կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-01 17:07
Քաղաքական

Մարդու տեսակ կա՝ գիշեր-ցերեկ դժգոհում է, մարդ էլ կա՝ գլուխը կախ աշխատում է. Աղվան Վարդանյան

Մարդու տեսակ կա՝ գիշեր-ցերեկ դժգոհում է, մարդ էլ կա՝ գլուխը կախ աշխատում է. Աղվան Վարդանյան

Այսօր մեր քաղաքական դաշտում տիրող ատելությունն ու թշնամանքն այնքան են մեծացել, որ բոլորիս վրա է ազդում: «Հասկանում ենք դժգոհությունների պատճառները, բայց մենք պետք է այս վիճակից դուրս գանք»,- Գեղարքունիքի մարզում սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակներում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Պատգամավորի խոսքով՝ ոչ թե իրար ոչնչացնելով է հնարավոր բան փոխել, այլ իրար հետ բանակցելով, կոմպրոմիսի գնալով, բանավիճելով, լավագույն լուծումներ գտնելով:

«Նոր Սահմանադրությունը հենց սրան է նպաստում: Ես երաշխավորում եմ, որ 2017-ի ընտրություններից հետո Հայաստանում ոչ մեկը մեծամասնություն չի լինելու, և ստիպված են լինելու իրար լսել, իրարից կարծիք հարցնել, խորհրդակցել»,- ասաց նա:

Վարդանյանի խոսքով՝ այսօր «ոչ» ասողներն ասում են՝ ժողովո\'ւրդ, քեզնից որևէ բան կախված չէ, բայց դա ամենավատ ծառայությունն է մարդկանց, երբ թևաթափ են անում, հուսահատեցնում են, երբ ասում են ՝քեզանից բան կախված չէ, քո ձայնը ոչինչ չի որոշում: «Մենք ասում ենք` եթե 10 մարդուց 5-ը հուսահատված են, ընտրակաշառքով են ձայն տալիս, ոչ մի բանի վրա հույս չեն դնում, մեր խնդիրն է այնպես անել, որ քիչ թե շատ ինքնավստահություն ու հույս ունեցող մյուս 5 հոգին դառնան 6, 7, և այդպես շարունակ»,- ասաց նա և ընդգծեց, որ եթե մարդն իրեն չի հարգում, իր ձայնը չի կարևորում, իրեն ոչ ոք չի հարգի:

«Ես վստահ եմ, որ մենք դժվար պայքարով, քրտինքով, աշխատանքով լավ երկիր ենք ունենալու: Ամեն տեղ էլ կա մարդու տեսակ, ով փողոցում, բակում գիշեր-ցերեկ բողոքում է, հայհոյում, այդ մարդու ապրելակերպն է այդպիսին: Տեսակ էլ կա, որ, գլուխը կախ, իր գործն է անում, աշխատում է, մի բան ստեղծում: «Այո»-ն ու «ոչ»-ն էլ է այս երկու տեսակների տարբերությունը»,- ասաց Վարդանյանը:

Պատգամավորը վստահեցրեց, որ եթե ուզում ենք բան փոխել, պետք է պայքարենք, վստահ լինենք, որ մեզնից բան է կախված: «Դաշնակցությունը հավատում է այս փոփոխություններին, գիտենք, որ սա բան է փոխելու, մենք որևէ բան չենք պարտադրում, պատրաստ ենք ցանկացած տեսակետ լսել: Նորից եմ կրկնում` այս Սահմանադրությունը 10 անգամ ավելի լավն է, քան նախորդը, 10 անգամ ավելի շատ հնարավորություն է տալիս մեր երկրում բան փոխելու: Մնացածը ձեր որոշելիքն է»,- ասաց նա:

Նշենք, որ քարոզարշավի ընթացքում Դաշնակցության ներկայացուցիչները հանրապետության տարբեր  մարզերում շուրջ 50 հանդիպում են ունեցել 5000-ից ավելի բնակիչների հետ: