Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տիկին Աղավնիի պատմությունը
1943 թ., Թոմարզա
Տիգրանուհի Մովսիսյանը պատմում է տիկին Աղավնիի մասին, որը մի օր գնում է լսելու Ամերիկայի նահանգներից Լոս Անջելես եկած մի քահանայի քարոզ: Հայր սուրբի աչքերին նայելով` սիրահարվում է և ամաչում իր մտքերից: Հաջորդ անգամ, երբ հայր սուրբը նորից գալիս է, այս անգամ կինը պատմում է իր ընտանիքի պատմությունը, որ երբ բռնել են գաղթի ճանապարհը, կորցրել փոքր եղբորը, նկարագրում է եղբորը, պատմում նրա` օջախը ընկնելու պատմությունը: Այդ տղան հայր սուրբն էր:
«Հայր սուրբ մը Ամերիկայի նահանգե մը կուգա Լոս Անջելես: Մերին ծանոթ տիկին Աղավնին կերթա լսելու անոր քարոզը: Կնայի հայր սուրբին աչքերուն, կսիրահարվի: Կզգա, որ Աստծո մոտ մեղք ունի իր վարմունքը, կուզե ազատվիլ ադ հայր սուրբին մտապատկերեն, բայց չի կրնար: Խեղճ կնոջ վրա ներվային վիճակ մը կուգա:
Տիկին Աղավնիին տղան հոգեբան բժիշկ էլած էր համալսարանեն, կզգա մոր տարօրինակ վիճակը, կառնե նամակ մը կգրե հայր սուրբին, թե մենք նորեն կուզենք ձեզի տեսնալ և լսել:
Օրին մեկը ադ նույն հայր սուրբը նորեն կուգա Լոս Անջելես, տղան կըսե մորը. – Քո հավնած հայր սուրբդ եկավ, էլի՛ր, եկեղեցի գնա:
Մայրը չուզեր երթալ, ինքզինքեն կվախնա: Տղան կէրթա ադ հայր սուրբին իրենց տունը կհրավիրե: Սեղան կնստին: Տիկին Աղավնիս կնայի՜, կնայի՜, անոր երեսը կնայի…
Հայր սուրբը կհարցնե. – Տիկի՜ն, դուք ինչպե՞ս եկաք աստեղ, որտեղացի՞ եք:
Կինը կսկսի պատմել. – Ես թոմարզացի եմ, ծնողքս հարուստ էին: Մեզի աքսոր հանեցին: Ինձմե պզտիկ եղբայր մը ունեի, ճամփան չեթեները զոռով մորս ձեռքեն հափշտակեցին, փախցուցին: Խեղճ մայրս օրը երեք ժում կուլար, իր տղային կհիշեր և կըսեր. «Անուշի՜կ զավակս, եթե գիտնայի, որ քեզի պիտի չեթեները փախցնեն, այդքան երկա՜ր քեզ չէի խնամի»: Քանի որ Զավեն եղբայրս թոնիրը ինկած էր, այրված էր սաստիկ, և մայրս շա՜տ երկար անոր մեհլեմներով` տնային դեղերով, հազիվ առողջացուցած էր:
Հայր սուրբը իր սքեմին թևերը վեր կսոթդե, ցույց կուտա այրվածքի հետքերը, կըսե. – Ադ տղան ե՛ս եմ:
Տիկին Աղավնիին ուրախությունը մեկ աշխարհ կըլլա, կըսե. – Պարապ տեղը չէ, որ ա՛ս աչքերը ինձի կհետապնդեին քեզի տեսած օրես ի վեր:
Ադ ձևով իրար կորսունցած քույր և եղբայր իրար կգտնան»:
Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 358, էջ 551:
Աղբյուրը` armeniangenocide100