Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործի քննությունը: Այսօրվա դատական նիստում հարցաքննվեց հայտնի փորձագետ Էլդա Գրինը:
Նա նախ ցավակցություն հայտնեց սպանված կուրսանտի հարազատներին, ապա հետաքրքրվեց, թե ինչու՞ ամբաստանյալների նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն չի նշանակվել, այլ ընդամենը նրանց լուսանկարներն էին ներկայացրել: Ըստ Գրինի` դա լուրջ վրիպում է, և իր պրակտիկայում առաջին դեպքն է, երբ նման ծանր գործով դատահոգեբանական փորձաքննություն չի նշանակվում: «Ուղարկեք ողջ մարդկանց` հետազոտենք, ոչ թե լուսանկարները»,- ասաց 88-ամյա փորձագետը:
Նա հաստատեց իր այն եզրակացությունը, որ դեպքից հետո տուժողի մոտից հայտնաբերված գրությունը նա չի գրել: «Նա հակված չէր ինքնասպանության: Նման քայլի դիմող մարդուն չի հետաքրքրում կյանքը, նա ունենում է նեղ երևակայություն և չի մտածում ապագայի մասին»,- ասաց Էլդա Գրինը:
Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի մոտից հայտնաբերված երկտողում գրված էր. «Ոչ մեկ մեղավոր չի ու կապ չունի, ուղղակի հոգնել եմ ու անհետաքրքիր ա: Քաշքշուկի համար կներեք»:
Դատարան հրավիրված հոգեբան Մարիամ Մեհրաբյանն էլ, իր հերթին, նշեց, որ «քաշքշուկ» բառն ապագային միտված բառ չէ, քաշքշուկի համար նման քայլի դիմող մարդը դրա մասին չէր գրի:
Պաշտպանական կողմը փորձագետից հետաքրքրվեց նաև, թե այս գործով փորձաքննության ընթացքում արդյո՞ք կիրառվել է ստի դետեկտոր (պոլիգրաֆ), թե՞ ոչ: Էլդա Գրինը պատասխանոց, որ մեզ մոտ դա չի կիրառվում, և եթե կիրառվի էլ, ապա որևէ նշանակություն չի ունենա:
Հիշեցնենք, որ, ըստ մեղադրական եզրակացության, Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը հունվարի 29-ին` ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Բարսեղյանին: Զորամասի կուրսանտ Վարազդատ Սաֆարյանն էլ 2014թ. նոյեմբերի 16-ին` ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց եւ վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածները, ծեծի են ենթարկել Մանասերյանին: Բացի դրանից՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին: