կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-28 16:42
Իրավական

Տնտեսագիտականի ուսանողի սպանության գործով մեղադրյալի պաշտպանը դիմել է գլխավոր դատախազին

Տնտեսագիտականի ուսանողի սպանության գործով մեղադրյալի պաշտպանը դիմել է գլխավոր դատախազին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տնտեսագիտական համալսարանի ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց ՀՀ առողջապահության նախարարության փորձագետ Շավարշ Գևորգյանը:

 

Պատասխանելով պաշտպանական կողմի հարցերին` նա նկարագրեց մահացած ուսանողի ստացած վնասվածքները, նշեց, որ տղայի համար մահացու է եղել կրծքավանդակին հասցված վնասվածքը, որի խորությունը եղել է 8-9 սմ, իսկ նստատեղին հասցված վնասվածքը եղել է 4-5 սմ: Փորձագետը չբացառեց, որ երկու վնասվածքներն էլ նույն դանակով են հասցվել` միաժամանակ նշելով, որ դա ճշգրիտ կարող է պարզվել միայն հետքաբանական փորձաքննությամբ:

 

Այսօր դատարանում հետազոտվեցին նաև «Ցիտադել» բիզնես կենտրոնի տարածքից առգրավված` տեսաձայնագրման սարքերի արձանագրությունները: Ամբաստանյալ Հայկ Աղամալյանի պաշտպան Սեյրան Գրիգորյանի խոսքով` տեսաերիզում երևում է մուգ հագուստով և ակնոցով տղա, ով, ըստ նրա, մասնակցել է Տերյան փողոցի վիճաբանությանը: Նա միջնորդեց տեսաձայնագրային փորձաքննություն նշանակել, ինչի առնչությամբ մեղադրողն առարկեց` նշելով, որ նման միջնորդություն արդեն ներկայացվել է, որը մերժվել է անհիմն լինելու պատճառով,  և որ դրա վերաբերյալ նոր երևան եկած հանգամանքներ չկան:

 

Դատավորը մերժեց պաշտպանի միջնորդությունը: Այնուհետև Գրիգորյանը միջնորդեց նշանակել համալիր դատաբժշկական փորձաքննություն, որը նույնպես մերժվեց: Այնուհետև պաշտպանը միջնորդեց հետաձգել դատական նիստը` նշելով, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով միջամտել, որպեսզի որոշակի ժամկետով հետաձգվի գործի քննությունը, քանի որ այս գործից անջատված մասով նախաքննություն է ընթանում, և որով հնարավոր է նոր փաստեր ի հայտ գան: Նա նշեց, որ դեռևս դատախազից պատասխան չի ստացել:

 

Նշենք, որ գործի անջատված մասը հարուցված է խուլիգանության փաստով, և այժմ նախաքննական մարմինը գործողություններ է ձեռնարկում դեպքին մասնակցած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ խուլիգանությանը, որն, ի վերջո, վերածվել է ծեծկռտուքի, մասնակցել են 40-ից ավելի երիտասարդներ: Սակայն դատարանն այս միջնորդությունն էլ մերժեց և անցավ դատական վիճաբանությունների փուլին:

 

Մեղադրական ճառին պատրաստվելու համար դատախազ Մելքոնյանը ժամանակ խնդրեց: Այսպիսով` այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց սեպտեմբերի 9-ին: