Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՆԱՏՕ-ն փոփոխվում է, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում, և չի կարող լինել առաջին ու միակ կազմակերպությունը, որը պետք է զբաղվի ահաբեկչության դեմ պայքարով, որովհետև կան սահմաններ, մտածելակերպի հետ կապված հարցեր: Այս մասին Հայաստանի Ֆրանսիական համալսարանում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ ասաց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
«Նախևառաջ` ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է մասնակցեն այդ գործընթացին և արձագանքեն նման իրավիճակներին, ինչպես նաև` ԵՄ-ն, իսկ ՆԱՏՕ-ն կարող է նպաստել տարբեր գործողությունների, օրինակ՝ նույն Աֆղանստանում կան կոնկրետ առաքելություններ ահաբեկչության դեմ: Գիտենք, թե որտեղ են տեղակայվում ահաբեկչական հիմնական բազաները: Այսօր ՆԱՏՕ-ն փորձում է նպաստել ահաբեկչության դեմ պայքարին՝ տարբեր համագործակցություններ հաստատելու նպատակով ռեսուրսներ տրամադրելու տարբերակով: Մենք աշխատում ենք նաև ԵՄ-ի հետ համատեղ, փորձում ենք իրականացնել նախաձեռնություններ, որ երևան բերենք տարբեր գոտիներ, որտեղ կա պայքարի անհրաժեշտություն, և որտեղ կարող են տեղակայված լինել ահաբեկչական ցանցեր: Մենք ավելի շատ աշխատում ենք մեր գործընկերների հետ կարծիքներ փոխանակելու հարցում, այսինքն՝ գործնականում դա մեր առաջնային գործառույթը չէ, և դժվար է համաշխարհային կտրվածքով այս ուղղությամբ աշխատել: Խոսքը ոչ միայն ՀՀ-ի մասին է, այլև մյուս երկրների: Բայց կարծում եմ՝ առաջին քայլը հենց կլինի քաղաքական երկխոսության հաստատումը, որն արդեն իսկ տեղի է ունեցել»,- նշեց նա:
Ապատուրայը վստահեցրեց՝ այն երկրները, որոնք ՆԱՏՕ-ին են միացել, անվտանգության առումով հստակ առավելություններ ունեն: «Եթե հարցնեք այդ երկրներից ցանկացածին, նրանք համամիտ կլինեն: Մյուս կողմից` ես կարծում եմ, որ ցանկացած երկիր պետք է կարողանա ընտրել, այլապես ստանում ենք ռեալ-պոլիտիկ և այն, որ մեծ երկրները որոշում են մնացած բոլորի համար: Եվրոպայի պատմությունը շատ հստակ ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում, երբ այդ ճանապարհով ենք գնում: Մենք գիտենք, որ Ռուսաստանը չի սիրում, երբ ՆԱՏՕ-ն շատ լայն է բացում իր դռները, և կարծում եմ, որ դժվարություններ են առաջանում այն երկրների համար, որոնք մոտ են ՌԴ-ին, և որոնք ցանկանում են մոտենալ ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին: Անձամբ ես կարծում եմ, որ ամենակարևորն այն սկզբունքն է, որ երկրներն իրենց ընտրությունը պիտի ունենան: Բայց մենք պիտի աշխատենք նաև ՌԴ-ի հետ, և դրա համար ճանապարհներ պետք է ունենալ»,- շեշտեց Ապատուրայը՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք եվրոպական երկրներին ավելի ուժեղ են դարձնում Եվրոպայի ներսում և Ատլանտյան ամբողջ տարածաշրջանում, ինչը նշանակում է, որ այս պահին քաղաքական շատ ճնշումներ կան և՛ ԱՄՆ-ի կողմից, և՛ Եվրոպայի ներսում՝ եվրոպական երկրների միջև:
«Անհրաժեշտ է հստակ տարանջատել դերերը, որպեսզի դերերի կրկնապատկում չլինի այն հարցերում, որն ամենալավը ՆԱՏՕ-ն կարող է իրականացնել: Ինչ վերաբերում է Եվրոպայի հավաքական պաշտպանությանը, ապա ՆԱՏՕ-ին փոխարինող չկա: ԱՄՆ-ի ներքաղաքական և ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի միջոցով Եվրոպայում շատ կարևոր է: Ի դեպ, ի՞նչ տեղի կունենա, երբ Միացյալ Թագավորությունը լքի ԵՄ-ն, ՆԱՏՕ-ի ներդրումների 80 տոկոսը կլինի ԵՄ-ից դուրս: Ահա, թե ինչու եմ կարծում, որ պետք է ամրապնդել եվրոպական հնարավորությունները, բայց պետք չէ նվազեցնել ՆԱՏՕ-ի դերը»,- շեշտեց Ապատուրայը: