Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձтարարական տվեց, համաձայն որի՝ «յուրաքանչյուր օրացույցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակվեն մեկ անգամով` մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում` խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ»:
Yerkir.am-ի հետ զրույցում Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, անդրադառնալով այս հանձնարարականին, ընդգծեց, որ այս կերպ վարչապետը «լիմիտ դրեց», որպեսզի գործատուներին շատ չնեղացնեն, տեղի-անտեղի ուսումնասիրության անվան տակ չմտնեն խանութներ ու գործատուների օբյեկտներ:
«Սա շատ կարեւոր է, քանի որ կազմակերպությունները շատ հաճախ անիմաստ ժամանակ են անցկացնում տարբեր ուսումնասիրությունների վրա: Հատկապես մարզերում շատ տեսուչներ չարաշահում են իրենց դիրքը եւ պարբերաբար ուսումնասիրություններ են կատարում` ինչ-որ բան պարզելու կամ ճշտելու համար, բայց իրականում շատ հաճախ նպատակներն այլ են լինում»,- ասաց Մակարյանը եւ հավելեց, որ ֆինանսների նախարարությունը յուրաքանչյուր տարվա վերջում հրապարակում է հաջորդ տարվա ընկերությունների ցանկը, որտեղ հարկային ստուգումներ պետք է իրականացվեն, հիմա այդ ստուգումների քանակը սահմանափակվում է:
Մեր այն դիտարկմանը, որ բյուջեն հիմնականում լցվում է հենց հարկերից եկած փողերով, արդյո՞ք այս դեպքում քիչ հարկային ստուգումները չեն հանգեցնի ավելի քիչ բյուջետային եկամուտների, ասաց, թե չի կարծում, որ հարկային մուտքերը կնվազեն: «Քանի որ շատ հաճախ հարկային մուտքերը նվազում են հենց կոռուպցիա պարունակող նմանատիպ ստուգումների պատճառով»,- պարզաբանեց նա:
Մակարյանի կարծիքով` պետք է տեղի ունենա հարկային տեսուչների անձնակազմի օպտիմալացում, քանի որ հարկային ստուգումները պակասում են: