կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-03 12:33
Տարածաշրջան

Երբ թուրք հայտնի հաղորդավարուհին հագավ մուրացկանի շորեր…

Երբ թուրք հայտնի հաղորդավարուհին հագավ մուրացկանի շորեր…

Թուրքիայում ATV հեռուստաալիքի հայտնի հաղորդավարուհի Զահիդե Եթիշը սոցիալական հարցում է անցկացրել Բաքըրքոյում, որտեղ վերջին օրերին թեժ իրադարձություններ էին ընթանում ցուցարարների և ոստիկանների միջև:

 

Պատահական չէ, որ հեռուստաալիքն այդ վայրն է ընտրել հարցումն անցկացնեու համար: Չ՞է որ ամբողջ աշխարհի ուշադրությունն այժմ Թուրքիայի վրա է: Գեզի այգի, Սոմա, դարձյալ Գեզի այգի, եւ այսպես շարունակ… Այսպիսի իրավիճակում թուրքերը, բնականաբար, անցնում են գործի՝ հասարակության և արտասահմանյան լրատվամիջոցների կարծիքի վրա ազդելու համար՝ հերթական անգամ ապարդյուն ջանքեր գործադրելով:

 

Հարցման համար հաղորդավարուհին կերպարանափոխվում է՝ հագնում է մաշված շորեր, կեղծամ և գլխաշոր կապում, հատուկ դիմահարդարմամբ մեծացնում տարիքն ու, մուրացկանի տեսք ընդունած, դուրս գալիս Բաքըրքոյ: Նպատակը ապացուցելն է, որ թուրքերը տարբերվում են մնացած բոլոր ազգերից:

 

ATV-ով նայում եմ հարցման տեսանյութը, որը լուրերով էին հաղորդում: «Մուրացկանը» օգնություն է մուրում: Անցորդներից ոմանք հրաժարվում են օգնել և անտարբեր անցնում են նրա կողքով: Տեսանյութի մեկնաբանը սրտաճմլիկ ձայնով ներկայացնում է այդ անցորդների անտարբերությունը: Գալիս է բուն պահը` մոտենում է մի տղամարդ և, բառի բուն իմաստով, «օգնության ձեռք մեկնում» հաղորդավուհուն: «Ես քեզ օգնելու եմ: Քեզ ո՞վ է այստեղ հասցրել: Վաղը, այս ժամին, նույն տեղում… Դու խնդիր չունես: Ես քեզ սիրում եմ, ջա’նս» ասելով՝ ձեռքը դնում է «մուրացկանի» ուսին: Մեկնաբանը պնդում է, թե հաղրդավուհին փոքր-ինչ վախեցել է անծանոթ տղամարդու մտերմությունից, սակայն համառորեն չի ընդունում, որ տղամարդը «քսմսվում է» փողոցում օգնություն մուրացող կնոջը: Նկարահանման պատասխանատուներից մեկը հեռացնում է տղամարդուն, և հարցումը շարունակվում է:

 

Հաղորդավարուհին այս անգամ էլ «ուշագնաց է լինում»: Եվ, ինչպես մեկնաբանն է ասում, «րոպե անգամ չէր անցել, երբ անցորդները մոտեցան և օգնեցին մուրացկանին՝ չիմանալով իրականում` ով է գետնին պառկածը»: Սպիտակ վերնաշապիկով երիտասարդը ջուր է ցողում հաղորդավարուհու դեմքին, օգնում նրան վեր կենալ: Ահա հենց այդ պահին էլ սկսվում է իրական դերակատարությունը: Հաղորդավարուհին հանում է կեղծամն, ու բոլորը զարմանում են: Նա, լաց լինելով, գովաբանում է թուրք ժողովրդի «մեծությունը», ասում, որ հարցումն անցկացնելիս ինքը կասկած անգամ չի ունեցել, որ կօգնեն իրեն, և թե իբր թուրքերի համար կարևոր չէ, թե օգնության կարիքն ունեցողը ով է, նրանք օգնում են՝ կապ չունի՝ ինչպե՞ս:

 

Տեսանյութն ավարտվում է հաղորդավարուհու հուզված պահերի ցուցադրմամբ, որի պատճառը, անկասկած, ոչ թե տարած «հաղթանակն» էր, այլ տղամարդու «ձեռք մեկնելը»: Ինչևէ…

 

Առավոտյան կարդում եմ Թուրքիայի լուրերը: Բոլոր թերթերի գլխավոր լուրում հաղորդավարուհին է: Բոլորը նյութը վերնագրել են՝ «Հայտնի հաղորդավարուհու վիճակը չարաշահել են»: Հարցման արդյունքի մասին ոչ մի խոսք: Ի՞նչ հարցում, հարցումն ավարտված էր՝ չսկսված:

 

Արազ Գայմագամյան