Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ armeniangenocide100
Պարգև Ամիրյանի պատմությունը
1916 թ., Բիթլիս
Ցեղասպանությունը վերապրած` բիթլիսցի Պարգև Ամիրյանը որբացած հասել է Քարվանսարայի որբանոց և պատմում է, որ 1915թ. գարունն է եղել, երբ ռուսներն ու հայ կամավորները հասել են իրենց քաղաք: Շուտով նրանք նահանջել են, և թուրքն անցել է իր կոտորածին: Բոլոր տղամարդկանց հավաքել են և տարել անհայտ ուղղությամբ, հետո էլ կանանց ու աղջիկներին ուղարկել Սղերդի կողմը:Մայրը նրան աղջկա շորոր է հագցրել, որ չսպանեն: Ամիսներով սոված ու ծարավ հորերի մեջ թաքնվել են, մայրը մահացել է ու մնացել մառանում: Նա փախել է բողոքականների ժողովարան, 15 օր մնացել այնտեղ, բայց միստր Ջորշին սպանել են, և նա ժողովարանում 15 որբերի հետ մենակ է մնացել: Գիշեր-ցերեկ ահ ու դողի մեջ ապրել են, մինչև որ ռուսական զորքը և հայ կամավորները եկել, ազատել են,տարել Վան, հետո Դիլիջան և վերջում Քարվանսարայի որբանոց:
«Պատմողն է պիթլիսցի Պարգև Ամիրեանը (որբ), 12 տարեկան, (ազատուած 1916 թ. Պիթլիսի գրաւման ժամանակ), ունեցած է հայր` Մինաս 50 տարեկան, մայր Ազնիւ 40 տարեկան, մեծ եղբայր Բարունակ 30 տարեկան, ուսուցիչ, միջնեկ եղբայր Գեղամ` 14 տ., մեծ քոյր Արշալոյս` 16 տ., փոքր քոյր Արաքսի` 6 տ.:
Փոքրիկ Պարգևը այսպէս կը սկսի իր գլխին գալածները.- 1915 թ. գարուն էր: Ռուսի զօրքը և մեր կամաւորները եկան մինչև մեր քաղքի առաջ (Պիթլիսի Ալամոց խանի մօտ), մեզմէ մէկ ժամ հեռու էին: Մենք ելանք տանիքները, հետևէն տեսանք ռուսին շօշում` շատ ուրախացանք, ըսինք էլ թուրքեր մեզի չեն չարչարի, մեզի չեն սպաննի, էլ մեր ապրանքն ու փարէն չեն առնի: Թուրքերու լեզուն բերաննին չորցաւ, որ տեսան ռուսի զօրքը: Ռուսի զօրքը շատ չմնաց մեր քաղքին մօտ, շուտ հեռացաւ: Թուրքեր սազեցին մեզի չարչարել, թէ մէկն էր – եղաւ ազար ու մէկ:
Ռուսի գնալուց յետոյ փաշէ մը եկաւ մեր քաղաք, իր հետ կար շատ ասքեար ու քիւրտ, էտ փաշէն առաջ կանչեց քաղքի մեծ-մեծ թուճճար մարդիկը, տարաւ բանտարկեց, ես տեսայ, որ ասքեարներ սիւնկիներով էդ մարդոց բոլորտիքը առած` քաղքից դուրս հանեցին: Մարդերու ձեռքերը կապուած էին իրար, ըսին էդ մարդոց կը տանեն սուրկուն (աքսոր): Մենք շատ կը վախնանք, իմ հայրը մտեր էր մեր տան տակի հորը, իմ հօրը չեկան տարին, անգամ մը եկան գաղեցին (փնտռեցին), չգտան: Մարդիկ որ պրծան տանելուց, այս անգամ ժողուեցին կնիկներ, աղջիկներ տարին, ըսին կը ղրկենք ձեր մարդոց մօտ, բոլորը քաղքից հանեցին, քշեցին Սղերդի կողմ: Ասքեարներ եկան մտան մեր դրացի Կազնքանց տունը: Մարդու անունը Լևոն էր, իրենք մուխթար էին: Լևոն թասլիմ չեղաւ, 5 սահաթ կռիւ էրեց թուրքերի հետ, իր կնիկը հրացանը կը լեցնէր, ինքը կը կռուէր, ասքարներ տունը վառեցին: Լևոնը ու իրենց մարդիկը վառուան տան մէջ: Մենք շատ վախցանք, իմ մայր ինձի ու իմ աղբեր Գեղամին աղջկայ շոր հագուցեր էր:
