Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք հիմա մի ժամանակաշրջանում ենք ապրում, որտեղ մշակույթն անտեսված է. այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը:
Ըստ նրա` այն, որ մշակույթը հանրության ուշադրությունից դուրս է մղվել, ամենևին էլ սոցիալական պայմաններից չէ կախված, քանի որ ամենածանր պատերազմական տարիներին էլ Հայաստանում մշակույթը ծաղկում էր:
«Մենք մի համակարգից մյուսին ենք անցել, իսկ արվեստը չի հարմարվել նոր միջավայրին: Բացի այդ` ոչնչացրել ենք հինը, իսկ դրա փոխարեն նորը չենք ստեղծել: Գիտե՞ք` մշակութային կյանքի բացակայությունն է արտագաղթի պատճառներից մեկը, քանի որ մարդիկ կապվածություն չեն զգում այն մշակույթի հետ, որի կրողն են: Իսկ մշակույթն արթնացնելու միջոց է, մարդկանց սթափ պահելու միջոց»,-ասաց Շահումյանը:
Ըստ նրա` մշակութային ոլորտի խնդիրները գալիս են նաև այն փաստից, որ նորմալ օրենսդրական ակտեր չկան` այս կամ այն ոլորտը կարգավորող: Օրինակ` կերպարվեստը մշակույթի միակ ճյուղերից է, որ բացարձակապես չի ֆինանսավորվում պետության կողմից, չնայած, ըստ Շահումյանի, մյուս ոլորտներն այնքան քիչ են պետական բյուջեից գումարներ ստանում, որ դրանցով ոչնչի հասնել չեն էլ կարող: «Պետությունը ոչ թե պետք է մշակութային բազա ստեղծի, այլ պայմաններ, որ այդ բազան առաջանա: Մեր օրերում արվեստանոցները դիտվում են որպես արտադրական միություն, և արվեստանոցի համար վճարում են այնքան, որքան դուքան ունեցողը»,- ասաց նկարիչը:
Նրա կարծիքով` կրթական համակարգն էլ իր հերթին է մեղավոր, քանի որ հասարակությանն անգրագետ է դարձրել արվեստի ընկալման հարցում: Շահումյանը չգիտի` ինչ անուն տալ ներկայիս կրթական համակարգին: «Չգիտեմ էլ` միգուցե դրսից է այս ամենը թելադրվում: Այս ամենի արդյունքն այն է, որ ժամանցայինը մղվել է առաջին պլան, և ես արվեստագետներ գիտեմ, որոնք իրենք էլ են փոխվել` «միջավայրին համապատասխան»: Ասում են` ժողովրդին մատուցում ենք այն, ինչ սիրում է: Չկա նման բան, ժողովուրդը վերցնում է այն, ինչ տալիս ես»,- ասաց նկարիչը:
Շահումյանը ցավով է նշում, որ շատ բան ուղղակի կապկում ենք դրսից` փորձելով իբրև թե հետ չմնալ ժամանակից: Ըստ նրա` այն, ինչ դրսում էքսպերիմենտալ է և չի էլ ընդունվել տեղի մշակութային կյանքում, մեր ստեղծագործողները հաճույքով վերցնում ու սկսում են ընդօրինակել` անելով ամեն ինչ, որ այն «դառնա մերը»:
Yerkir.am-ի հարցին, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ դեր պետք է ունենան ստեղծագործական միությունները, արդյո՞ք անհրաժեշտ է նրանց գոյությունը նման` կիսամեռ վիճակով, Շահումյանը պատասխանեց, թե միությունները, այո, հիմա վերջին շնչում են, բայց իրականում շատ բան կարող են անել: «Առաջին հարվածները, երբ երկիրը փոխվեց, ստացան հենց ստեղծագործական միությունները: Խնդիրն այն էր, որ ստեղծագործող մարդիկ կուսակցություններից ավելի մեծ հեղինակություն ունեին, և մի տեսակ խանդից ելնելով էլ` արեցին ամեն ինչ, որպեսզի հեղինակազրկեն միությունները: Հիմա առավել, քան սովետական տարիներին, անհրաժեշտ են ստեղծագործական միությունները, քանի որ եթե այն տարիներին մշակույթը պետության հոգածության ներքո էր, հիմա այդպես չէ»,- նշեց նա:
Շահումյանն ասաց, որ միությունները կարևոր են նաև երիտասարդ ստեղծագործողների համար, քանի որ դրանք են հարթակ տրամադրում նրանց: