կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-29 15:04
Քաղաքական

Միակ ելքը համակարգային իշխանափոխությունն է (տեսանյութ)

Միակ ելքը համակարգային իշխանափոխությունն է (տեսանյութ)

«Մեր նպատակն ամբողջական իշխանափոխությունն է» կարգախոսով Դաշնակցության ներկայացուցիչների հերթական հանդիպումն արմավիրցիների հետ էր։

Արմավիրի մշակույթի տանը մարզի բնակչությանն ուղղված իր խոսքն ԱԺ ՀՅԴ Խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը սկսեց՝ խմբակցության գործունեությունը ներկայացնելով։ Չնայած բոլոր խոչընդոտներին, դժվարություններին եւ խմբակցության փոքրաթիվ լինելուն` ՀՅԴ-ն հատուկ գիծ է տանում` փորձում է թույլ չտալ այնպիսի օրենքների, որոշումների ընդունումը, որոնք միտված չեն երկրում իրավիճակի բարելավմանը:


«Իսկ այդպիսի օրինագծեր շատ են բերում խորհրդարան, որովհետեւ մեր երկրի իշխանությունը մոռացել է ժողովրդին ծառայելու` իր պարտականության մասին եւ որոշել է, որ ժողովուրդը պետք է իրեն ծառայի»,- ասաց Վահան Հովհաննեսյանը։ 

Նա նշեց, որ մարդկանց մոտ նկատվում է անտարբերություն։ Օրենքի առջեւ այսօր բոլորը հավասար չեն, եւ սա հիասթափության ամենամեծ չափաբաժինն է։ Իրավիճակը կարող է փոխվել միայն մեկ դեպքում։
 
«Մենք այնքան չենք, որ կարողանանաք հաղթահարել դժվարությունները՝ զոռբայությամբ, երբեմն կռվով, նաեւ, կոալիցիայի մեջ մտնելով, փորձեցինք ներսից ինչ-որ բան փոխվել։ Բայց չէ, չի հաջողվում։ Ոչ այն պատճառով, որ քիչ ենք, այլ՝ որ ժողովուրդն է անտարբեր դարձել»,- ասաց Վ. Հովհաննեսյանը։
 
Մինչդեռ ժողովուրդը պետք է համոզված լինի, որ ամեն ինչ իր ձեռքում է։ Վահան Հովհաննեսյանի կարծիքով` ժողովուրդը պետք է հավատա նախ եւ առաջ իրեն, հավատա, որ իր քվեն շատ ավելի արժե, քան այն վաճառում են ընտրությունների օրը։
 

«Մեր խորը վերլուծությունը հանգեցրել է այն եզրակացության, որ իսկապես պատճառների պատճառը ոչ միայն իշխանություների մեջ է՝ նրանց սխալ լինելու, այլ նաեւ այն համակարգի, որ ծնել է այս իշխանությունը։ Եվ սուտ է այն կարծիքը, թե այս համակարգով կգան նոր իշխանություններ, եւ իրավիճակը կփոխվի»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն  Ռուստամյանը։
 
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ արմավիրցիներին ներկայացրեց կառավարության սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագիրը։ Իրականում որեւէ բարեփոխում չի կարող լինել, քանի դեռ մեր երկրում սպառողական նվազագույն զամբյուղը չի սահմանվել 65 հազար դրամ՝ ինչը տարիներ շարունակ պահանջում է Դաշնակցությունը, իսկ կառավարությունը՝ մերժում։ Արդյունքում՝ երկրում աղքատ բնակչության թիվն արդեն վտանգավոր է դարձել։
 
«Սա արդեն ազգային աղետ է։ Այսպիսի սոցիալական բազա ունեցող երկրում չի  կարող ապագա լինել»- ասաց Արծվիկ Մինասյանը։ 

Բանախոսները պատասխանեցին նաեւ արմավիրցիների հարցերին։ Բոլոր հարցերում կարմիր թելի նման մի միտք էր անցնում՝ ստեղծված իրավիճակը. իշխանությունների վարած քաղաքականությունը հանդուրժել այլեւս հնարավոր չէ։ Միակ ելքը համակարգային եւ ամբողջական իշխանափոխույթունն է։
Ներկայացնում ենք ԵրկիրՄեդիաTV-ի տեսանյութը