Մենք` ես, իմ մայրը, իմ քոյրը փախանք մեր տնից գացինք Կախչեանց Սիրունի տունը, իսկ իմ պզտիկ քոյր Արաքսին, իմ տատս ու միւսները մնացին մեր տունը: Իմ հօրը կ՚ըսէին սոլկար Մինաս, սոլ (կոշիկ) կը կարէր, իմ հօր կար աշկերտ մը, անունը Մխիթար էր, Խեչոյի տղան, ասկեարներ որ եկան մեր տուն թալնեցին, բռնեցին Մխիթարին ծեծեցին, որ իմ հօր տեղ ըսէր, նա էլ վախեցաւ, իմ հօր տեղը ըսաւ: Բռնեցին իմ հայրը, մեր տան տակի մառանին մէջ ու սպաննեցին: Ասկեարները եկան, մտան Սիրունի տունը: էդտեղ կար երեք զէնքով մարդ, մէկը կնկայ շորեր հագած: էդ երեք մարդիկ շատ կռուեցան, ասկեարներ կրակ թողին Սիրունի տունը:Մենք փախանք, էլման եկանք, մեր տուն տեսանք, որ իմ տատը և իմ քեռի Հրանդը, Մուխսի Իսրայէլեանը իմ մեծ աղբօր Գեղամի հետ մտած էին Կանչոյեանց տան տակի հորին մէջ: Ասկեարները մէկ ալ եկան մեր տունը թալանելու, գտան իմ եղբօր և քեռուս, տարին:
Ես աղջկայ շոր հագեր էի, ինծի բան չըսին, իմ մայրը գնաց զապիթի մօտ, փարա տուեց և իմ եղբօրը ազատեց, բայց քեռիս սպաննեցին: էդպէս շաբաթներով, ամիսներով, անօթի-ծարաւ հորերի մէջ, տների տակ մեր գլուխ պահեցինք: Իմ մայրը մեռաւ ու մնաց մեր մառանի մէջ: Զօրքեր, քիւրտեր եկան մեզի քշեցին, տարին Մուխսի Ջիրջիզի տունը, մենք մտանք տունը, տեսանք լիքը աղջիկ, պզտիկ տղայ, կնիկներ, քաղքից ժողուած-բերած, լցած էին էնտեղ: Ես ու իմ եղբայր Գեղամը պարսպից ելանք, փախանք, գացինք բողոքականների ժողովարանը, 15 օր մնացինք այդտեղ: Մստր Ջորշը մեզի կը պահէր, օր մը ալ եկան Ջորջին տարին սպաննեցին: Իմ եղբայրը փախաւ ժողովարանից, գնաց ամերիկացի Միշէի մօտ, որ կ կ՚երթար Խարբերդ, եղբայրս ընկաւ նրա ետևից, գնաց: էլ չգիտեմ ինչպէս եղաւ, ես մենակ մնացի ժողովարանին մէջ, ինձ հետ կային 15 որբեր: Գիշեր-ցերեկ ահ ու դողի մէջ կ՚ապրէինք, մինչև որ ռուսի զօրքը և հայ կամաւորները եկան մեզ ազատեցին, տարան Վան, անկից ալ ինձ բերին Դիլիջան, դրին որբանոց և հիմա ալ կը մնամ Քարվանսարայի որբանոցին մէջ»:
ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 490, թթ. 15-22, բնագիր, ձեռագիր
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 2, Բիթլիսի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 63 – 65: