կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-27 16:50
Հասարակություն

Համատարած կոտորածը հասավ նաեւ Կարս, միակ ելքը գաղթելն էր

Համատարած կոտորածը հասավ նաեւ Կարս, միակ ելքը գաղթելն էր

 

Աղբյուրը՝ armeniangenocide100

 

Հերմինե Ավետիսյանի պատմությունը

1915 թ., Կարս

 

Հերմինե Ավետիսյանը պատմում է իր պապի` Կարսից Գյումրու մանկատուն հասած Եղիշե Ոսկանի Ավետիսյանի մասին: Նրա ընտանիքից ողջ են մնացել տատը, հորաքույրը և զարմիկը: Որոշ ժամանակ անց որբանոցը սաներին տեղափոխել է Հյուսիսային Կովկաս: Չափահաս դառնալուց հետո, լքելով մանկատունը, եկել է Ալավերդի քաղաք և սկսել աշխատել  Ալավերդիի պղնձագործական գործարանում: Սկսել է զբաղվել կրթությամբ, հաճախել է միջնակարգ դպրոց, նաև՝ ժողովրդական պարերի խմբակ: Այնտեղ էլ ծանոթացել է ապագա կնոջ հետ:

 

 

«Դար է անցել հայկական ջարդերից, բայց մեր հիշողություններում դեռ թարմ է նախնիների կրած տանջանքներն ու անցած գաղթի ճամփան: Կոտորածը, որ համատարած բնույթ կրեց ամբողջ Արևմտյան Հայաստանում, հասավ նաև Կարս: Արյունահեղությունը կանգնեցնելու միակ միջոցը հեռացումն էր: Գաղթականների թվում էր 2 տարեկան Եղիշեն, ընտանիքից ողջ մնացած երեք հարազատի` տատի, հորաքրոջ և զարմիկի ` Սարգսի հետ: Գաղթի ճանապարհը նրանց հասցրեց Լենինական` Գյումրի: Երկար ճանապարհը, հիվանդությունները, տանջալից օրերն ու կորցրած հարազատների ցավը իր հետքն է թողնում ընտանիքի ողջ մնացած կանանց վրա:

 

Հիվանդությունները մի կողմից, տարիքը և սովը` մյուս, ստիպում են երեխաներին հանձնել Լենինականի ամերիկյան մանկատուն: Այստեղ նրանք գոնե հաց ու օթևան կունենային: Որոշ ժամանակ անց որբանոցը որոշում է տեղափոխել սաներին, սակայն զանգվածային տեղափոխումը կասեցվում է: Միևնույն ժամանակ փաստն այն էր, որ տեղի կենսական պայմանները, սնունդն ու ջուրը արդեն չէին բավականացնում սաների գոյությունը պահպանելու համար: Տարրական պայմանները ապահովելու համար երեխաներին տեղափոխում են Հյուսիսային Կովկաս:

 

Մինչև չափահաս դառնալը տղաները մնում են մանկատանը, սովորում արհեստ: Չափահաս դառնալուց հետո, լքելով մանկատունը, Եղիշեն ուներ մեկ նպատակ, այն է ` վերադառնալ բնօրրան: Ժամանակները, սակայն, խառն էին, Սովետական միությունում կոլեկտիվիզացում էր, կոլխոզների առաջացման հիմքերն էին գցում ու ամրապնդվում: Թալանն ու կողոպուտը դարձել էր ինչպես թուրք, այնպես էլ թաթ, լեզգ ցեղերի ապրուստի հիմնական միջոցը: Այս պայմաններում հայրենիք գնացող տղային մինչև Թիֆլիս տանելու պատրաստակամություն է հայտնում ազգությամբ ասետին մի տղամարդ: Նրա սայլի մեջ թաքնված Եղիշեն գալիս է Թիֆլիս, ապա՝ գնացքով Հայաստան: Այդ տարիներին Լոռվա մարզի Ալավերդի քաղաքու պղնձագործական գործարանն ամբողջ թափով աշխատում էր, սակայն չկար բավականաչափ աշխատուժ: Բնական է, որ աշխատանք փնտրող տղան հենց այստեղ էլ հաստատվում է: Հետագա ամիսներին մանկատան այլ սաներ ևս այստեղ են հաստատվում: Նրանց թվում և զարմիկ Սարգիսը:

 

Գործին զուգընթաց Եղիշեն սկսում է զբաղվել կրթությամբ: Առաջին քայլը միջնակարգ դպրոց հաճախելն էր:Մեծ ուշադրություն է դարձնում նաև կրթության գեղագիտական կողմին: Սկսում է հաճախել ժողովրդական պարերի խմբակ: Այստեղ էլ հենց ծանոթանում է ապագա կնոջ հետ»: