կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-28 11:59
Քաղաքական

Սոցապ-փաբ հետաքննության թունավոր հետեւանքը․ Yerevan-today

Սոցապ-փաբ հետաքննության թունավոր հետեւանքը․ Yerevan-today

Հունիսի 22-ին Աղավնաձորի ծերանոց-պանսիոնատում մասսայական թունավորման դեպք է գրանցվել, ըստ նախնական տվյալների՝ Երևանից պատվիրված սննդի պատճառով: Այս մասին նշված է yerevan.today-ի ծավալուն հետաքննության մեջ։

«Սննդի առաքումն արվել է Երևանի Պուշկինի 40 հասցեում գործող «էպիկուր» գաստրո-փաբից: Ըստ ունեցած տվյալների, այս զվարճանքի կենտրոնի հետ է նախարարությունը կնքել սննդի մատակակարման պայմանագիր, ըստ որում՝ խիստ յուրահատուկ պայմաններով։ Բայց այս մասին՝ հետո», նշում է կայքէջը:

«էպիկուր» գաստրո-փաբն, ըստ աղբյուրի,  այն պանսիոնատն է, որն արհեստական մոտիվացիայով ստեղծվել է, որ սպասարկի ծերատան՝ կորոնայից բուժված շահառուներին: Ավելի վաղ Yerevan.Today-ը տեղեկացրել էր, որ կառավարությունն արհեստական մոտիվացիայով Սոցապ նախարարությանը հատկացրել է Աղավնաձորի համալսարականական պանսիոնատը և հետն էլ՝ 150 մլն դրամ՝ պահուստային ֆոնդից․  

«Այդ մտահաղացումը կյանքի կոչելու համար, անմիջապես կանչվել է Խարբերդի մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը և նրան զուգահեռաբար երկրորդ տնօրենի կարգավիճակն է տրվել՝ պանսիոնատում բացված ծերատուն-մեկուսարանի համակարգող ղեկավար: Գրել էինք նաև պանսիոնատի գործարկման համար զավեշտալի գործարքների մասին, օրինակ՝ թե ինչպես է սոցապնախարարը տարբեր ընկերությունների հետ հապճեպ պայմանագրեր կնքել՝ ուղիղ մեկ անձից գնումով և առանց  սպասելու նախագծի հաստատմանը: Եվ այս ոչ իրավաչափ գործողությանը ուշադրություն չէր դարձվել ՀՀ ֆինաննսերի նախարարության ու Կառավարության կողմից, բայց այս մասին՝ վերջում»:

«Սոցապնախարարություն-փաբ գործընկերային կապը և դրա թունավոր հետևանքները» խորագրի ներքո կայքէջը հիշեցրել է ավելի վաղ արած հրապարակումը, որ «Պանսիոնատի շահառուներին Երևանի ռեստորանային ուտելիքով սնելու, մեղմ ասած, ոչ ընկալելի պետական մոտեցման մասին։ Որոշման հիմքերի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա, հատնի է միայն ծառայության մատուցման էքսցենտրիկ մասը:

Այսպես, «Էպիկուրի» մեքենան ամեն առավոտ  50 կմ-ից ավելի ճանապարհ է կտրում-հասնում Աղավնաձոր, որ շահառուներին ձու, թթվասեր ու թեյախոտ առաքի, ջուրը եռացվում է տեղում։ Հետո առաքիչը վերադառնում է մայրաքաղաք։ Կեսօրին շիլան ու կարտոֆիլի խյուսն  է եփվում, ապա նորից տաք սննդով բեռնված առաքիչ մեքենան ուղևորվում է Աղավնաձոր, դատարկում ու կրկին ետ է գալիս։ Երրորդ անգամ նույն՝ ավելի քան 50 կիլոմետր ճանապարհը «Էպիկուրի» անձնակազմը հոգնատանջ կտրում-անցնում է, որ մեր ծերերը ռեստորանային կամ փաբային ընթրիքը վայելեն»:

Yerevan.today-ը գրում է, որ եթե հաշվարկեն իրենց տվյալներով այս ծախսի ընդհանուր արժեքը՝ մեկ օրվա համար, ապա հիմք պետք է վերցնել սննդի համար նախատեսված օրավարձը՝ 4000 դրամ (ըստ աղբյուրի), եռահարկ  պանսիոնատի 18 հոգանոց  սպասարկող անձնակազմը և այս ընթացքում 14-23 հոգանոց շահառուների խումբը (ավելին չի սպասարկվել):

«Արդյունքում կստացվի՝

18+14 x 4000 = 128․000 դրամ (օրական)

128,000 x 30 (1 ամիս) = 3 մլն 840 հազար դրամ

18+23 հոգնանոց կազմի դեպքում = 164,000 դրամ (օրական)

164 000 դրամ x 30 (1 ամիս) = 4 մլն 920 հազար դրամ

Գումարած դրան, ամեն օր, ըստ սոցապի հետ կնքած պայմանագրի, «ԷՊԻԿՈւՐ»-ի սննդով բեռնված մեքենան 3 անգամ ավելի քան 50 կմ գնում-գալիս է, այսինքն՝ օրական ավելի քան 300 կմ, որովհետև նախարարությունը շահագրգռված է հենց «ԷՊԻԿՈւՐ»-ին տալ տենդերը, չնայած նրան, որ նախկինում պետությանը մատակարարման փորձ չի ունեցել:

Այսպես, գործարքի հիմքում բացակայում է ըստ ընթացակարգի պարտադիր հաստատման ենթակա մենյուն, որում սնունդը կհաշվարկվի ըստ տեսականու և կալորիականության: Ստացվում է, որ հստակ չափորոշիչներով ու տեխբնութագրով հաստատված սննդակարգ չի կազմվել կողմերի միջև»:

«Թունավորման  եզրակացությունը   խոցելի է» խորգրի տակ կայքէջը գրում է․

«Ահազանգից հետո մեր նկարահանող խումբը շտապեց Աղավնաձոր․ պարզվեց՝ թունավորման օրվա հաստատված մենյուն առկա չի եղել, սննդի պահանջվող մեկ լրացուցիչ բաժինը՝ ևս, որը պարադիր պետք է պահվեր նախորդ օրվանից: Կնշանակի՝ անհրաժեշտ  նմուշառուի պաշարը չի գտնվել։ Ասում են՝ չկար, բայց պետք է ուսումնասիրվեին թունավորման իրական պատճառները: Այս պայմաններում «Սննդի անվտանգության տեսչության» ու «Առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի» կողմից տրվելու է պաշտոնական եզրակացությունը։

Չենք զարմանա, եթե հանկարծ պարզվի, որ թունավորման նախորդ օրվա սննդից նմուշառման կարիք չկար, թունավորման պատճառը, ասենք, 50 կմ ճանապարհ կտրած թթվասերի շոգից թթվելն է եղել: Մինչդեռ իրականում հունիսի 22-ի նախաճաշի թթվասերից առաջ՝ նախորդ օրվա ընթրիքը, եղել է քյուֆթա: Պանսիոնատի երկու բժիշկների ինքնազգացողությունը վատացել է հենց 22-ի առավոտյան, ենթադրաբար՝ ընթրիքից ժամեր հետո (այս մասին խոսվում է տեսնյութում): Որպես կանոն, հաստատություններում պարտավոր են 48-ից 72 ժամ, պահապանել տրված սննդից մեկ բաժին, նման դեպքերի համար։ Անհրաժեշտ պայման է նաև, մատակարարի դեպքում, հատուկ ջերմային ռեժիմ պահպանող մեքենա ունենալ, առաքման համար, ինչը ևս անհայտ է, եղել է թե ոչ։

Ընդգծենք, այս մարմիններից նմուշառումներ վերցնելու մասին ինֆորմացիան, ամեն դեպքում, խիստ հակասական է․ առողջապահության նախարարությունը պնդում է, որ վերցվել է անհրաժեշտ պաշար, մինչդեռ ՍԱՏՄ-ից կցկտուր հերքում են՝ ասելով, որ սննդի մնացորդներ չեն եղել։ Իսկ տնօրեն Հարություն Բալասանյանը Yerevan.Today-ին հայտնել է, որ նմուշառու վերցվել է բացառապես հունիսի 22 –ի նախաճաշից և թունավորումից տուժած անձնակազմից կենսաբանական նմուշառումներ։ Ընդգծենք՝ պաշտոնական եզրակացությունը ևս չկա»:

Վկայակոչելով կից տեսանյութը, կայքէջը գրում է, որ ահազանգ շտապօգնություն, ոստիկանություն և ԱԻՆ չի արվել, դիմել են միայն ՍԱՏՄ և ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոն։

«Ծածկադմբոց արված թեման, ոստիկանություն ահազանգ չանելը ու մի շարք հակասություններ  հուշում են հնարավոր ներքին պայմանավորվածությունների մասին: Հիմնավոր կասկած կա, որ սոցապնախարարությում գործող անձինք մասնավոր շահի են ծառայել։ Ո՞ւմ․ հուսանք՝ կպարզենք:

Ինչո՞ւ է լռում թունավորման իրավիճակի թիվ 1 պատասխանատուն

Այսօր 6-րդ օրն է... Պանսիոնատում հետկորոնային սպասարկում ստացող ծերատան շահառուների և նրանց սպասարկող ողջ անձնակազմի թունավորման դեպքի մասին պաշոտանական ինֆորմացիա չկա: Ստեղծված իրավիճակի թիվ 1 պատասխանատու Սոցապնախարարությունը լուռ է, նույնիսկ հիմա, երբ ծերանոցի թունավորման ինֆորմացիոն արտահոսքը կա, ու մեծ աղմուկ է բարձրացել: Նախարար Բաթոյանին, որպես նախկին լրագրողի, խոսելու չդրդեց անգամ նախօրեի միջադեպը, որ ծագել էր թունավորման հետքերով «էպիկուր» հասած  հետաքննող լրագրողիս աշխատանքը  գործարարի կողմից  խոչընդոտելու արդյունքում:

ԸՆԴԳԾԵՆՔ՝Զարուհի Բաթոյանի գլխավորած նախարարությունը 6 օր շարունակ հարկ չի համարում թունավորմումից տուժածների վիճակի մասին գոնե ինֆորմացիա տարածել, բայց ծերատան շահառուները, ի վերջո իր պաշտպանության տակ են, նրանք ամենից անպաշտպան խավն են մեր երկրում, նրանց «տերը» սոցապնախարար Զարուհի Բաթոյանն է ի պաշտոնե, ու պետությունը՝ ի դեմս կառավարության:

Նկատենք, մինչ այս պահը լուռ են, նաև Սննդի անվտանգության տեսչությունն ու Առողջապահության նախարարությունը, իսկ ոստիկանությունում, պարզվում է, դեպքի առթիվ ընդանհրապես ահազանգ  չի արվել:

Նշենք նաև, որ Պանսիոնատում Սոցապի շահառուների թունավորման դեպքը՝ ուշագրավ մանրամասներով հանրայնացրեց Yerevan.Today-ը, այն էլ՝ իր աղբյուրին հղում անելով: Բանն այն է, որ այդ օրը սոցապից մեր զանգերին պատասխանող չեղավ: Հիմա կտրուկ պայման է դրվել՝ թունավորման դեպքին ու պանսիոնատի գնումներին առնչվող հարցերն ուղղել բացառապես գրավոր, հետաքննող լրագրողի հետ դեմ առ դեմ այս թեմայի շուրջ պարզաբանում տալը կտրականապես մերժվում է։

Ի դեպ, տեղեկություն կա, որ թունավորման պատճառ դարձած սննդի մատակարաման տակ իրավական հիմքեր չկան կամ դրանք թերի են, այսինքն՝ գործն արվել է, բայց փաստաղթերն ամբողջական չեն կազմվել: Ենթադրվում է՝ իրավական հիմքերի թերի են, որովհետև նախարարությունն անհարկի շտապել էր շահագործել պանսիոնատը ու գնումներ անել՝ առանց սպասելու նախագծի հաստատմանը, կառավարության համապատասխան որոշում չկար: Այսպես՝ 2020, հունիսի 2-ին բանավոր խոսքի հիման վրա Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսանողական պանսիոնատը հատկացվել է Սոցապին, իսկ Կառավարության համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 15-ին։

Մինչդեռ 12 օր առաջ՝ հունիսի 3-ից, այստեղ արդեն իսկ աշխատանքի է ընդունվել մի ամբողջ անձնակազմ․ երկուսը Երևանից առաքվող ուտելիքը դռան մոտից ներս բերող, տարաներն ու տոպրակները հավաքող, 3 բժիշկ, 3 բուժքույր, 4 դայակ, 4 մաքրուհի, վարորդ ու մեկ համակարգող տնօրեն: Պանսիոնատի սպասարկող անձնակազմի հետ կնքվել են քաղիրավական պայմանագրեր (հայտնի չէ՝ ով է հանդես եկել որպես պետության կողմ): 

«Նոր ծերատուն՝ պանսիոնատում. Ի՞նչ արժեր «գաղափարը»» խորագրի տակ Yerevan.today-ը հիշեցնում է,  որ կառավարությունում վարչապետ-Բաթոյան կարճ հանդիպումից հետո վարչապետը համաձայնել է մի նախագիծ ֆինանսավորել, որն այսօրվա սոցիալական ծանր պայմաններում պահուստային ֆոնդից պետք է «խլի» 150 մլն․ դրամ:

«Խոսքը հենց այս պանսիոնատի մասին էր․ ծերատուն-պանսիոնատ՝ հետկորոնային սպասարկման համար։ Պարզ ասած՝ որ  հիվանդանոցից դուրս գրվող ծերանոցի շահառուները կազդուրվեն այստեղ մի քանի օր ու մաիանգամից չվերադառնան տուն-ինտերնատ:

Սա, ի սկզբանե, եղել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Բաթոյանի գաղափարը, և ահա այս պարզունակ պատճառաբանությունը վարչապետը, ենթադրաբար, համարել է լրիվ հիմնավոր, անմիջապես բավարարել է տիկին Բաթոյանի պահանջը և ԿԳՄՍ-ին պատկանող Աղավնաձորի համալսարանական հյուրատունը՝ եռահարկ շենք՝ իր ողջ հարմարություններով, հատկացրել է Սոցապ նախարարությանը: 

Այսինքն՝ որոշվել է ՍՏԵՂԾԵԼ ՄԵԿՈւՍԱՐԱՆ՝ ՊԱՐԵՏԱՏԱՆ ԿՈՂՄԻՑ կորոնա-սպասարկող բոլոր  ՄԵԿՈւՍԱՐԱՆԱՆԵՐԸ ՓԱԿԵԼՈւ ՈՐՈՇՈւՄԻՑ ՀԵՏՈ, և սա այն դեպքում, երբ սոցապնախարարությունը մինչ այդ արդեն իսկ ստեղծել էր ևս մեկ կարանտինային վայր իր միջոցների հաշվին։ Խոսքը Բյուրեղավանում լուծարված գիշերօթիկի մասին է, որն այդպես էլ  կիսադատարկ էր մնացել, Մարի Իզմիրլյանի անվան մանկատան վարակակիր մի քանի մասնագետից բացի ոչ ոք այնտեղ ոտք չի դրել:

Որքանո՞վ էին իրավաչափ առանց նախագծի հաստատման ու առանց սպասելու կառավարության որոշմանը՝ Աղավնաձորի պանսիոնատի համար դուրս գրվող ծախսերը, ի՞նչ միջոցների հաշվին էին դրանք կատարվում, ո՞ր կառույցի հաշիվներից և որքանո՞վ էր նախարարությունն ապահովում գնումների գործընթացի մրցակցային լինելն ու թափանցիկությունը, այս հարցերի պատասխանները մինչ օրս չգիտենք: Աղբյուրից ստացված ու դեռևս չճշտված տեղեկության համաձայն՝ գնումների համար ծախսերի որոշ մասը փոխանցվել է Նորքի տուն-ինտերնատի հաշիվներից՝ անհայտ է նաև ինչ իրավական հիմքերով: Տվյալ ծերանոցի տնօրեն Արթուր Մելքոնյանը համառորեն խուսափում է պատասխանել Yerevan․today-ի հարցերին։ Ասում են՝ որոշ փաստաթղթեր այդպես էլ չեն ստորագրվել»:  

«Փոփոխություն՝ նախագծում» խորագրով ամփոփման մեջ հետաքննության հեղինակը նշում է, որ Աղավնաձորում պանիսոնատ ունենալու նախագիծը, ինչպես հետագայում պարզվեց՝ մինչ հաստատումը կրել է որոշակի փոփոխություն, ըստ որում՝ շատ տարօրինակ․ այն է՝ ընդլայնել այստեղ սպասարկվելու իրավունք ունեցողների շրջանակը: Պաշտոնապես որոշման մեջ նշվում է՝

«Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման և այլ միջոցառումների իրականացման շրջանակներում տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունները կազմակերպելու նպատակով ստեղծել «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության Աղավնաձորի մասնաճյուղ»: