կարևոր
9130 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-30 14:36
Քաղաքական Արցախ

Այնքան կարմիր գծեր են ոչնչացվել, ջնջվել, գույները փոխվել, որ մնացել է միայն մեկը․ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Դավիթ Բաբայան

Այնքան կարմիր գծեր են ոչնչացվել, ջնջվել, գույները փոխվել, որ մնացել է միայն մեկը․ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Դավիթ Բաբայան

Իրավիճակը չի փոխվել, Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը, ճիշտ է Լիսագոր-Շուշի հատվածը ճանապարհ կոչել պետք չէ, արահետի պես մի բան է, որտեղ իրենք առաջ են եկել և տեսանելիություն ունեն, բայց ռուս խաղաղապահ ստորաբաժանումներն են այդտեղ նաև այլ պռովոկացիաներ թույլ չտալու համար։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում, ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակը, ասաց Արցախի նախկին ԱԳ նախարար, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Թշնամին անընդհատ կրակում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնողների վրա՝ Սոս գյուղում էլ, Ամարասի հատվածում էլ։ Նրանք փորձում են թույլ չտալ, ահաբեկել գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը»,- ասաց նա։

Անդրադառնալով Գորիս-Ստեփանակերտ հատվածի փակմանը` նախագահի խորհրդականը նշեց, որ Հայաստանից-Արցախ նոր ճանապարհը կառուցվել է․

«Մի փոքր փոխվել է ՀՀ-ից դեպի Արցախ ճանապարհը, հիմա ոչ թե Տեղ գյուղով է ճանապարհն անցնում, այլ՝ Կառնիձորով, բայց անկախ ամեն ինչից ճանապարհը լիարժեք չի օգտործվում, քանի որ Շուշիի հատվածը փակ է։ Ճանապահրը օգտագործվում է Կարմիր Խաչի, ՌԴ խաղաղապահների կողմից միայն մարդասիրական նպատակներով, բայց որևէ ձևով դա չի փոխում Արցախում իրավիճակը,  չի դադարեցվում Արցախի շրջափակումը, բայց նաև չի խոչընդոտվում այդ սահմանափակ քանակությամբ մեքենաների երթևեկությունը դեպի Արցախ և ՀՀ, այսինքն ճանապարհը գործում է, ուղակի՝ այլ ուղությունով»,- ասաց նա։

Նախկին նախարարը նշեց, որ Արցախում շատ բարդ է իրավիճակը, որը շարունակվում է արդեն 3 ամիս․

«Լավ է գոնե ՌԴ խաղաղապահների, Կարմիր Խաչի շնորհիվ ամենածանր հիվանդներին կարողանում ենք հասցնել Հայաստան, գոնե իրենց փրկում, բայց իրավիճակն իսկապես բարդ է։ Բացի դրանից, տեսնում ենք նաև Ադրբեջանի շտապողականությունը, կարծես թե ինչ-որ բաներ է ուզում իրականացնել՝ հասկանալով, որ ժամանակն իրենց դեմ է աշխատում և այդ ագրեսիվ պահվածքին զուգահեռ տեսնում ենք միջազգային հանրության ոչ լիարժեք պատասխանը, և այս ամենը, ագրեսիան ինչ-որ կերպ իրենց մոտ խրախուսվում է՝ ուղղակի կամ անուղղակի ձևով։ Բայց այնուամենայնիվ պետք է կանգնենք, պաշտպանվենք, պայքարենք, որովհետև պայքարը չի վերջացել, նոր էջ է բացվել ուղղակի»,- նշեց նա։

«Խաղաղության օրակարգի» վերաբերյալ  նախկին նախարարը նշեց, որ խաղաղությանը բոլորն էլ կողմ են, բայց խաղաղ կարգավորումը պետք է ունենա նախադրյալներ․

«Մենք այդ նախադրյալները չենք տեսնում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Հիմա նրանք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում պաշտոնական օրակարգի մի մաս են դարձրել «Արևմտյան Ադրբեջանը», իսկ «Արևմտյան Ադրբեջանը» դա Երևանն է` ըստ իրենց։ Մենք տեսնում ենք այս ամենը և հետևաբար այդ խաղաղ օրակարգը, եթե կողմերից մեկը դեմ է, բարդ է իրականացնելը։ Պատմության մեջ մեկ դեպք է եղել միայն, երբ խաղաղ պատասխանը բիրտ ուժին հաջողություն է ունեցել, դա եղել է Հնդկաստանում, բայց այդ ժամանակ խաղաղ պատասխանի կողմնակիցները 100 անգամ ավելի շատ էին, քան բիրտ ուժ կիրառող բրիտանացիները, իսկ երբ հակառակն է լինում, դա բնականաբար որևէ շոշափելի կամ լավ արդյունքի չի կարող բերել, որովհետև ագրեսորը չի դադարեցնում իր ագրեսիան, մենք տեսնում ենք՝ ինչ է անում»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Անդրադառանալով երկար ժամանակ ՀՀ իշխանությունների կողմից ներկայացրած խաղաղության պայմանագրին` Բաբայանը նշեց, որ անկախ նրանից այդ պայմանագիրը ռուսական է, արևմտյան, արևելյան, թե՝ հյուսիսային, մենք պետք է մեր սկզբունքայնությունը ունենանք․

«Հիմա մնացել է միայն մեկ սկզբունք, կարմիր գծերի մասին արդեն չեմ ուզում խոսել, այնքան կարմիր գծեր են ոչնչացվել, ջնջվել, գույները փոխվել, որ մնացել է միայն մեկը, դա այն է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Հայաստանը չի կարող ընդունել Արցախը Ադրբեջանի կազմում, հայությունը չի կարող դա անել, որովհետև դրանից հետո լրիվ բարոյազրկվելու ենք, կորցնելու ենք իրավունքը ազգ-պետություն կոչվելու, սա լոկ խոսքեր չեն, սրան գործընթացներ են հետևելու նույն Ադրբեջանի կողմից, մեզ լրիվ նվաստացնելու, ամեն ձև ճնշելու, վերացնելու մասով և արդեն իրենք լեգիտիմ հիմքեր են ունենալու։ Ցանկացած առաջարկ պետք է ընդունել սառնասրտորեն, քաղաքակիրթ ձևով և սկզբունքային ձևով պատասխանել, որ սա մեզ համար ընդունելի է, սա՝ ոչ։ Սկզբունքայնությունը միշտ անցնում է անկախ ամեն ինչից»,- ասաց նա։

Նա ավելացրեց, որ ամենակարևոր սկզբունքն ու հրամայականն այն է, որ պետք է ինքնամաքրվենք,  քանի որ առանց դրա ոչինչ չի ստացվելու։

Լ․Ա․