Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 25-ին` ժամը 19-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգում տեղի կունենա «Չտեսնված Մհերը» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցելու համար կանայք պետք է հագնվեն 70-ականների ոճով, իսկ տղամարդիկ պետք է լինեն սմոքինգներով: Մուտքը գրքով է:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մհեր Մկրտչյանի այրին` Թամար Հովհաննիսյանը, նշեց, որ գիրքը ստացվել է իր պատկերացրածին մոտ: Գրքում ընդգրկված է 262 լուսանկար, յուրաքանչյուր լուսանկարին հաջորդում է լուսանկարի պատմությունը ներկայացնող տեքստ: Գիրքը եռալեզու է` հայերեն, ռուսերեն և անգլերեն: Այն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը, խմբագիրը Զավեն Բոյաջյանն է:
«Գրքի միջոցով մի շարք քնած շերտեր են բացվել հիշողության մեջ: Գրքում փորձել եմ ներկայացնել այն Մհերին, որն ամենամոտն է Մհերին: Սա է Մհերը` այն, ինչ ներկայացրել եմ: Մինչ այս Մհերի մասին այն ամենը, ինչ հրատարակվել է, շատ դաժան ձևով ոչ մի կապ չի ունեցել իրական Մհերի հետ: Երբ ողջ էր, այդ ժամանակ էլ նրա շուրջը պտտվող պատմությունները չէին համապատասխանում նրա իրական կերպարին: Իմ տեսած ու ճանաչած Մհերն ամենամոտն էր գրքում ներկայացված Մհերին»,- ասաց Հովհաննիսյանը:
Իսկ այն, որ մեծ արտիստի մասին գրքերը քիչ են, նրա կարծիքով, պայմանավորված է այն փաստով, որ Հայաստանում թատերագետ չկա, թատրոն իմացող չկա: Մինչ այդ գրքերում Մկրտչյանին նկարագրում էին այնպես, որ նա, ըստ Հովհաննիսյանի, դարձել էր բրենդ, որը վաճառում էին:
Գրքի խմբագիր Զավեն Բոյաջյանն էլ նշեց, որ գիրքը կարելի է բնութագրել որպես բացառիկ և յուրահատուկ մի աշխատանք, քանի որ նման որակի գրքեր շատ քիչ կան: Ըստ նրա` գիրքը ներկայացնում է փաստական նյութեր` հարյուրավոր լուսանկարների միջոցով, որոնք առաջին անգամ են ներկայացվում:
«Լուսանկարների մեկնաբանությունները ներկայացնում են Մհերի կյանքի մասին բացառիկ պատմություններ, դրանց միջոցով մարդու և արտիստի գործունեությունն է լուսաբանվում, ինչպես նաև շրջագայությունները` ԱՄՆ, Ֆրանսիա, որոնց մասին քիչ հրապարակված նյութեր կան: Գրքի առանձնահատկություններից է նաև գրքի հղացքը, քանի որ սա սովորական ալբոմ չէ` ինչպես լուսանկարները, այնպես էլ տեքստը, համարժեք կարևոր են: Պակաս կարևոր չէ նաև գրքում` նկարի և տեքստի մատուցման սկզբունքը, քանի որ դրանք ճշգրիտ տեղեկություններ են պարունակում, քանի որ, այո, Մհերի մասին գրքերը հեղեղված են անճշտություններով»,- ասաց Բոյաջյանը:
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` մինչ այս մեծ արտիստին այնպես էին նկարագրում, որ նա դարձել էր կուռք, իսկ այս գրքի միջոցով նա շարունակում է ապրել, քանի որ գրքում մեծ տեղ է հատկացված Մկրտչյանի` մարդկային կողմերին: «Գրքի ծնունդն, առհասարակ, երեխայի ծնունդի նման է` երբեք չես կարող հստակ պլանավորել` երբ լույս կտեսնի: Պետք է ասեմ, որ վերջին մեկ ամսում Թամար Հովհաննիսյանն արդեն հույսը կորցրել էր, որ այն կարող է լույս տեսնել, քանի որ տիտանական աշխատանք էր կատարվում դրա վրա: Միայն կազմը 6-7 անգամ փոխել ենք` մինչև ընտրել ենք վերջնական տարբերակը: Աշխատանքը սպանիչ էր, բայց` հաճելի»,- ասաց նա: