կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-11 12:45
Հասարակություն

Մայրս բաց թողեց ձեռքս, տխուր մի հայացք գցեց ինձ վրա ու կորավ գաղթականների խառնիխուռն ամբոխի մեջ

Մայրս բաց թողեց ձեռքս, տխուր մի հայացք գցեց ինձ վրա ու կորավ գաղթականների խառնիխուռն ամբոխի մեջ

 

Երվանդ Մնացականյանի պատմությունը

1910 թ., Ղամառլու շրջան, գյուղ Կաշկա

Աննա Շահինյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի պատմությունը: Նա պատմել է, թե ինչպես են գաղթել մոր, տատի ու երկու եղբոր հետ: Ճանապարհը ծանր ու անանցանելի է եղել: Արդյունքում` կորցրել է բոլորին՝ հորեղբոր կնոջ օգնությամբ հասնելով Գյումրիի մանկատուն:

 

«Պապս իր մանկությունից գրեթե չէր խոսում, չնայած՝ մենք գիտեիք, որ գաղթել է, սով, արհավիրք տեսել, մեծացել ողբանոցում։ Ուսանող էի, ձմեռային արձակուրդին տուն գնացի, մեծ եղավ ուրախությունս, երբ տեսա մեզ հյուր եկած պապիս։ Նա բարձրահասակ, կապույտաչյա, խոսքաշեն, համով-հոտով զրուցակից էր։ Ձմռան երկար երեկո էր, մենք բոլորել էինք վառարանի շուրջը և լսում էինք պապիս պատմությունները Հայրենական պատերազմի մասին։ Եղբայրս ընդհատեց պապիս, և ասաց․

 

-Այս պատերազմի մասին մենք գիտենք, պատմի՛ր քո մանկության հուշերից։

 

Նա լռեց, վեր կացավ, վառարանը փայտ գցեց և մի տեսակ ընկճված, տխուր ասաց․

 

-Ախր ինչ պատմելու բան է, որ պատմեմ բալա։ 1918-ի գարնանը լուր էր տարածվել, որ թուրքը գալիս է, ու սկսվեց առ ու փախը։ Այդ ժամանակ տանը մնացել էինք տատս, մայրս, հորեղբորս կինը, ես, երեք տարեկան և յոթ ամսեկան եղբայրներս․ հայրս ու հորեղբայրս ռազմաճակատում էին։ Մայս գրկել էր բարուրը և բռնել երեքամյա եղբորս ձեռքը, իսկ ինձ հորդորեց, որ տատիցս չհեռանամ։ Այդ ժամանակ ես հազիվ թե 7-8 գարունը տեսած լինեի, բայց այդ գարունը հիշում եմ այսօրվա պես։

 

Գաղթի ճանփան էին բռնել մեր և հարակից գյուղերի բնակիչները, գաղթում էին Դարալագյազ։ Հասանել էին Ջհանդամ Դարասի կոչվող ձորի մոտ, մեծ մամս ճամփից ուժասպառ նստեց մի թփի մոտ, մայրս բարուրը դրեց տատիս գիրկը, ձեռքս բռնեց, հետո դանդաղ դուրս քաշեց հիշողությանս մեջ ամրացած փոքրի ձեռքը՝ սպիտակ մատանիով։ Շալակից ինձ էր նայում կապուտաչյա, խարտյաշ գանգուրներով փոքրիկ Խաչիկը։

 

Մայրս դանդաղորեն բաց թողեց ձեռքս, տխուր մի հայացք գցեց իմ վրա ու կորավ գաղթյալների խառնիխուռն ամբոխի մեջ։ Մորս դիմագծերը վաղուց մոռացել եմ, բայց գրեթե ամեն օր տեսնում եմ նրա այն գեղեցիկ փոքրիկ ձեռքը՝ սպիտակ մատանիով։ Մեր կողքով անցնում էին անտարբեր մարդիկ միմյանց կանչելով, հրելով, հրմշտելով․ իսկական սոդոմ-գոմոր էր։


Մենք հետ էինք մնացել գաղթողներից, լսվում էր մեծ մամիս ողբաձայն լալը։

Որտեղից-որտեղ հայտնվեց հորեղբորս կինը, մեծ մամիս գրկից խլեց բարուրը առանց վարանել նետեց ձորը, ինձ շալակն առավ ու քաշեց մեծ մամիս թևից, սակայն տատս մի քանի քայլ արեց, հետ նայեց բարուրը կլանած ձորին ու անտարբեր ասաց․ «Գնացե՛ք բալա»։ Մեր հետևից լսվում էր մեծ մամիս կերկերուն ձայնը։ «Երվա՛նդ, բալաս, Աչո նանայի փեշը բաց չթողնես, ծուխս չմարես»։ Ճանփին արցուքն աչքերս փնտրում եմ մորս ու եղբորս, սպասում մեծ մամիս։ Իսկ Աչո նանան ինձ սաստում էր և ասում․ «Թե բան էլ պատահի հիշի՛ր, Երվանդ Ասատուրի Մնացականյան»։

 

Չեմ հիշում ինչքան տևեց այդ ճամփան, հասանք հեռավոր Դարալագյազի Հորս գյուղը։ Այնտեղ որբանոց կար, ինձ որբանոց տվեցին, երբեմն ինձ այցի էր գալիս հորեղբորս կինն ու իմ հարցերին, թե ինչ եղան մայրս, եղբայրս, նա միայն ուսերն էր թոթովում։ Որքան մնացինք Հորսում, չեմ հիշում, բայց որբանացում կյանքն անհարազատ ու անտանելի էր։ Հորսից մեզ տեղափոխեցին Ալեքպոլի ամերիկյան որբանոցը, որտեղ պայմանները համեմատաբար տանելի էին և այնտեղ էին ապաստանել հարյուրավոր ինձ նման հայ որբեր։ Երկու տարի էր անցել, երբ նորից լուր տարածվեց, թե թուրքը լցվել է քաղաքը։ Որբանոցում բոլոր լուրերը դրսից բերում է ավագ խմբից մի վտիտ, աչքաբաց տղա, որին Օնո էինք կոչում։ Ժամանակ անցավ ու իմացանք, որ մեր ճանաչած Օնոն Հովհաննես Շիրազ է դարձել։ Այս օրերին որբանոցում կյանքն էլ ավելի տխուր էր չարագուշակ լռության մեջ։ Մի երեկո էլ Օնոն խմբից խումբ անցնելով ասում էր․ «Տղա՛ք, մեզի Ամերիկա կտանին, ով չի ուզի, թող չերթա»։ Բարեբախտաբար, հենց այդ օրերին, ինձ տուն տանելու եկավ Սերո հորեղբայրս, որը նոր էր վերադարձել ռազմաճակատից…

 

Պապս լռեց, աչքերի կապույտն ավելի խտացավ, մուգ ծով դարձան և այդ ծովում անհետացան անցյալից նշմարվող մեծ մամի, հոր, Շուշան մոր, փոքրիկ եղբայրների աղոտ ու ցավագին հուշերը։ Այդ թանկ հուշերը կենդանություն առան այն ժամանակ, երբ իր զավականերին կոչեց նրանց անուներով։

 

․․․Պապիս յոթանասունամյանկին սեղանի շուրջն էին հավաքվել զավակները, թոռները, ծոռները և հորեղբոյր աղջիկներն իրենց զավակներով։ Սեղանի գլխին բազմած պապս նայեց բոլորիս, աչքերը վեր հառեց ու բարձրաձայն փառք տվեց Աստծուն․ «Մի բարակ ճյուղ էի, քանավեց ընձյուղ ունեցա»։