Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռեւս 2012 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ, երբ նշվում էր, թե բյուջեի մուտքերը պետք է ավելացվեն 101 մլրդ դրամով, թեժ քննարկումներ ու բանավեճեր սկսվեցին: Կառավարության ու իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ էլ հավաստիացնում էին, թե այդ մուտքերի ապահովումը չի ծանրանա փոքր ու միջին բիզնեսի վրա:
Երեկ, հանդես գալով ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ հանդիպմանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հիմնականում գոհունակություն հայտնեց ՊԵԿ աշխատակիցների աշխատանքից: Իսկ պետբյուջեի մուտքերն ավելացնելու վերաբերյալ էլ նշեց. «Բոլորս հիշում ենք, թե ինչպես էին շատերը խոսում, որ անհնար է մեկ տարվա ընթացքում եկամուտներն ավելացնել 101 մլրդ դրամով: Բայց, փառք Աստծո, նաև այս անգամ այդ փլուզում գուժող մարդկանց ասածները չիրականացան, և դուք կարողացաք կատարել այդ ցուցանիշը»:
Թերեւս, նախագահին հետաքրքիր էլ չէ, թե այդ ինչպես կարողացավ ՊԵԿ-ը իրականություն դարձնել այս ցանկությունը, այն դեպքում, երբ 2012 թ. բյուջեի մուտքերի նախատեսված 100 մլրդ դրամ աճ նպատակադրելու ժամանակ, նույնիսկ ՊԵԿ ղեկավարությունն էր կասկածներ հայտնում, թե հարկային եկամուտների նման հավելաճ ապահովելը հնարավոր կլինի:
Արդեն հաստատված է ՀՀ 2013 թ. պետական բյուջեն, որով այս անգամ հարկային եկամուտների պլանը կրկին ավելացվել է մոտ 120 մլրդ դրամով: Այս նպատակին հասնելու համար կառավարությունը պատրաստվում է եկամտային հարկի դաշտում ներառել նաեւ զինծառայողներին, նրանց հավասարեցված անձանց ու փրկարարական ծառայության ծառայողներին, որով կառավարությունը փորձելու է հավաքագրել լրացուցիչ 32 մլրդ դրամ:
Վարչարարական միջոցառումների խստացման շնորհիվ 2013 թ. նախատեսվում է հավաքագրել եւս մոտ 32 մլրդ դրամ լրացուցիչ հարկ: Իսկ մնացա՞ծը…
Արդեն այս տարվա սկզբի որոշ իրադարձություններից կարելի է եզրակացնել, թե ինչ մեխանիզմներով է կառավարությունը մտադրվել ապահովել բյուջետային մուտքերի աճը. ընդունվեց օրենք, որով ատամնաբուժարանները, հարկերից բացի, յուրաքանչյուր առկա աթոռի համար պետք է վճարեն 60-100 000 դրամ: Պարզվում է` հայ ձկնաբույծներն էլ են հայտնվել մեր կառավարության հարկահանության ու բյուջետային մուտքերի քաղցը հագեցնելու թիրախում, եւ քննարկվում է ձկնբուծարանների հողերի նշանակության փոփոխման հարցը: Այդ պարագայում գյուղնշանակության հողերը պետք է փոխվեն արտադրականի և պետք է վճարվի կադաստրային արժեքը` 1 քառ մետրի համար 520-ից մինչև 1950 դրամ: Զարմանալին այն է, որ ձկնաբուծությունը եւս գյուղնշանակության արտադրանք է, հետեւաբար` ինչո՞ւ պետք է փոխվի հողի կատեգորիան:
Լավ` մի քանի միլիոն էլ զինվորականներին, փրկարարներին, ատամնաբույժներին ու ձկնաբույծներին կեղեքելով ապահովեցիք, իսկ հետո՞… Հետո մի քանի ատամնաբուժարաններ ու ձկնաբույծ էլ կսնանկանան, նրանց աշխատակիցներն էլ կդառնան գործազուրկ եւ այլն, ու էլի դժգոհների, երկիրը լքողերի թիվը կաճի` հանուն բյուջետային եկամուտների աճի:
Այս ամենն այն դեպքում, երբ հանքարդյունաբերությունը, կարելի է ասել, հարկային դաշտից դուրս է մղված: Այս համակարգի համար գործում են սովորական հարկատեսակները, օրինակ` աշխատավարձերից եկամտահարկ, շահութահարկ և այլն: Սակայն աշխարհում այլ փորձ կա: Հանքարդյունահանողներն ամբողջ աշխարհում ստիպված են այն երկրին, որտեղ հանքեր են շահագործում, հասցված վնասների փոխհատուցում անել: Խոսքը էկոլոգիական և այլ վնասների մասին է: Հայաստանում նույնպես, ըստ օրենքի, պետք է այդպես լինի: Սակայն ՀՀ-ում կան մոտ 500 շահագործվող հանքեր` մետաղական և ոչ մետաղական, և դրանցից ոչ մեկը երկրին, բնությանը հասցված վնասը չի հատուցում:
Միայն մեկ օրինակ բերենք. ինչպես բազմիցս նշել է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, միայն 2012 թվականին Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը 20 մլն տոննա հանքանյութ է վերամշակել: Դրանից մոտ 19.5 մլն տոննա պոչանք է առաջանում: Յուրաքանչյուր տոննա պոչանքի համար, որպես ծանր մետաղներ պարունակողի, «Բնապահպանական վճարների դրույքաչափի մասին» ՀՀ օրենքով հանքը շահագործողները պետք է մուծեին 48 հազար դրամ: Սանասարյանի հաշվարկներով` մոտավորապես 950 մլրդ դրամ միայն այդ թափոնների համար պետք է պետական գանձարան մուծվեր, բայց իրականում վճարվել է 0 դրամ: Ու հսկայական գումար, փաստորեն, որ կարող էր մտնել ՀՀ պետական բյուջե, չի մտնում:
Իսկ տվյալ տարվա բյուջեով նախատեսված մուտքերն ապահովելու համար ՊԵԿ հարկային աշխատակիցները ստիպված վերածվում են հարկահանների` դռնեդուռ են ընկնում ու սկսում պլոկել` ում կարող են, բացի խոշոր խաղացողներից…
Գեւորգ ԱՎՉՅԱՆ