կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-02-14 11:00
Հասարակություն

1915-ին գերդաստանս զոհվել է, միայն ես եմ մնացել ու ավետարանս

1915-ին գերդաստանս զոհվել է, միայն ես եմ մնացել ու ավետարանս

Վիլեն Նուրիջանյանի վկայությունը

Վան

 

Վիլեն Նուրիջանյանը պատմում է  իր ընկերոջ՝ Տիգրանի  հետ կատարված մի դեպք: Տիգրանը Վանում մի թուրք գյուղացի ծերունուց  խնձոր է ցանկանում գնել և ընկերոջ հետ հայերեն է խոսում: Ծերունին նրանց իր տուն է տանում ու սնդուկում խորը պահված Ավետարան ցույց տալիս: Տղաներն այն ցանկանում են գնել, ծերունին պատասխանում է, որ փոքր ժամանակ ինքն էլ է նրանց լեզվով խոսել: 1915թ.-ին իրենց գերդաստանը զոհվել է, միայն ինքն է մնացել և այս գիրքը: Հետո իրեն տարել են թուրքական որբանոց, թլփատել, թուրք դարձրել, և ինքը մոռացել է իր լեզուն: Ավետարանն իր տան միակ սրբությունն է:

 

«Երբ ես Հալեպ գնացի, իմ ընկեր Տիգրանն ինձ պատմեց իր հետ կատարված շատ հուզիչ մի դեպք: Ինքն իր ընկերոջ հետ վիդիո կամերայով կերթան Թուրքիա որպես տուրիստ` Արևմտյան Հայաստանի տարածքները, վանքերն ու եկեղեցիները նկարահանելու: Մոտենում են Վանին, որը Պատմական Հայաստանի մայրաքաղաքներից է եղել: Տեսնում են փողոցի անկյունում մի թուրք գյուղացի ծերունի խնձոր է ծախում: Տղաները ցանկանում են խնձոր գնել: Մեկը մյուսին հայերեն ասում է. «Տեսնեմ մոտս մանր ունեմ»:

 

 

Այդ միջոցին խնձոր ծախող ծերունին լսում է նրանց խոսակցությունը և ասում. «Դուք ուրիշ լեզվով խոսեցիք, եկե՛ք իմ ետևիցս»: Նրանք գնում են ծերունու ետևից, հասնում են նրա տունը, ներս են մտնում: Ծերունին փակում է դուռը, բացում է հնադարյան մի սնդուկ: Սնդուկի մեջ ինչ որ կա, դուրս է շպրտում, խորքից հանում է մի գիրք: Հայ տղաները տեսնում են, որ այն հայերեն մի Ավետարան է: Նրանք ծերունուն ասում են. «Ի՞նչ տանք, որ այս գիրքը մեզ ծախես»:

 

 

Ծերունին մի փոքր լռում է ու ասում. «Փոքր ժամանակ ես էլ ձեր լեզվով եմ խոսել: 1915-ին մեր գերդաստանը ամբողջ զոհվեց: Մեր տնից միայն ես և այս գիրքը փրկվանք: Հետո ինձ տարան թուրքական որբանոց, թլփատեցին, թուրք դարձրին, ես մոռացա իմ լեզուն, որով գրված է նաև այս գիրքը: Սա իմ տան միակ սրբությունն է: Այն ես չեմ կարող ծախել, քանի որ իմ հարազատ տղաս դաշտում աշխատում է: Ամեն օր նա գալիս է տուն, էս գիրքը հանում, պաչում ու տեղն է դնում: Տղաս երբ դաշտից գա և տեսնի էդ գիրքը չկա, նա իր ազգային ինքնությունը կմոռանա»:

 

Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 375, էջ 559-560:

 

 

Աղբյուրը` armeniangenocide100