կարևոր
3664 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-23 14:43
Հասարակություն

Մեր պատմությունն առանձնահատուկ է, նենգափոխել չի՛ կարելի. Ֆելիքս Մովսիսյան

Մեր պատմությունն առանձնահատուկ է, նենգափոխել չի՛ կարելի. Ֆելիքս Մովսիսյան

Ինչպես հայտնի է ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին» որոշման փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»: Մասնագետները, պատմաբաններն ահազանգում են, որ այս նախաձեռնությունն ունի վիճելի կողմեր։ Թեմայի շուրջ Yerkir.am-ը զրուցել է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանի հետ։ Մեր զրուցակցի խոսքով՝ մեծագույն մանիպուլյացիա է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»։

-Նման քայլի գնալը նշանակում է հայոց պատմությունից բացարձակ չհասկանալ, այսինքն՝ այդ առաջարկությունը  չի բխում մեր ժողովրդի շահերից, «Հայոց պատմություն»-ը այլ բան է, իսկ «Հայաստանի պատմություն»-ը՝ բոլորովին ուրիշ։ Երբ ասում ենք «Հայաստանի պատմություն» նկատի չենք ունենում Մեծ Հայքի, Փոքր Հայքի, Սփյուռքի պատմությունը, իսկ դա մեր ժողովրդի պատմության անբաժան մասն է, որն անտեսելը, խեղաթյուրելը, մեղմ ասած, պատմության չիմացություն է, եթե մի քիչ կոշտ ասեմ՝ տգիտություն։ Դա նշանակում է, որ մենք մեր պատմական անցյալի ամբողջ ժառանգությունը կորցնում ենք, անտեսում ենք, ուզում ենք մտածված մոռանալ՝ ինչ-ինչ քաղաքական անթույլատրելի նպատակադրումներից ելնելով։

-Ըստ այդմ, կարելի՞ է ասել, որ պետական մակարդակով փորձ է արվում մեր հիշողությունից ջնջել պատմական կարևորագույն դետալները, գուցե փորձում են այդ կերպ ազգ հասկացությո՞ւնը վերացնել։

-Բնութագրման հետ կարելի է համաձայնվել․․․ Խորհրդային տարիներին դասագրքերը կոչվում էին «Հայ ժողովրդի պատմություն», այդ տերմինը նշանակում էր միայն ժողովրդի պատմությունը, բայց երբ ասում ենք «Հայոց պատմություն» ավելի մեծ ու ամբողջական հասկացություն է, որը միայն ժողովրդի պատմությունը չէ, նշանակում է բոլոր հայերի պատմությունն է․ օրինակ՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը 70-ականներին Հայ ժողովրդի պատմությունը վերանվանել է Հայոց պատմություն միանգամայն ճիշտ է վարվել․․․

Երբ դասագրքի  «Հայոց պատմություն»-ը դարձնում ենք «Հայ ժողովրդի պատմություն» աբսուրդի հասնող անթույլատրելի ձևակերպում է, որը 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի անմիջական շարունակությունն է, իսկ, թե ովքեր են անում, ինչու են անում կարծում եմ հանրության գիտակից խավին հասկանալի է։

-Այսինքն՝ միտումնավորություն տեսնո՞ւմ եք։

-Եթե խնդիրը հակասում է պատմագիտությանը, եթե մեր պատմությունից չի բխում, այդ դեպքում ի՞նչ բացատրություն ունի։ Բացատրենք, որ մարդիկ պատմություն չեն հասկանո՞ւմ, եթե պատմություն չեն հասկանում, մեր ժողովրդի պատմությունը չգիտեն թող բարի լինեն պատմաբանների հետ խորհրդակցեն, մեծ քանակությամբ պատմական գրականություն կա, եթե այս կամ այն պատմաբանին չեն հավանում, թող մեր պատմությանն առնչվող գիտական գրականությունը կարդան, ուսումնասիրեն, բարդ բա՞ն է․ Հայոց պատմությունը նենգափոխում են, ես ուղղակի վրդովված ու զայրացած եմ, մեկը խելամիտ բացատրություն կարո՞ղ է տալ։

Նաև մեծագույն մանիպուլյացիա է, որ ասում են՝ ֆրանսիացիների պատմությունը կոչվում է Ֆրանսիայի պատմություն, ռուսներինը՝ Ռուսաստանի պատմություն,  նույնիսկ չեն կարողանում հասկանալ, որ մեր ժողովուրդն իր պատմությամբ առանձնահատուկ է, մենք Սփյուռք ունենք, Սփյուռքի հայերն իրենց գործունեությամբ մեր ժողովրդի պատմությունից դուրս ե՞ն, իհարկե՝ ոչ։ Կամ՝ Խորենացու աշխատությունը «Հայոց պատմություն» է, «Հայաստանի պատմություն» չէ, նույնը՝ մեր բոլոր պատմիչների աշխատությունները «Հայոց պատնություն» են։

Ֆրանսիացին ու ռուսը Սփյուռք չունի, այս աումով, կրկնում եմ, մեր պատմությունն առանձնահատուկ է ու չի կարելի Հայոց պատմությունը նենգափոխել Հայաստանի պատմություն դարձնել․ սա նշանակում է ասել, որ մեր պատմության մի հսկայական ժամանակահատված չկա, ինչը դատարապրտելի է, ազգային ինքնությանը մեծագույն հարված հասցնող քայլ է։  

Հերմինե Զեյնալյան