Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազատությունը, ժողովրդավարությունը և ինքնիշխանությունը չի վերաբերվում միայն այն քաղաքացիներին, ովքեր մտադիր են այս ընտրություններում քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին: Դա վերաբերվում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր որևէ ընտրություն կատարում են իրենց ինքնուրույն, ինքնիշխան, ազատ որոշման համաձայն, ովքեր որևէ մեկին թույլ չեն տալիս, որ իրենց ուղղորդեն: Այս մասին Սիսիանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատարՆիկոլՓաշինյանը:
«Ընտրություններում ուղղորդելու միայն մի ձև կա. դա քարոզարշավն է՝ լսել քաղաքական գործիչներին և կուսակցություններին, ճանաչել նրանց և, ի վերջո, որոշել, թե ում օգտին եք ուզում քվեարկել: Հիմա մենք իշխանության կարգավիճակում ենք և, ժողովրդավարություն ասելով, մենք նկատի չունենք միայն այն, ինչ մեզ ձեռնտու է: Երբ մենք ասում ենք ազատություն, դա նշանակում է, որ ազատություն՝ բոլոր քաղաքացիների համար, նրանց համար, ովքեր մեզ հետ համաձայն են և նրանց համար, ովքեր մեզ հետ համաձայն չեն»,- ընդգծեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պատմեց, թե ինչպես 2017 թվականին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իրենց քաղաքական թիմը հանրապետականների շտաբներից մեկում հայտնաբերել էր ապացույցներ, որ ընտրակաշառք է բաժանվել:
«Մենք դիմեցինք դատախազություն, սակայն քրեական գործի հարուցումը մերժվեց: Հետո մենք դիմեցինք դատարան, որպեսզի քրեական գործի կարճելու վերաբերյալ որոշումը վերացվի: Այդ դատական գործի ընթացքում տեղի ունեցավ հեղափոխություն և արդեն հեղափոխությունից հետո ես իմացա, որ դատարանը բավարարել է մեր հայցը և Հատուկ քննչական ծառայությունը վերսկսել է քրեական գործի քննությունը ընտրակաշառքի փաստով: Այսօրվա դրությամբ այդ գործը ուղարկված է դատարան և նախաքննության մարմինը ապացույցներ է ձեռք բերել, որ այդ շտաբից 130 հազար դոլարի ընտրակաշառք է բաժանվել և Հանրապետական կուսակցության շտաբից 11 անձ ամբաստանյալի կարգավիճակում են»,- նշեց Փաշինյանը:
Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ սա պետք է լուրջ ազդակ լինի բոլոր նրանց համար, ովքեր մտադիր են որևէ ապօրինի եղանակով Հայաստանի քաղացիների կամքը աղավաղելու փորձ անել:
«Ես նկատի ունեմ բոլորին: Կարող են լինել մարդիկ, ովքեր ապօրինի կերպով փորձեն, իբր, այսպես ասած, արջի ծառայություն մատուցելու համար «Իմ քայլը» դաշինքին ձայն ապահովեն: «Իմ քայլ» դաշինքին ոչ մի հարամ ձայն պետք չի: Թող ոչ մեկ չփորձի մեզ ապօրինի ծառայություն մատուցել, որովհետև նույնիսկ այդ եղանակով ստացված մեկ ձայնը կլինի նվաստացում մեզ համար, անձամբ ինձ համար և հեղափոխության համար: Մենք պետք է թույլ չտանք որևէ մեկը քաղաքացու կամքի վրա որևէ ազդեցություն ունենա»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: