Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող նրա համակուրսեցիներից Մովսես Ազարյանը նույնպես իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Ազարյանի պաշտպան Թադևոս Ալեքսանյանը` նշելով, որ իր պաշտպանյալը ցուցմունք և մանրամասն բացատրություն է տվել:
Փաստաբանը հայտնեց, որ ինքն օրեր առաջ դիմել է նախաքննական մարմնին` հայտնելով, որ իր պաշտպանյալը պատրաստ է առերեսման մասնակցել: Ըստ նրա` Ազարյանը հերքում է իր մասնակցությունը կատարված հանցագործությանը, ավելին` հայտնում է, որ իր ննջարանը բավականին հեռու է այն սենյակից, որտեղ տեղի է ունեցել դեպքը:
Հարցին` արդյո՞ք իր պաշտպանյալի նկատմամբ ևս խորթ մեթոդներ են կիրառվել, մասնավորապես` բռնությամբ ցուցմունք կորզել, պաշտպանը պատասխանեց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում, և որ իր պաշտպանյալն իրեն նման դժգոհություն չի հայտնել: Ըստ նրա` սա այն գործը չէ, որ փորձեն կոծկել:
«4 հոգի կալանավորվել են: Բնական է, որ պետք է պարզեն նրանցից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանը, եթե իսկապես ունեցել են»,- ասաց փաստաբանը և հավելեց` ենթադրվում է, որ իրականությունը կպարզվի:
Նշենք, որ մինչ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ընդունվելը Մովսեսը նույնպես սովորել է «Փոքր Մհեր» ռազմական վարժարանում: Yerkir.am-ի տեղեկություններով` նա մտերիմ հարաբերությունների մեջ է գործով կալանավորված Վաչեի հետ: Մեր տեղեկություններով ` Մովսեսը գառնեցի է, սակայն նրա ընտանիքն այժմ բնակվում է Լաչինում:
Ի դեպ, yerkir.am-ի տեղեկություներով, Մովսեսի հայրը, ով Արցախյան ազատամարտի մասնակից է, քննիչների մոտ հայտարարել է, որ եթե պարզվի` որդին մեղավոր է, ինքը կողմ է, որ պատասխանատվության ենթարկվի:
Փաստորեն, սպանության գործով կալանավորված 4 կուրսանտներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչում, անգամ` ինստիտուտի պետի նախկին տեղակալ Զարմիկ Մարկոսյանի որդին` Գնելը, որին և հիմնականում վերագրվում էր սպանությունը:
Նշենք նաև, որ դեպքի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարականով նշանակված ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ տղաների միջև վիճաբանությունը ծագել է ճաշարանում, իսկ սպանությունը կատարվել է ոգելից խմիչքի ազդեցության տակ:
Ի դեպ, yerkir.am-ի տեղեկություններով ռազմական ինստիտուտի նոր պետը` իր խստությամբ հայտնի Արմեն Ղահրամանյանը, արդեն իսկ սկսել է իր ոճով կարգուկանոն հաստատել ինստիտուտում: