կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-27 12:50
Հասարակություն

Պապիս աղջկա շորեր են հագցրել, ականջօղեր կախել ու գաղթել

Պապիս աղջկա շորեր են հագցրել, ականջօղեր կախել ու գաղթել

Գևորգ Վարդանյանի պատմությունը

1901 թ., Մոչկա


Արաքսյա Վարդանյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի պատմությունը: Նա 14 տարեկան է եղել, երբ սկսվել է Ցեղասպանոււթյունը: Նրան աղջկա շորեր են հագցրել, ականջներին օղ գցել և ընտանիքով փախել Մոչկայից:

 

«Գևորգը՝պապս, ծնվել է 1901 թվականին: Նա 14 տարեկան էր, երբ սկսվեց Ցեղասպանոււթյունը: Նրան հագցրել են աղջկա շորեր, ականջներին օղ են գցել և ընտանիքով փախել Մոչկայից: Իման տատն իր ազգանունն է տվել հարազատներին, որպեսզի կարողանան փրկվել: Ճանապարհին բռնել են բոլորին ու փակել մի տան մեջ, որ վառեն, բայց մի ծանոթ քուրդ իրենց գաղտնի բաց է թողել: Նրանք փախել, եկել են Գավառ, իսկ հետո Դիլիջան: Գաղթի ժամանակ տարբեր ուղղություններով են փախել: Տարիներ հետո Գևորգի հորաքույր Մաքո Շահինյանին գտել են Օդեսայում, որտեղ ամուսնացել էր Համբարձումի հետ:

 

Վերջինս եղել էր Անդրանիկի թիկնապահը: Գևորգը Դիլիջանում ամուսնացել է Արաքսյա Մարտիրոսյանի հետ: Ունեցել են 12 երեխա՝ 8 տղա և 4 աղջիկ: Այժմ ողջ են 2 տղան՝ Ռազմիկ և Ռուբիկ Վարդանյանները: Գևորգ պապս անընդհատ իրենց տան գծապատկերն էր գծում՝ ցույց տալով որտեղ է իրենց տունը, այն ծառը, որտեղ մայրը կճուչով ոսկի էր պահել: Այդ ոսկու մի մասը իրենց հետ են բերել և փոխելով հացի հետ` գոյատևել են: Նրա երազանքն էր գնալ իր հայրական տուն: Գևորգ Վարդանյանը մահացել է 1985թ. մարտի 23-ին՝ 84 տարեկանում»: