կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-11 11:40
Իրավական

Վաչեն ԱԱԾ աշխատակցի որդի չէ, պատրաստ է ցուցմունք տալ. կուրսանտի սպանության գործով պաշտպան

Վաչեն ԱԱԾ աշխատակցի որդի չէ,  պատրաստ է ցուցմունք տալ. կուրսանտի սպանության գործով պաշտպան

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող նրա համակուրսեցիներից Վաչե Սահակյանը նույնպես իրեն մեղավոր չի ճանաչում: Կուրսանտի պաշտպան Արմեն Նադիրյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Վաչեն արդարադատությունից չի խուսափում, պատրաստ է ցուցմունք տալ, քանի որ ինքն էլ է շահագրգռված, որ ճշմարտությունը բացահայտվի: «Այս գործն այնպիսի հնչեղություն ունի, որ բոլորս էլ ցանկանում ենք` ճշմարտությունը բացահայտվի»,- ասաց փաստաբանը:

 

Նշենք, որ փաստաբանը Սահակյանի կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը չի հասցրել բողոքարկել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, քանի որ մինչ ներգրավվել է գործում, բողոքարկման ժամկետն անցել է: Նադիրյանը հերքեց լրատվամիջոցներով տարածված այն տեղեկությունները, թե Վաչեն ԱԱԾ աշխատակցի որդի է:

 

«Իմ պաշտպանալը որևէ պաշտոնյա հարազատ, առավել ևս` ծնող, չունի: Վաչեին մեծացրել է մայրը: Նա բնավորությամբ հանդարտ, հանգիստ, հաշտեցնող տղա է, իսկ Հայկազի հետ նորմալ հարաբերությունների մեջ է եղել»,- ասաց պաշտպանը և հավելեց, որ գործի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել չի կարող, քանի որ նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին ստորագրություն է տվել:

 

Հիշեցնենք, որ Հայկազի համակուրսեցիներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։