, որ այն չպետք է կապել կենսաթոշակի հետ, որովհետև պաշտոնաթող նախագահի տարիքը կապ չունի, ուստի ի՞նչ իմաստ ունի թոշակ նշանակելը: Պատգամավորը հարցրեց նաեւ, թե կարո՞ղ է, արդյոք, անժամկետ հատկացվող գրասենյակն ու բնակարանը ժառանգվել:

 

«Դիտարկվո՞ւմ է, արդյոք, պաշտոնաթող նախագահներին նույն տարածքում բնակարան հատկացնելու հնարավորությունը, թող իրար հետ շախմատ խաղան, հանդիպեն, զրուցեն, սուրճ խմեն, գուցե նրանց միջև ագրեսիան նվազի»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ կարծիք հայտնելով, թե գուցե կենսաթոշակի փոխարեն այլ անուն տրվի այդ վճարին:

 

Պատգամավորը նաև հարց ուղղեց հարակից զեկուցող` ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին, թե ինչպե՞ս են հարցում անելու ու պարզեն, թե պաշտոնաթող նախագահն ինչ պաշտոնի է նշանակվել: «Այդ ինչպե՞ս եք հարցում ուղարկելու Մոսկվա` հարցնեք, թե Ռոբերտ Քոչարյանը որևէ պաշտոն զբաղեցնո՞ւմ է, թե՞ ոչ: Արդյո՞ք դա չի նսեմացնում նախագահի ինստիտուտը: Մարդը զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը, հարգանքի է արժանի, ու դա պետք է հատկացվի, ոչ թե հարցում արվի»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Հակոբ Հակոբյանը նշեց. «Ցավում եմ, որ չգիտեք` մենք արդեն երեք տարի է կենսաթոշակառուներից չենք հարցնում, թե` դրսում ինչ եք ստանում: Մենք վճարում ենք այն, ինչ հատկացվում է օրենքով: Չափը չեք կարողանո՞ւմ չափել»:

 

Արծվիկ Մինասյանը արձագանքեց. «Զարմանում եմ, որ,  լինելով հանձնաժողվի նախագահ, չգիտեք, որ օրենքով նախատեսված կարգով` կա սահմանափակում, ցավում եմ, որ չեք տիրապետում, առանց դիմումի նշանակում եք թոշակ, հետո պետք է ընկնեք, հարցում անեք: Չեք կարդացե՞լ նախագիծը, չեմ հասկանում, իսկ իմ չափը ես գիտեմ, ի տարբերություն շատ-շատերի»: